Մատչելիության հղումներ

Սահմանափակումների պատճառով նվազել է հանրային սննդի օբյեկտներ այցելողների թիվը


Մինչ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները պնդում են, թե նոր հակահամաճարակային խստացումների պատճառով կորուստներ են կրում, իշխանությունները խոստանում են իրավիճակի սրման դեպքում քայլեր ձեռնարկել։ Այս պահին, սակայն, բիզնեսին աջակցելու որևէ կոնկրետ ծրագիր դեռ չկա։

Արդեն մեկ շաբաթից ավելի է հանրային վայրեր այցելելիս քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Իսկ պատվաստման ցուցանիշը Հայաստանում դեռ չի գերազանցում 30 տոկոսը։

«Պետությունը հանրային սննդի ոլորտի միջոցով կոնկրետ այս դեպքում իրականացնում է կոնկրետ գործառույթ՝ իր պատասխանատվությունը, իր պարտականությունը հանրային առողջության հետ կապված, բայց բացարձակապես չի կիսում ռիսկերը մեզ հետ։ Ամբողջ պատասխանատվությունը, ամբողջ ռիսկը կրում է հանրային սննդի ոլորտը՝ բոլոր առումներով։ Կոնֆլիկտներից սկսած, որոնք առաջացնում է այս օրենքը, մինչև ֆինանսական անկում, բոլոր ռիսկերը մեր վրա են։ Այո, իհարկե տրամաբանական կլիներ, որ աջակցություն լիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արեգ Գևորգյանը։

Նա մայրաքաղաքի կենտրոնում երկու ռեստորան ունի, դրանցից մեկում, ասում է, օրական մինչև 200 հաճախորդ էին ընդունում, հիմա թիվը նվազել է։ Ռեստորանի սեփականատերը ընդգծում է, որ 2020-ի համաճարակային ծանր շրջանից հետո ոլորտը դեռ նոր-նոր էր սկսել վերականգնվել, բայց հիմա այդ հեռանկարն էլ է մշուշոտ։

«Մենք զգում ենք, որ որոշ մեր հիմնական հաճախորդները չեն այցելում, նրանց պակասը զգում ենք», - ասում է փոքր սրճարանի տնօրեն Շաքե Հավան-Գարապետյանը։

Նա ասում է՝ շրջանառության անկում տեսնում ենք, սակայն բիզնեսի աջակցության ծրագրերի մասին չենք լսել։ Շաքեի խոսքով, եթե կան սահմանափակումներ, ապա դրանք պետք է հանրային բոլոր վայրերում լինեն. - «Ինչո՞ւ ոչ սուպերմարկետներում։ Դրա հետ պիտի ունենա երկարատև ծրագիր, որ այո, հիմա սկսեցինք ռեստորաններից, հիմա գնում ենք սուպերմարկետ, հետո գնում ենք մետրո...»

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան

«Մենք հետևում ենք իրադրության զարգացմանը, անընդհատ կապի մեջ ենք թե՛ ոլորտի ներկայացուցիչների, թե՛ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ», - ասում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա ընդունում է, որ հանրային սննդի ոլորտի ընկերություններում շրջանառության անկում նկատվում է։ Ասում է, որ կապի մեջ են կողմերի հետ, քայլեր կձեռնարկեն, թե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

«Ազատության» հետ զրուցած բիզնեսի ներկայացուցիները սակայն ասում են, որ մինչև օրս կառավարության հետ որևէ հանդիպում, քննարկում չեն ունեցել, չեն կարողացել խոսել իրենց մտահոգությունների մասին։

«Ճիշտն ասած, մենք ոչ մի հանդիպում կամ տեղեկություն չենք ունեցել, թե ընդհանրապես ինչ տրամաբանությամբ է կառուցվում այս օրենքը, այս սահմանափակումները»։

Շաբաթներ առաջ վարչապետը Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը նոր խստացումների է գնում, որպեսզի ստիպված չլինեն նոր լոքդաունների անցնել. - «Մեր քաղաքականությունը հիմա նրան ա ուղղված, որ մենք էնպես կառավարենք, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր էդ բիզնեսները մի ամսով փակվեն, իսպառ փակվեն, ընդհանրապես այլևս վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան»։

Ռեստորանի տնօրենը սակայն կարծում է, որ այսօրվա իրավիճակը շատ չի տարբերվում լոքդաունից. - «Փաստացի ստացվում է, որ մենք գտնվում ենք լոքդաունի մեջ, բայց մեր իրավական ստատուսը մնում է աշխատող ռեստորան։ Այս դեպքում, երբ չկան իրավական հիմքեր ապացուցող, որ անհաղթահարելի խոչընդոտների պատճառով մենք չենք կարողանում իրականացնել մեր գործառնական հիմնական ծախսերը, որոնք պահպանված են այս պահին, իրենք չեն նվազում առևտրի շրջանառության նվազմանը զուգահեռ։ Մենք պարտավոր ենք այդ ծախսերը իրականացնել, այսինքն՝ վճարել բիզնես վարկերը, վճարել վարձերը, վճարել աշխատավարձերը։ Իսկ լոքդաունի ընթացքում մենք իրավական հիմք ենք ստանում, սրա մասին շատերը չեն խոսում, բայց կարծում եմ, պետք է իրերը իրենց անունով կոչել, մենք հնարավորություն ենք ունենում բանակցել նույն բանկերի հետ, նույն տարածքների սեփականատերերի հետ»։

Խտացումները սահմանած իշխանությունները առաջին հերթին մատնացույց են անում շատ արագ տարածվող «օմիկրոն» շտամը։ Կարծում են նաև, որ դրանք կնպաստեն, որ պատվաստվողների թիվը մեծանա։ Ի դեպ, այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ հետնապահ դիրքում. ընդհանուր բնակչության ընդամենը 29 տոկոսն է ամբողջապես պատվաստված։

Ըստ պաշտոնական վիճակագրության, այս նոր խստացումներից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում 32 հազար քաղաքացի է պատվաստվել։ Պատվաստման առավել ակտիվ շրջանում, ըստ առողջապահության նախարարության, օրական մոտ 20 հազար մարդ էր պատվաստվում։

XS
SM
MD
LG