- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսաստանցիների զգալի մասը դեմ է պատերազմ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշմանը, ամերիկյան ABC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի խմբագիրը, որն ուղիղ եթերում, լուրերի թողարկման ժամանակ, իր բողոքն էր հայտնել Կրեմլի՝ Ուկրաինա ներխուժման դեմ։
«Դա Պուտինի պատերազմն է, ոչ թե ռուս ժողովրդի», - ասել է Մարինա Օվսյաննիկովան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Կիևի գիշերային հրթիռակոծության հետևանքով ութ մարդ է զոհվել», - հաղորդում են ուկրաինական աղբյուրները։
Պոդոլի շրջանում գտնվող Retroville առևտրի կենտրոնի և հարակից տարածքի հրթիռակոծությունը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածը հասցվել է քաղաքի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկին։ Վեց բնակելի շենք է վնասվել, որոնցից երեքն այլևս պիտանի չեն մարդկանց հետագա բնակության համար։
Գիշերային հարվածների հետևանքով տարհանվածների թիվը հասնում է 200-ի։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ անցած գիշեր իրականացված հթրիռային հարվածների հետևանքով նոր կորուստներ է պատճառել Ուկրաինայում գտնվող օտարերկրյա կամավորներին։ Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարտի 21-ի գիշերը օդային տեղակայման գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Ռովնոյի մարզի «Նովայա Լյուբոմիրկա» համազորային ռազմավարժարանին։ Այն օտարերկրյա վարձկանների և ազգայնական ստորաբաժանումների մարտիկների մարզումների վայրն էր։ Հարվածի հետևանքով 80 վարձկան և ազգայնական է ոչնչացվել», - հայտարարել է Կոնաշենկովը։
Ռազմավարժարանին հասցված հարվածների փաստը հաստատել է նաև Ռովնոյի նահանգապետ Վիտալի Կովալը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինան մերժել է շրջափակված Մարիուպոլ քաղաքը հանձնելու և մարտի 21-ին սպիտակ դրոշներ բարձրացնելու Ռուսաստանի պահանջը՝ ասելով, որ «հանձնվելու մասին խոսք չկա»։
Մինչ պատերազմի մեկնարկը 400-հազարանոց Մարիուպոլի բնակիչները վերջին երկու շաբաթվա ընթացքում ջրի, սննդի և վառելիքի ձեռքբերման խնդիր ունեն: Ռուսաստանը ձգտում է իր վերահսկողության տակ առնել քաղաքը։
Ռուս զինվորականները Ուկրաինային ժամանակ էին տվել մինչև այսօր առավոտ Մարիուպոլը հանձնելու համար՝ խոստանալով, որ դրա դիմաց կառաջարկվի երկու մարդասիրական միջանցք։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացիների գրեթե մեկ քառորդը լքել են իրենց տները կամ երկիրը, ռուսական բանակի ռազմական գործողություններն Ուկրաինայում առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Հռոմի Պապը դատապարտում է «բռնի ագրեսիան» Ուկրաինայի դեմ և պահանջում է վերջ տալ «նողկալի պատերազմին», ընդգծելով՝ արդարացում չկա պաշարված երկրում տեղի ունեցող «անիմաստ կոտորածին»:
«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի դանդաղում», - ասել է Ֆրանցիսկոս Պապը երեկ Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա ելույթի ժամանակ՝ խուսափելով նշել Ռուսաստանի անունը։
Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին՝ Պապը կոչ է արել իսկապես պարտավորվել դադարեցնել «այս նողկալի պատերազմը»։
«Հրթիռներն ու ռումբերը հարվածում են խաղաղ բնակիչներին, ծերերին, երեխաներին և հղիներին», - ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Գերմանիան ձեռք է բերել երկարաժամկետ էներգետիկ գործընկերություն Պարսից ծոցի երկրի՝ Կատարի հետ։
Բեռլինը փորձում է այսպես ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական էներգակիրներից՝ Մոսկվայի Ուկրաինա ներխուժումից հետո: «Չնայած այս տարի մենք դեռ ռուսական գազի կարիք կունենանք, ապագայում, սակայն դա այլևս չի լինի: Եվ սա միայն սկիզբն է», - երեկ Դոհա այցի ժամանակ ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Եվրոպա կատարելիք այցի ընթացքում չի պատրաստվում այցելել Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը՝ ընդգծելով՝ ուղևորության ժամանակ աշխարհին ի ցույց կդրվի աջակցությունը ուկրաինացի ժողովրդին և կդատապարտվի Ռուսաստանի նախագահ Պուտինի Ուկրաինա ներխուժումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն և ուկրաինացի այլ պաշտոնյաներ առաջարկել էին ԱՄՆ նախագահին Եվրոպա շրջագայության ժամանակ այցելել պատերազմից տուժած երկիր՝ Ուկրաինա։
Ամենայն հավանականությամբ մարտի 24-ին Բայդենը կլինի Բրյուսելում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հրատապ հանդիպմանը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Այսօր մեծ ծավալով տարհանում է նախատեսվում Մարիուպոլում, որտեղ փողոցային մարտեր են տեղի ունենում։
Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր՝ ծրագրում է տասնյակ ավտոբուսներ ուղարկել Մարիուպոլ՝ փախստականների տարհանման համար:
Մոտ 350 հազար մարդ մնում է պաշարված Մարիուպոլում։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին բանակցություններ վարելու կոչով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թեև մեղադրում է Մոսկվային ռազմական հանցագործությունների և փողոցային մահացու մարտերի համար, որոնք տեղի են ունենում այս պահին Մարիուպոլ քաղաքում։
CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, քանի որ առանց դրա պատերազմին վերջ տալ հնարավոր չի լինի։
«Եթե մեզ համար կա ընդամենը 1 տոկոս հնարավորություն այս պատերազմը դադարեցնելու համար, ես կարծում եմ, որ պետք է օգտվենք դրանից՝ Պուտինի հետ խոսելու հնարավորությունից։ Եթե այս փորձերը ձախողվեն, դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմ է», - ասել է Զելենսկին։