- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մարտի 21-ին հեռավար կարգով տեղի կունենա ռուս-ուկրաինական քննարկումների 5-րդ փուլը: Այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին ասել է Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:
Նրա խոսքով, մարտի 20-ին նույնպես տեղի են ունեցել ռուս-ուկրաինական քննարկումներ, որոնց մասնակցել են երկու երկրների փորձագետները:
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին երեք փուլերը տեղի են ունեցել առկա ձևաչափով Բելառուսում, չորրորդ փուլը հեռավար է անցկացվել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի բանակի հարձակումից ի վեր մարտական գործողությունների զոհ է դարձել առնվազն 902 խաղաղ բնակիչ: 1459 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այդ տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Զոհերի թվում են 179 տղամարդ, 134 կին, 11 աղջիկ, 25 տղա, ինչպես նաև 39 երեխաներ և 514 չափահասներ, որոնց սեռը դեռևս չի նույնականացվել:
Նշվում է, որ մարդկանց զոհվելու և վիրավորվելու հիմնական պատճառ է դարձել «պայթյունի սկզբունքով մեծ տարածքի ավերում առաջացնող զենքի գործադրումը»: Խոսքը, մասնավորապես, ծանր հրետանու, հրթիռների, ռումբերի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է:
Վիճակագրական տվյալները հիմնված են բաց աղբյուրներում հրապարակված թվերի վրա, որոնց արժանահավատությունը երբեմն հնարավոր չէ ստուգել պատերազմի պայմաններում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Sky News Arabia հեռուստակայանի փոխանցմամբ, Վաշինգտոնն Անկարայի հետ բանակցում է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու և դրա դիմաց Թուրքիայի նկատմամբ ընդունած սահմանափակումները վերացնելու շուրջ:
Վաշինգտոնը, մասնավորապես, առաջարկում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման և արտադրության ծրագրում և չեղարկել մնացած պատժամիջոցները:
Ըստ Sky News Arabia-ի, Սլովակիան ստացել է Patriot տեսակի ամերիկյան զենիթահրթիռային համակարգեր, ինչի դիմաց Ուկրաինային պետք է փոխանցի ռուսական արտադրության ավելի հին սերնդի S-300 տեսակի ՀՕՊ համակարգեր:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մարիուպոլի մոտ ընթացող մարտերում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալիյը:
Այդ մասին հայտնել են Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը և սենատոր Եկատերինա Ալտաբաևան:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմում արդեն մի քանի բարձրաստիճան ռուս սպա է զոհվել:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի չափով միջոցները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է մոտ 30 ռուսաստանցիների պատկանող «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, կալանավորվել է նաև 150 միլիոն եվրո արժողությամբ երկու խոշոր զբոսանավ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մի շարք կարևորագույն հարցերի շուրջ մոտեցել են, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվի նախագահների մակարդակով, ասել է Թուրքիայի արտգործնախարաչ Մևլութ Չավուշօղլուն։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ երկրի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ մնում է «անկախ»:
«Մենք չենք ընդունում որևէ արտաքին պարտադրանք և ճնշում, ինչպես նաև դեմ ենք Չինաստանի հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի և կասկածի»,- ասել է դիվանագետը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ առնչվող մի շարք կուսակցությունների գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուս զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում ակտիվ հարձակողական գործողություն չեն իրականացրել, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում գերեվարվել է առնվազն 562 ռուս զինծառայող: Այդ թիվը հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Նրա փոխանցմամբ, «բոլոր գերիներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»: