Մատչելիության հղումներ

COVID-19. Առողջապահական համակարգը կրկին լարված վիճակում է


Քովիդի հերթական ալիքի հետևանքով առողջապահական համակարգը կրկին լարված վիճակում է, այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարարը։

«Մեր համակարգը, ըստ նախագծված պլանի, անցնում է հերթական հոսպիտալային մահճակալների ծավալմանը, համակարգն այս պահին էլ կարող ենք ասել, որ լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության թե՛ կանխարգելումը, թե՛ բժշկական օգնության կազմակերպումը», - նշեց նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախորդ օրը ՊՇՌ թեստ հանձնած շուրջ 9600 քաղաքացիների գրեթե կեսի՝ 4388-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Քովիդից նոր ապաքինված վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ այս թվերը դեռ էլի կաճեն. «Առաջիկա առնվազն մեկ շաբաթվա ընթացքում մենք թվերի շարունակական աճ ենք կանխատեսում, ունենք որոշակի ալգորիթմներ, հույս ունենք, որ մեր այդ կանխատեսած նշաձողերից ավելի բարձր չեն լինի թվերը: Եվ մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պատշաճ ձևով դիմակայենք այդ ալիքին»:

Այս պահին քովիդ վարակակիրների թիվը հասնում է 26 հազարի, հիվանդանոցում բուժում է ստանում 1543 քաղաքացի: Վարչապետն ընդգծեց՝ հոսպիտալացվածներից միայն 256-ն է պատվաստված։ Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, խոսում է պատվաստանյութերի արդյունավետության մասին. պատվաստված անձինք հոսպիտալամցան կարիք ավելի քիչ են ունենում:

Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է բնակչության 29 տոկոսը, այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է հետնապահ դիրքերում մնալ:

«Պատվաստման տոկոսն, իհարկե, շատ ցածր է, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ թիվն աճի: Որոշակի մեխանիզմների գործադրմամբ մենք, ըստ էության, աշխատող քաղաքացիների շրջանում բավականին բարձ ցուցանիշներ ունենք, բայց դեռևս բաց է մնում չաշխատող քաղաքացիների շրջանում պատվաստման խնդիրը: Եվ երրորդ դեղաչափի հարցը նույնպես շատ էական է և կարևոր», - ընդգծեց վարչապետը:

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց՝ քովիդի նոր՝ «օմիկրոն» շտամը շատ տարածված է նաև երեխաների շրջանում, հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են։ Նախարարի խոսքով այս շտամի ախտանշանները շատ նման են հարբուխին ու գրիպին:

«Ախտանշանային առումով ավելի գրիպին և հարբուխին շփոթեցնող նշաններ ունի: Ուստի եթե ունեք նման ախտանշաններ, միաժամանակ արժի նաև թեստավորվել՝ հասկանալու համար քովիդով է վարակված քաղաքացին, թե ոչ», - նշեց Ավանեսյանը:

Բժիշկ- վարակաբանը բացատրում է՝ «օմիկրոն» շտամն ախտահարում է վերին շնչուղիները

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ- վարակաբան Քնարիկ Սարգսյանը բացատրում է՝ «օմիկրոն» շտամն ի տարբերություն քովիդի այլ տեսակների ախտահարում է վերին շնչուղիները, ու վիրուսը հատկապես ծանր են տանում ուղեկցող այլ հիվանդություններ ունեցող մարդիկ:

«Ծանր են տանում նրանք, ովքեր կողմնակի բարդացնող ուրիշ հիվանդություններ ունեն և դրա հաշվին մի փոքր ավելի երկարում է հիվանդության ընթացքը՝ թոքաբորբի առաջացում և այլն, ավելի հաճախ է դիտվում: Հիմնական տարբերությունն այն է, որ «օմիկրոնի» դեպքում ավելի շատ վերին շնչուղիներն են ախտահարվում, այսինքն՝ պացիենտների մեծ մասը գանգատվում է պրիմիտիվ՝ քթային շնչառության դժվարություններից, կոկորդի ցավից, նույնիսկ բրոնխների ընդգրկվածություն պրոցեսի մեջ շատ ավելի հաճախ է լինում, քան նախկինում», - ասաց Սարգսյանը:

Բժշկի խոսքով՝ Նորքի ինֆեկցիոնում մահճակալներն ազատ երկար չեն մնում, մահճակալային ֆոնդը գրեթե ամբողջությամբ սպառված է. «Քանի տեղ ունենք, գրեթե միշտ զբաղված է, այս պահին ունեինք երկու ազատ տեղ, արդեն երկու հոգին էլ ուղարկվեց, որ գալիս են»:

Քովիդի հերթական ալիքի պատճառով մի քանի դպրոցներ կամ առանձին դասարաններ կրկին հեռավար ուսուցման են անցել, տեղեկացնում են Կրթության նախարարությունից։

XS
SM
MD
LG