Մատչելիության հղումներ

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա


Հոսանքի թանկացման հիմնական պատճառները ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններն են։

Ջրի թանկացմանը հաջորդեց նաև էլեկտրաէներգայի սակագինը բարձրացնելու որոշումը. փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր կայացրած որոշմամբ, ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ*ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։

Հոսանքի գինը նույնը կմնա սոցիապես անապահով խավերի համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։

Քաղաքացիներին մտահոգել է հերթական թանկացման մասին լուրը, ասում են՝ հունվարից ջուրն է թանկանում, հիմա էլ այս նոր որոշումը։

«Միանգամից թող ժողովրդին մի հատ պարան տան, ասեն՝ գնացեք կախվեք։ Յանի շատ ենք կարում օրվա հացը առնենք, մի հատ էլ հոսանք թանկանա, գազը թանկանա», - «Ազատությանն» ասաց միջին տարիքի մի կին։

«Բոլորի վրա էլ դա վատ ա անդրադառնալու։ Շատ դժվար ա», - հավելեց մեկ այլ երևանցի։

Հոսանքի թանկացման հիմնական պատճառներից են ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկային բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։ 2013-ին կնքված պայմանագրով Հայաստանը պարտավորվել էր ապահովել «Գազպրոմին» պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը։ Գումարը, սակայն, ոչ միայն չի վերադարձվել, այլև ընկերության վարկային բեռն է մեծացել։

Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների երկու տարի տևած բանակցությունների արդյունքում որոշվել է, որ փետրվարի 1-ից սկսած տասը տարի ժամկետով Հայաստանը «Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար կտրամադրի։ Այդ գումարը, ըստ էության, բնակիչներն են վճարելու՝ ավելի շատ վճարելով հոսանքի համար։

«Պարտավորությունները պետք է կատարել», - այսօր զգուշացրեց կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը՝ շարունակելով. - «Նախատեսված էր որոշակի պարտավորությունների կատարում։ Եվ էդ պարտավորությունն ուղղակի պետք է կատարել, հակառակ պարագայում կառաջանան այլ խնդիրներ»։

Հանձնաժողովը հայտնում է՝ Հրազդան 5-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորություն է տալիս տասը տարով ամրագրել սահմանին գազի գինը՝ 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար՝ 7900 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում։ Հայաստանն այժմ ավելի որակյալ գազ է ստանում, սակայն նույն 165 դոլարն է վճարում։ Այժմ քննարկվում է գազի գինը կալորիականությամբ ճշգրտելու տարբերակը, այսինքն՝ որակյալ գազ ստանալիս Հայաստանն ավելի շատ կվճարի։ Փաստացի՝ տասը տարով սահմանին 165 դոլար ֆիքսելը դեռ չի նշանակում, որ սպառողները մի օր ավելի շատ չեն վճարի իրենց բնակարան հասնող գազի համար։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է՝ իրար հաջորդող այս թանկացումներն ու սննդամթերքի ավելի քան 17 տոկոս գնաճը շատ արագ կազդեն մարդկանց կենսամակարդակի վրա. - «2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ թոշակների բարձրացում, նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը։ Հիշեցնեմ, որ նաև 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 տոկոսանոց գնաճ։ Հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը։ Հետևաբար պետք է կանխատեսենք, որ մեր գնաճը էլ ավելի բարձր է լինելու»։

Տնտեսագետը վստահ է, որ տնտեսվարողներն իրենց հերթին հոսանքի թանկացումը ապրանքների գները բարձրացնելով են փորձելու վերադարձնել։ Կարծում է նաև, որ մինչև սակագների բարձրացումը բիզնեսին պետք էր ժամանակ տալ փոփոխություններին հարմարվելու համար. - «Այս ժամանակահատվածը՝ մեկ ամիս, բավարար չէ, որ բիզնեսը կարողանա էներգախնայող տեխնոլոգիաներ ձեռք բերել, սարքավորումներ ձեռք բերել, որը թույլ կտա այս 4,7 դրամը փոխհատուցել։ Սա ուղղակիորեն, շղթայաբար ազդելու է Հայաստանում արտադրվող բոլոր ապրանքնների և մատուցվող բոլոր ծառայությունների գների վրա»։

Շարունակական գնաճի պայմաններում հաջորդ տարի նվազագույն 68 հազար դրամ կազմող աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Հունվարից կավելանան նվազագույն կենսաթոշակը՝ 2100 դրամով, և նպաստը՝ դառնալով 28 600 դրամ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբերի համար ևս նախատեսված է թոշակի որոշակի բարձրացում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG