Մատչելիության հղումներ

Շուշիում կայացավ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը


Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում կայացավ Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։

Արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Երդմնակալության արարղությանը ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղաի նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի մրցակից Մասիս Մայիլյանը, ով երկրորդ փուլից առաջ կոչ արեց չմասնակցել քվեարկությանը՝ կորոնավիրուսի պատճառով։

Ստանձնելով պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը խոսեց իր համար կարևոր սկզբունքների մասին. - «Առաջին սկզբունք․ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը՝ բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն։ Ինչպես Արցախի հանրապետության սահմանադրության երրորդ հոդվածն է ամրագրում, այո՛, մարդը բարձրագույն արժեք է, և պետության գոյությունն էլ իմաստավորվում է հենց մարդուն ծառայելով։ Չկա պետության որևէ սահմանադրական գործառույթ, որը նպատակաուղղված չլինի իր քաղաքացիների այս կամ այն իրավունքի կամ ազատության երաշխավորմանը։ Ուստի, որպես հանրապետության նախագահ իմ պաշտոնավորումն էլ միտված է լինելու մարդուն և ժողովրդին անմնացորդ ծառայելուն՝ հիմնված մարդու անօտարելի արժանապատվության և իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքի վրա։ Երկրորդ սկզբունք․ հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթակա չէ որևէ վերապահման ու սակարկման։ Քանի որ Արցախի ու Հայաստանի հանրապետությունները մեկ միացյալ ազգային հայրենիքի անտրոհելի մասերն են, հետևաբար Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է ընկալել որպես յաթաղան ողջ հայության ու նրա արժանապատվության գլխին։ Ուստի արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է, արցախահայության պայքարը ողջ հայության պայքարն է, իսկ արցախահայության հաջողությունը ողջ հայության հաջողությունն է։ Եվ մենք պատրաստ ենք անսասան կանգնելու որպես վահան ողջ հայության անվտանգության, արժանապատվության, պայքարի ու հաջողությունների հանդեպ սպառնալիքների դեմ։ Մենք ունենք համազգային կամք ու զորություն մեր գլխին կախված յաթաղանը դարձնելու բահ, գրիչ ու խաչ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սուր»։

Ի դեպ, Հարությունյանը նշեց, թե մտադիր է Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխել․ - «Արցախը Հայաստան է, և վերջ։ Պատմական այս հանրահայտ աքիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով։ Մեծ Հայքի արցախյան հատվածում Մաշտոցի հիմնած առաջին դպրոցի և Սուրբ Գրիգորիսի տարածած հավատի լույսով կրթվել և դաստիարակվել են հայոց սերունդները»։

Այսօր ավելի վաղ Ստեփանակերտում կայացան Լեռնային Ղարաբաղի նորընտիր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները, ուր փակ քվեարկության արդյունքում խորհրդարանի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանի առաջնորդած «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանը, ով հեռավոր 1996-1997 թվականներին արդեն գլխավորել է Արցախի խորհրդարանը։

Արցախում նախագահի երդմնակալության արարողությունն ու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կայացան Ադրբեջանում ու Հայաստանում ընթացող լայնածավալ զորավարժությունների ֆոնին։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ հրապարակած հայտարարությունում «սադրանք» է որակել թե՛ Արցախում այս տարի անցկացված ընտրությունները, թե՛ նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ պնդելով, թե այդ արարողությանը Հայաստանի վարչապետի մասնակցությունը «սև բիծ է իրեն ժողովրդավար ներկայացնող մարդու վարկի վրա»:

«Պատերազմը դեռ ավարտված չէ, և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել բոլոր անհրաժեշտ եղանակներով», - ասված է հայտարարությունում։

Ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր հայտարարել է, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հանձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG