Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում խոսում են նոր ընտրությունների անհրաժեշտության մասին 


Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններից երկու տարի էլ չանցած՝ քաղաքական շրջանակները խոսում են նոր ընտրությունների անհրաժեշտության մասին, թեև Սահմանադրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի նախագահն ու Ազգային ժողովը դեռևս ունեն ավելի քան երեք տարվա լիազորություններ։

2017թ. փետրվարին հանրաքվեով ընդունված երկրորդ Սահմանադրության համաձայն` Արցախը հռչակվեց նախագահական հանրապետություն, ուր հինգ տարով ընտրվող նախագահը պետության գլուխն է ու գործադիր իշխանության ղեկավարը։ Վերացվեց վարչապետի պաշտոնը, կառավարության անդամներին նշանակում ու ազատում է նախագահը, և ամենաուշագրավը՝ նախագահի ու Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններն անցկացվում են միաժամանակ։

44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020թ. գարնանը, Արցախում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացվեցին, նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի ու խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանում է ճիշտ այն թվականին, երբ 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայն ավարտվում է Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետը՝ 2025թ.-ին։

Թեև ըստ զինադադարի՝ խաղաղապապահների այդ ժամկետը կարող է ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգվել, եթե կողմերից մեկը չառարկի, սակայն հարցեր են առաջանում՝ ինչպիսի՞ իրավիճակ կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ 2025թ.-ին, երբ պետք է անցկացվեն հերթական նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, այս հարցում ի՞նչ դիրքորոշում կունենա Կրեմլը, արդյո՞ք այդ ժամանակ, երբ կլրանա Արցախի նախագահի ու խորհրդարանի լիազորությունների ժամկետը, չեն ծագի լուրջ խոչընդոտներ ընտրությունների անցկացման համար, հետևաբար՝ հետագայում ո՞վ և ինչպե՞ս կներկայացնի արցախահայությանը։

Արցախի իշխանությունները չեն թաքցնում իրենց մտահոգությունը։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի իշխանական «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ներկայացուցիչներից երեկ ու այսօր չհաջողվեց մեկնաբանություն ատանալ։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում վտանգավոր համարեց նախագահի ու խորհրդարանի ինստիտուտների շաղկապված լինելը նման պայմաններում։

«Սա շատ վտանգավոր բան է, այսինքն` օրինակ, նախագահը չի կարող արձակել խորհրդարանը, ինքն էլ պետք է պաշտոնաթող լինի, կամ խորհրդարանը չի կարող հայտարարել անվստահություն նախագահին, ինքն էլ պետք է արձակվի: Սա վտանգավոր է, սա պետք չի այդպես, չի կարող այդպիսի բան լինել: Ասենք, լավ, ընտրությունները տեղի են ունենում, հետո մի օր են տեղի ունենում, էլի խառնաշփոթ է: Սա տեխնիկական է, բայց ասենք ընտրությունները տեղի ունեցան, անցնում է 5 ամիս, և նախագահը, մարդ է, Աստված մի արասցե, մահանում է, ի՞նչ պիտի անենք. նորից խորհրդարանական ընտրություն, նորից նախագահական, դե լավ, սա ինչքա՞ն մենք կարող ենք անել, հատկապես հիմա, երբ այս վիճակում ենք, և անթույլատրելի է պետական կառավարման համակարգի կաթվածահար լինելը», - ասաց նա:

Բաբայանն ընդգծեց՝ կողմնակից են սահմանադրական փոփոխություններին, որպեսզի նախագահի ու խորհրդարանի ինստիտուտները տարանջատվեն։

Անցած ամիս Ստեփանակերտում հայտարարվեց սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին, որի նպատակը, փաստորեն, կիսանախագահական համակարգին անցնելն է։ Ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։

Լուսանկարը` Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Արցախի խորհրդարանում ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի կարծիքով` արդեն այս աշնանը հնարավոր կլինի սահմանադրական փոփոխությունները ներկայացնել հանրաքվեի։

«Անհասկանալի է, որևէ կարգ այդ ուղղությամբ չկա, այդպիսի կարգավորում էլ չկա, եթե ընտրություն չի կատարվում, ինչ է տեղի ունենում, բայց ըստ մեր Սահմանադրության` 2025 թվականին պիտի նորից մեկնարկեին, փաստորեն, նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ինչը, մենք հասկանում ենք, ինչ-ինչ պատճառներից ելնելով` պիտի հաստատ մինչև այդ այդ գործընթացն իրականացված լինի, և մենք պատրաստ լինենք ընդունելու այն բոլոր մարտահրավերները, ինչ մեզ սպասվում են 2025թ., այսինքն` պատրաստ արդեն լինենք այդ մարտահրավերներին, ոչ թե ուղղակի անակնալի գանք», - ասաց նա:

Հարցին` նկատի ունի՞, որ խաղաղապահների առաքելության ժամկետն է լրանում, արձագանքեց. «Այո, ինչը, կարծում եմ, պիտի անհանգստացնի բոլորիս»:

Ճշտմանը` հետևաբար, սպասում է, որ ընտրությունները կլինեն ավելի շուտ` մինչև 2025 թիվը, Մետաքսյա Հակոբյանն ասաց` բնականաբար:

Պատգամավորի խոսքով` սահմանադրական փոփոխություններից հետո՝ արդեն գալիք տարվա գարնանը, հնարավոր կլինի անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որից հետո կարելի է մտածել նախագահական ընտրությունների մասին։

XS
SM
MD
LG