Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ


Արդարադատության նախարարությունն առաջարկում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի կազմում լինելու են 3 խորհրդարանական, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների ու պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը, օմբուդսմենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը։ Արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մրցութային կարգով են ընտրվելու։

Խորհուրդն իր հերթին ընտրելու է 5 քաղաքական ուղղվածություն չունեցող գիտնական մասնագետների, որոնք էլ կզբաղվեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով՝ խորհուրդը կձևավորվի մինչև 2022-ի մարտը։ Խորհրդի քննարկման օրակարգում կլինի, օրինակ, թե որ պետական կառավարման ձևն է անհրաժեշտ՝ խորհրդարանական, նախագահական, թե կիսանախագահական։ Դադունցն ասում է՝ իրենց քննարկումներին մասնակցած մասնագետները կառավարման համակարգի վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեն, իսկ խորհրդի օրակարգում այլ հարցեր ևս կլինեն։

«Օրինակ՝ նաև վճռաբեկ, Սահմանադրական դատարանների միավորման հարցն է կամ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների միավորման հարցն է: Այսինքն կան հարցեր, որոնք կարելի է ասել, որ արդեն իսկ կարելի է, երբ որ այս գործընթացը սկսվի, դնել քննարկման կամ, օրինակ, նույն պաշտպանության հետ կապված հարցերը, ԳՇ-ՊՆ փոխհարաբերակցության..... վարչապետի միջև և այլն», - ասաց Դադունցը։

Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե հոկտեմբերին պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ. «Եվ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:


Վարչապետի սահմանած վերջնաժամկետը լրացել է, կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ նախագիծ դեռ չկա։ Ընդ որում՝ ինքը Փաշինյանը իրարամերժ կարծիքներ է հայտնել կառավարման կիսանախագահական համակարգի վերաբերյալ. նախ 2019-ին դա համարել էր երկիրը ձախողման տարած համակարգ, հետո էլ այս տարեսկզբին չէր բացառել դրան նորից վերադառնալու հնարավորությունը։ Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարման անցավ ընդամենը 3 տարի առաջ՝ 2018-ին՝ համաձայն 15 թվականին փոխված Սահմանադրության։

Թե որքանով է իրատեսական կառավարման ձևի փոփոխությունն ու սահմանադրական այլ փոփոխությունները, սրանց պատասխանը սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կտա, որի նպատակն է ի վերջո գալ եզրակացության՝ կա՞ արդյոք նման փոփոխության անհրաժեշտություն, ինչո՞ւ է դա անհրաժեշտ դարձել, ի՞նչ խնդիրներ են եղել, որ կարող են հանգեցնել փոփոխության։

«Որովհետև ինչքան էլ դա լինի քաղաքական հարց, դա նաև լուրջ մասնագիտական քննարկումների, ուսումնասիրության հանգամանք պետք է դառնա՝ ի վերջո Հայաստանին որն է պետք։ Հանրաքվե լինելու կամ չլինելու առումով, կախված նրանից, թե ի վերջո սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով և հետո դրա հիման վրա մշակված Սահմանադրության տեքստով նախագծով հարցերը կշոշափվեն ու պարզ կդառնա՝ այդ փոփոխությունները հանրաքվեի արդյունքով են ընդունվելու, թե Ազգային ժողովի կողմից», - ասաց Տիգրան Դադունցը։

Երեկ Արդարադատության նախարարությունում աշխատանքային քննարկմանը մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ քաղհասարակությունը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին տարիներ շարունակ է բարձրաձայնում։ Իսկ որո՞նք են առաջնային փոփոխությունները, որ քաղհասարակությունը պատրաստվում է առաջարկել:

«Ոչ թե կարևոր է, թե հիմա կդառնա կիսանախագահական, թե նախագահական կամ պառլամենտական, այլ օրինակի համար պառլամենտի արդյունավետ վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ, գործադիր իշխանության հաշվետվողականություն պառլամենտի նկատմամբ, պառլամենտում քաղաքական փոքրամասնության որոշիչ նշանակությունը համակարգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, որոշումներ ընդունելու հետ կապված պետք է լինի անպայման, պետք է լինի տեղական ինքնակառավարման, տեղական հանրաքվեների, այսինքն տեղական ինքնակառավարումը Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի», - ընդգծեց Սաքունցը:

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ քաղհասարակության ներկայացուցիչները այս և մի շարք այլ առաջարկներ են ներկայացնելու նոր ձևավորվելիք խորհրդին։ Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրում են մինչև 2023 թվականի հունիսը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG