Մատչելիության հղումներ

Հայաստանում նոր խստացումների ֆոնին պատվաստումների տեմպը նվազել է


Թեև մի քանի շաբաթ առաջ Հայաստանում ուժի մեջ մտած նոր խստացումների նպատակը նաև պատվաստումների տեմպն արագացնել էր, բայց վիճակագրությանը հետևող և քովիդի մասին ուսումնասիրություններ իրականացնող մասնագետները նկատում են, որ դա տեղի չի ունեցել․ սահմանափակումների ուժի մեջ մտնելուց 24 օր անց Հայաստանում պատվաստվել է 67 հազար քաղաքացի, ստացվում է միջինում օրական մոտ 2 հազար 800 մարդ։ Մինչդեռ, մի քանի ամիս առաջ, երբ պարտադիր դարձավ աշխատող քաղաքացիների պատվաստումը, օրական նույնիսկ մինչև 20 հազար մարդ էր պատվաստվում։

«Մենք շաբաթական պատվաստում ենք 5 հազարից քիչ մարդ, ինչն իհարկե շատ վատ է», - ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նա երկու պատճառ է առանձնացնում՝ նախ, ասում է, հիմա ավելի քիչ է խոսվում պատվաստումներից, երկրորդն էլ՝ քաղաքացիները գիտեն, որ կորոնավիրուսի վերջին ենթատեսակը՝ «օմիկրոնը», ի տարբերություն մյուս շտամերի, առավել թեթև է ընթանում, ու չեն շտապում պատվաստվել։

«Այն տվյալները, որոնց վրա հիմնվելով եզրակացրել ենք, որ «օմիկրոնը» ավելի թեթև ընթացք ունի, եկել է բարձր իմունիզացիայի տեսակարար կշիռ ունեցող հասարակություններից։ Այսինքն՝ այնպիսի երկրներից, որտեղ պատվաստվածների թիվը շատ է, և մեծ հավանականությամբ հենց պատվաստումը այդ թվում նաև ունեցել է որոշիչ դերակատարում՝ «օմիկրոնի» թեթև ընթացքը պայմանավորելու համար», - ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կանոններով՝ հանրային վայրեր այցելելիս քաղաքացիները պետք է պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեսթի բացասական պատասխան ներկայացնեն։ Իշխանությունները բացատրում էին՝ այդպես վարակված մարդիկ հանրային մարդաշատ վայրեր չեն այցելի, իսկ չպատվաստված քաղաքացիները ավելի շահագրգռված կլինեն պատվաստվելու հարցում։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ համատարած լոքդաունները ունենում են, այո, որոշակի զսպող նպատակ համաճարակի առումով, բայց ունեն խիստ ցավալի տնտեսական հետևանքներ։ Ուստի կառավարության առաջնային նպատակն է` ունենալ հավասարակաշռված քաղաքականություն՝ մի կողմից պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը, մյուս կողմից էլ ունենալ այնպիսի իրավիճակ, որ հենց այդ տնտեսվարողները ստիպված չլինեն կրել տնտեսական վնասներ», - ընդգծեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Թե ինչ քայլերի են դիմելու պատվաստումների տեմպը կրկին աշխուժացնելու համար, իշխանությունները դեռ չեն հստակեցրել։ Այս պահին ամբողջապես պատվաստված է Հայաստանի բնակչության 30 տոկոսը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, պատվաստվածների զգալի մասը՝ 58 տոկոսը, 35-64 տարեկան են։ Իսկ ռիսկի խմբում գտնվող 65-ից բարձր տարիքի անձինք ամենաքիչ պատվաստվածներն են՝ 15 տոկոս։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG