Մատչելիության հղումներ

Ուժի մեջ են մտել նոր խստացումները. Հայաստանում քովիդի թվերն օրեցօր աճում են


Հայաստանում այսօրվանից հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։

«Ազատությունն» այսօր շրջեց մայրաքաղաքի սննդի կետերով, ռեստորաններում, սրճարաններում օրվա ընթացքում արդեն եղել էին բազմաթիվ հաճախորդներ, որոնց տնտեսվարողները չէին թույլատրել ներս մտնել՝ QR կոդերի բացակայութան պատճառով։ Խստացումներից դժգոհ էին թե՛ QR կոդ չունեցող քաղաքացիները, թե՛ բիզնեսի ներկայացուցիչները։

«Մոտավորապես 50 հոգու կորուստ, որոնք եկել են ուղղակի առանց ռեզերվ, որպեսզի լանչ անեն, ժամանակ անցկացնեն, իսկ քենսլների առումով կոնկրետ 12 անուն քենսլ, որը 60-70-ն անցնում է։ էդ էս ոլորտի համար շատ լուրջ թիվ է. մեկ օրվա ընթացքում կորցնել մոտավորապես 100 մարդ», - ասաց ռեստորաններից մեկի մենեջերը։

Ռեստորանի մենեջերն ասաց՝ արդեն օրվա առաջին կեսին հաճախորդների սակավությունը տեսնելով, կարծում են, որ այցելուների 50 տոկոսի անկում կունենան:

«Բավականին լուրջ խոչընդոտներ է առաջացնում: Սենց թե նենց քովիդը երբ սկսեց, մի անգամ կոլապս արդեն ունեցել է այս ոլորտը, մենք թիրախային խումբ ենք համարվել և ծերը ծերին գալով կարողացել ենք վերականգնել այս ամբողջ մթնոլորտը, իսկ հիմա արդեն երկրորդ անգամ է կոլապսը լինելու, որը արդեն ժամանակավոր չի։ Այսինքն սա շարունակական բնույթ է կրելու։ Հաճախորդները արդեն մեզ են սկսում մեղադրել, նեղացնել, ոչ մի բան չի գնում օրենքի վրա, մեզ է ուղիղ հասցեագրված մեղադրանքները, որ «մեզ չեք կարող սպասարկել»: Հաճախորդներն ասում են՝ «ոչ թե ձեր ոլորտին ենք վիրավորում կամ ինչ-որ բան, խնդրում եմ, գնացեք երկու կանգառ ներքև ու տեսեք՝ տրանսպորտի հետ ինչ է կատարվում», - ասաց մենեջերը։

Մեկ այլ սրճարանում էլ ժամը 16-ի դրությամբ մոտ 40 հաճախորդի էին մերժել։ Այստեղ մտահոգված էին, թե մարդկանց քիչ հոսքը կարող է հանգեցնել աշխատակիցների կրճատմանը։

«Ամեն ինչ կանենք, որ չկրճատենք, բայց եթե հասնի այն կետին, որ ֆինանսապես չհասցնենք, արդեն, բնականաբար, կրճատելու ենք: Վերջին երկու տարին այս ոլորտը օր օրի վրա վատ է աշխատում, հիմա էլ ավելի վատ կլինի, ու ես կարծում եմ, որ բիզնեսի ինչ-որ մաս կփակվի», - ասաց սրճարանի ներկայացուցիչը:

Այս նոր խստացումները սահմանած իշխանությունները առաջին հերթին մատնացույց են անում արագ տարածվող «օմիկրոն» շտամը և կորոնավիրուսի ամեն ալիքի դեպքում գերծանրաբեռնվող առողջապահական համակարգը։ Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ 200-մինչև 500 հազար դրամով։

«Մեկ արձանագրություն ենք այդ օրը կազմում և ենթարկում ենք վարչական պատասխանատվության այդ օրվա մեր տեսչական այցի շրջանակներում: Հաջորդ օրը, եթե արձանագրենք, ևս կենթարկվեն վարչական պատասխանատվության», - ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացուցիչ Վահե Դանիելյանը։

ՍԱՏՄ ներկայացուցիչն ընդունում է՝ իրենց ռեսուրսները սահմանափակ են՝ ողջ Հայաստանում ավելի քան 300 աշխատակից ունեն, այս թիվը միանշանակ քիչ է, 100 տոկոսով վերահսկողություն իրականացնելու հնարավորություն չունեն, բայց փորձելու են ճիշտ բաշխել աշխատանքը։

«Թե ինչքանով կստացվի ամբողջությամբ վերահսկել, բնականաբար մենք յուրաքանչյուր օր յուրաքանչյուր տնտեսվարողի մոտ չենք կարող լինել, բայց մեր հնարավորությունների ներածին չափով աշխատելու ենք իրականացնել պատշաճ վերահսկողություն» - ասաց Դանիելյանը։

Խոսելով նոր խոստացումներից՝ մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նման քաղաքականություն են վարում, որպեսզի ստիպված չլինեն նոր լոքդաունների անցնել, և բիզնեսը կրկին չփակվի։

«Ընդ որում՝ պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Երբ որ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ, մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի», - հայտարարել էր վարչապետը:

Այս նոր խստացումները չեն վերաբերում, սակայն ամենամարդաշատ վայրերին՝ մոլերին, հանրային տրանսպորտին։ Իսկ վերջին օրերին կորոնավիրուսի թվերը օր օրի աճում են։ Եթե շաբաթվա սկզբին մոտ 300 նոր դեպք էր գրանցվում, ապա շաբաթվա վերջին այդ թիվը արդեն եռապատկվել է, այսօր, օրինակ, 940 թեստ է դրական արդյունք ունեցել։

XS
SM
MD
LG