- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Մոսկվան փորձում է «ոչնչացնել» Ուկրաինան, տեղական լրատվամիջոցներին ասել է Վլադիմիր Զելենսկին։ Կիևը չի կարող կատարել ռուսական վերջնագրերը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
«Նախ մեզ պետք է ոչնչացնել, հետո նրանց վերջնագիրը կիրականացվի։ Ռուսները ցանկանում են, որ Ուկրաինան հանձնի Կիևը, Խարկովը, Մարիուպոլը, սակայն ո՛չ ուկրաինացի ժողովուրդը, ո՛չ ես՝ որպես նախագահ, չենք կարող դա անել», - հայտարարել է Զելենսկին:
Երեկ Պենտագոնը մեղադրել է ռուսական ուժերին Ուկրաինա արյունալի ներխուժման ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ հայտնելով, որ ապացույցները հավաքագրվում են։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևո»-ն, գրեթե չի գործում:
Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:
Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը մտադիր է աստիճանաբար՝ երկու տարում հրաժարվել ռուսական գազից: Այդ մասին երեկ Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների ժողովից հետո ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զբիգնև Ռաուն:
Նրա խոսքով, փորձագետները կարծիք են հայտնել, որ Եվրոպական միության պարագայում ռուսական էներգակիրներից հնարավորինս արագ հրաժարվելու իրատեսական ժամկետը մոտ երկու տարի է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանի վճռով Meta Platforms ամերիկյան մեդիաընկերությունը և դրա հիմնադրած Facebook և Instagram սոցիալական ցանցերը ճանաչվել են ծայրահեղական: Դրանց գործունեությունն արգելվել է:
Ռուսաստանի դատախազությունն օրեր առաջ հայտարարել էր, որ Meta ընկերությունը նպաստում է աշխարհում Ռուսաստանի նկատմամբ ատելության աճին և Ռուսաստանի ներսում թշնամանքի տարածմանը:
"Роскомнадзор"-ը` Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը, պաշտոնապես արգելել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տեղադրել, ցուցադրել և հիշատակել Meta Platforms Inc. ընկերության և դրան պատկանող Facebook և Instagram սոցցանցերի պատկերանշանները:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Այսօր երեկոյան Կիևում և հարակից շրջաններում կրկին 36-ժամյա պարետային ժամ է հայտարարվում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Թշնամի շարունակում է գրոհել մայրաքաղաքը։ Պարետային ժամի պայմանները Կիևում խստացվելու են։ Պարետային ժամը գործելու է այսօր երեկոյան ժամը 8-ից մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 7-ը։ Վաղը չեն աշխատելու խանութները, դեղատները, բենզալցակայաններն ու այլ հաստատությունները», - հայտարարում էր Կլիչկոն՝ նշելով, որ քաղաքում տեղաշարժվելու իրավունք ստանալու են միայն հատուկ անցագիր ունեցող մարդիկ և տրանսպորտային միջոցները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Չնայած բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացին, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա խոր անջրպետը պահպանվում է, այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշակի առաջընթաց թեև կար, այնուհանդերձ հիմնարար խնդիրների շուրջ տարաձայնությունները շարունակում են շատ լուրջ բնույթ կրել։ Մենք աշխարհի տարբեր երկրներում մեր մյուս բարեկամների հետ միասին կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի այդ տարաձայնությունները հաղթահարվեն։ Ամենալավ բանը, որ կարող է տեղի ունենալ, պատերազմի ավարտն է։ Բայց դրան տանող ճանապարհը դեռ շատ երկար է, առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք քննարկման ենթակա են», - հայտարարել է նա այսօր Երուսաղեմում ունեցած ելույթում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների հարցում հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել, հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
«Մենք պետք է ազատվենք [ռուսական էներգակիրներից] մեր կախվածությունից։ Եվրահանձնաժողովի առաջարկով մինչև տարեվերջ պետք է անել հնարավորը, որպեսզի այդ կախվածությունը նվազեցվի երկու երրորդով։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է հստակ երաշխիքներ ունենանք, որ բավարար քանակի գազ և նավթ կունենանք մեր տրամադրության տակ», - ասել է նա։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուս-ուկրաինական բանակցությունները այսօր շարունակվել են շուրջ մեկուկես ժամ։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին տեղեկացրել է ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում իշխող մեծամասնության ղեկավար Դավիթ Արախամիան։
Նրա խոսքով՝ հեռավար կարգով անցկացված բանակցություններից հետո կողմերը քննարկումները շարունակել են աշխատանքային խմբերում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու պաշտոնական Թբիլիսիի որոշմանը։ Դա են վկայում «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները։
Թբիլիսիում գործող GORBI սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 64 տոկոսը դեմ է Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու գաղափարին։
Հարցումն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում մարտի 10-16-ը, դրան մասնակցել է երկրի հազարից ավելի քաղաքացի։