Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության թևերի բալանսավորումն է․ նախարար


Սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության թևերի բալանսավորումն է, երեկ հայտարարեց արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե մտադի՞ր են արդյոք վերացնել դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բնորոշած սուպերվարչապետական համակարգը։

«Ես դա ավելի մեղմ կձևակերպեմ՝ իմ խորին համոզմամբ մեր ներկայիս Սահմանադրության մեջ խախտված է բալանսավորումը իշխանության տարբեր թևերի մեջ, և այդ բալանսավորման շտկման համար է նաև, կարծում եմ, նախատեսված այս գործընթացը, և, այո, կարող ենք այսպես անվանել, էնպես անվանել, քաղաքական դիսկուրսում կարող են լինել նաև որոշակի ավելի խիստ բնորոշումներն, որոնք մենք բոլորը հարգում ենք», - ասաց նախարարը։

Վարչապետն ինքը արդեն հայտնել է, որ դեմ է կառավարման կիսանախագահական համակարագին վերադառնալուն։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են խորհրդի աշխատանքը։

«Նորից հրապարակային հրավիրում եմ մասնակից դառնալ գործընթացին, և այնտեղ մենք քննարկենք՝ որ լիազորությունը որտեղից պետք է վերցվի և ում տրվի, որպեսզի երկրում մի կողմից լինի բալանսավորված իշխանություն, մյուս կողմից չլինի քաոս՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում», - ասաց Անդրեասյանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվել են արտախորհրդարանական երկու ուժեր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստանը», որի ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս դեմ է, որ խորհրդարանական մոդելից Հայաստանը հրաժարվի։

«Ես կողմ եմ խորհրդարանական համակարգին, որը չկա Հայաստանում։ Էս համակարգը ներդրվել է որպեսզի Սերժ Սարգսյանը ևս մեկ ժամկետ լինի իշխանության ղեկին։ Դա չի ստացվել, բայց ժառանգել ենք էդ համակարգը, որը կապ չունի խորհրդարանական համակարգի հետ, խորհրդարանական համակարգում հանձնաժողովները խորհրդարանի լիազորություններ են ունենում, Քննիչ հանձնաժողովը լիազորություններ է ունենում, հազար ու մի բան կա։ Ես Սերժ Սարգսյանին փաթեթ եմ տվել իմ առաջարկությունների դեռևս 2015 թվականի փոփոխությունների համար, որոնք հիմնականում մերժվել են։ Այսինքն՝ էն ժամանակ էլ էինք ասում, որ եթե գնում ենք խորհրդարանական կառավարման, էս է պետք», - ասաց Մարուքյանը։

Խորհրդի առաջին նիստում քննարկվել են, ըստ էության, միայն կազմակերպչական, տեխնիկական հարցեր։ Նիստին չի մասնակցել պաշտոնավարումն ավարտող մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որին մի քանի օրից փոխարինելու է նորընտիր օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 16-ին, խորհուրդն ընտրելու է մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ պրոֆեսիոնալ իրավաբանների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG