Մատչելիության հղումներ

Փորձագետ. Քննարկումների մասնակիցների շուրջ 50 տոկոսը կողմ է խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանը


Կառավարությունը մինչև 2026 թվականը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Աս պահին գործընթացի շուրջ նախնական քննարկումներ են անցկացնում գործադիրի ու քաղհասարակության ներկայացուցիչները։

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ Ազգանուշ Թոթոլյանը Գյումրիում կազմակերպված քննարկմանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե քաղաքական ուժերը, քաղհասարակության ներկայացուցիչներն ու հենց մասնագետներն ինչ դիրքորոշում են հայտնել Հայաստանի կառավարման մոդելի վերաբերյալ՝ կիսանախագահական, թե խորհրդարանական:

«Մասնակիցների շուրջ 50 տոկոսը կողմ է արտահայտվել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանը կամ առնվազն սկզբունքային դեմ դիրքորոշում չի արտահայտել, շուրջ 25 տոկոսը կողմ է եղել նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևին, իսկ մնացած 25 տոկոսը ձեռնպահ է մնացել դիրքորոշման արտահայտումից առհասարակ», - ասաց նա:

Տարեսկզբին, երբ չէր հանգուցալուծվում վարչապետի հրաժարականը պահանջած Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնանկության հարցը` վարչապետի ու նախագահի հակասությունների պատճառով, Նիկոլ Փաշինյանը մարտին հրավիրած հանրահավաքում հայտարարեց, թե պետք է այս հոկտեմբերին ժողովրդական հանրաքվեով որոշվի՝ ունենալ նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ՝ չբացառելով, որ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը լինի։ 2019-ին, սակայն, հենց ինքը Փաշինյանը կառավարման կիսանախագահական համակարգը համարել էր երկիրը ձախողման տարած համակարգ։

Արդեն հոկտեմբերն է, ու գործընթացի շուրջ քննարկումները դեռ նոր-նոր են սկսվել։ Իսկ 2020-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պատերազմից հետո դադարել է գործել։ Այժմ Արդարադատության նախարարությունն առաջարկում է, որ սահմանադրական բարեփոխումների առաջարկների փաթեթը մշակի ոչ թե հանձնաժողովը, այլ հատուկ ստեղծվելիք խորհուրդը։

Ո՞րն է տարբերությունը, Թոթոլյանը նշում է. «Արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է հետևյալ տարբերակը` ձևավորել խորհուրդ, որը կլինի մոտավոր նույն կազմակերպա-իրավական ձևն ունեցող, ինչպիսին որ եղել է հանձնաժողովը, սակայն խորհրդի կողմից լայն քննարկումների արդյունքում պետք է կոնսենսուսային եղանակով ընտրվեն երեք իրավաբան գիտնականներ, ովքեր հասարակության շրջանում լայն հարգանք են վայելում, և երեք իրավաբան գիտնականների կողմից մշակված և խորհրդին ներկայացված փաստաթղթերը պետք է քննարկման առարկա դառնան և հետագայում ներկայացվեն հանրության դատին»:

Ազգանուշ Թոթոլյանի փոխանցմամբ՝ այս մոդելին կողմ է արտահայտվել քննարկումների մասնակիցների 70 տոկոսը. «Ինչքան հանձնաժողովականների թիվը մեծ է, այնքան աշխատանքներն ավելի ծավալուն և բարդ են դառնում, իսկ նման մոդելի պարագայում հնարավոր է շատ ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից պատրաստված, մշակված փատաթղթերի ներկայացում խորհրդին, ապա հասարակության դատին»:

Հայաստանը պարտավորվել է ընտրական ու սահմանադրական բարեփոխումներ անցկացնել դեռ 2017-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Եթե սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ շատ անորոշություններ կան, Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ արդեն կատարվել են։

Առջևում տասնյակ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձոր գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն ասում է՝ փոփոխությունների հիմքում դրվել են 5 տարի առաջ Գյումրիում ու Վանաձորում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ժամանակ մեծ դժգոհություն առաջացրած մեխանիզմները. դրանք հանվել են։

«Վանաձորի օրինակով փոփոխությունը կատարվել է, որ համայնքի ղեկավարի քվեարկությունն արվում է բաց, ոչ թե փակ, իսկ Գյումրիի դեպքը ցույց տվեց, թե ինչքան անարդար և անհասկանալի է բոնուսների բաշխումը, նաև ապացուցեց, դր դրա կարիքը չկա, ուղղակի քաղաքացիների ձայները պետք է բաշխվեն այնպես, ինչպես կա, ինչպես քաղաքացիներն են ընտրել, ու բնականաբար, իջեցվեցին շեմերը, որը էլի հնարավորություն է տալիս ապահովելու որոշակի բազմազանություն», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Գրիգորյանը:

Խոշարացվող համայնքներում անցկացվելիք ընտրությունների հետ կապաված ևս փոփոխություն է եղել, ասում է Վարդինե Գրիգորյանը: Քանի որ հիմա ավելի մեծ թվով համայնքներ են միավորվում, մշակվել է այնպիսի մեխանիզմ, որ հնարավորություն տան միավորվող համայնքների մեծ մասի ներկայացվածությունը ավագանու կազմում:

«Կուսակցություններն առաջադրվելու համար պետք է ներկայացնեն թեկնածուներ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի կեսից ավելիից, ինչը, հուսով ենք, որ հնարավորություն է տալիս արդյունքում ներկայացվելու բոլորից: Իհարկե, եթե ասեինք բոլոր բնակավայրերը, դա փաստացի անիրատեսական կդարձներ կուսակցությունների առաջադրումը, ճիշտ չէր լինի»:

Հայաստանի մի քանի տասնյակ համայնքներում, այդ թվում` Գյումրիում ու Վանաձորում համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին։

XS
SM
MD
LG