- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կինոաստղ և ՄԱԿ-ի Փախսստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան Անժելինա Ջոլին մարդասիրական առաքելությամբ այցելել է Լվով:
Երկաթուղային կայարանում Ջոլին շփվել է Դոնեցկի շրջանից տարհանվածների, նրանց ուղեկցող կամավորների և բժիշկների հետ:
ՄԱԿ-ում նշել են, որ Անջելինա Ջոլին մասնավոր նպատակով է մեկնել Ուկրաինա, նրա բարեգործական առաքելության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Պատերազմի առաջին օրվանից Ջոլին դատապարտել է Ռուսաստանի հարձակումը և արևմտյան երկրներին կոչ է արել օգնել ուկրաինացի փախստականներին:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Ազգային գվարդիան այսօր տեսանյութ է տարածել, հաղորդելով, որ Իզյում քաղաքի մոտ ռուսական զինտեխնիկայի շարասյուն է ոչնչացվել։
Տեսանյությում շարասյունն ընկնում է հրետանային նշանառու կրակի տակ, զինտեխնիկայի տասնյակ մեքենաներ են պայթում, որոնց վրայից ծխի քուլաներ են բարձրանում։ Ըստ հաղորդագրության, ոչնչացվել են 30 տանկեր, զրահամեքենաներ և մարտական մեքենաներ։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ամենօրյա հաղորդագրությամբ այսօր հայտնել է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում փորձել են գրավել Լիման, իսկ Լուգանսկի մարզում Սևերոդոնեցկ և Պոպասնայա բնակավայրերը, բայց նրանց գրոհները հետ են մղվել, մարտերը շարունակվում են։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Դոնեցկի արվարձանում գտնվող առևտրային շուկայում պայթյունների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։
Երեք պայթյունները որոտացել են Տեքստիլշչիկ շրջանի երկու շուկաներում, կեսօրի սահմաներում: Ոստիկանության քրեական ծառայության աշխատակիցների հետ տեղում աշխատում են նաև պայթուցիկ նյութերի մասնագետներ՝ պարզելու, թե ինչ զենքով է կատարվել հարձակումը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ անցած գիշերը գերճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական 5 օբյեկտների, այդ թվում՝ վառելիքի և զինամթերքի 4 պահեստներ։ Այս մասին ամենօրյա տեղեկատվական հաղորդագրությունում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Հրթիռակոծման ենթարկված նրա նշած պահեստներից երկուսը գտնվում են Դոնեցկի մարզում, մեկը՝ Դնեպրոպետրովսկի, իսկ չորրորդը՝ Խարկովի մարզում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիան սպասում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների վերցերորդ փաթեթի հաստատմանը: Այդ մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:
«Ռուսաստանի վրա ճնշումը կշարունակվի ոչ միայն Ուկրաինային նոր զինատեսակներ տրամադրելու, այլև նոր սանկցիաներ ընդունելու եղանակով: Մենք կշարունակենք ճնշում բանեցնել»,- ասել է Լեժանդրը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր այցելել է նախօրեին ռուսների կողմի հրթիռակոծված թաղամաս: Նա ասել է, որ մայրաքաղաքը դեռ ռուսների համար թիրախ է մնում և կարող է ենթարկվել նոր գրոհների:
«Կիևը վտանգավոր տեղ է և ռուսների թիրախն է: Նրանք ուզում են զավթել մայրաքաղաքը, դա է նրանց նպատակը: Բայց նրանք շանս չունեն, որովհետև ուկրաինական ուժերը, Ուկրաինայի բանակը խափանում են ռուսների այս ծրագրերը: Սակայն հիմա կա գրոհների վտանգ, և իմ խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է: Մենք չենք կարող վստահ երաշխավորել, թե առաջիկա րոպեներին, ժամերին կամ օրերին նոր հարվածների չենք ենթարկվի»,- ասել է Վիտալի Կլիչկոն:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևում նախօրեին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։
Ուկրաինական մայրաքաղաքի վրա հրթիռային հարված է հասցվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի Կիևում գտնվելու ժամանակ։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրթիռների թիրախում են հայտնվել ինչպես ռազմական կառույցներ, այնպես էլ բնակելի շենք։
Գիրիչի մարմինը գտնվել է բնակելի շենքի փլատակներում։ Վերա Գիրիչը «Ազատության» կիևյան բյուրոյում աշխատում է 2018 թվականից, մինչ այդ աշխատել է ուկրաինական առաջատար հեռուստաընկերություններում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում ադրբեջանական դեսպանությունը մեկուկես ամիս տևած դադարից հետո վերադարձել է Կիև:
Հաշվի առնելով Ուկրաինայի մայրաքաղաքում պատերազմի բերումով ստեղծված բարդ իրավիճակը՝ Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները մարտի 8-ին տեղափոխվել էին Լվով:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ, ձայների ճնշող մեծամասնությամբ, հավանություն է տվել Lend-Lease օրինագծին, որը կոչված է զգալիորեն պարզեցնելու Ուկրաինային ԱՄՆ-ից զենք մատակարարելու ընթացակարգը։
Փաստաթղթին կողմ է արտահայտվել Կոնգրեսի 417 անդամ՝ երկու կուսակցություններից, մինչդեռ դեմ են արտահայտվել միայն 10-ը։ Այժմ այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։