Մատչելիության հղումներ

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը


Armenia-Prime Minister Nikol Pashinian, undated,

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը բոյկոտում են այս նախաձեռնությունը և թեկնածուներ չեն առաջադրել։

Վարչապետն այսօր հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը բոյկոտում են այս նախաձեռնությունը և թեկնածուներ չեն առաջադրել։

Իշխանությունից խորհրդում ընդգրկվել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը նաև կղեկավարի այս կառույցը, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը և խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում են ընդգրվել նաև արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից Մասիս Մելքոնյանը։

Արդարադատության նախարարությունը մրցույթով ընտրել է քաղհասարակության ներկայացուցիչներին՝ իրավապաշտպաններ Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը և Արթուր Սաքունցը։

Խորհուրդն իր հերթին ձևավորելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որում արդեն պետք է ընդգրկվեն պրոֆեսիոնալ իրավաբաններ։

Վարչապետ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե այս նախաձեռնությունն ամենևին չի նշանակում, որ Սահմանադրական փոփոխություններ հաստատ տեղի կունենան. - «Հարց կարող է ծագել, թե ինչու եք ստեղծում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Եթե շատ պարզ ասեմ՝ մենք խնդիր ունենք չորս տարվա գործունեությունից հետո էսպես ասած աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան։ Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, աուդիտի արդյունքում, որից հետո նաև արդեն քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը կգա, հերթը կգա»։

Միաժամանակ վարչապետը շտապում է հայտնել, որ դեմ է կառավարման համակարգի փոփոխությանը՝ հրաժարվել խորհրդարանական մոդելից, որը մինչև իշխանության գալը Փաշինյանը որակում էր «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում». - «Եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների մեջով կանցնեինք և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ընտրությունները լուծեցին ներքաղաքական ճգնաժամը, բանավեճը, և ոչ թե ընդհակառակը՝ նոր ճգնաժամ հարուցելու պատճառ դարձան»։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ անցած չորս տարիներն արդեն իսկ վարչապետի ասած աուդիտն էին ու ցույց տվեցին, որ Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում չի աշխատում. - «Միանշանակ է, որ Սահմանադրությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, նույնիսկ կարևոր հարցերում պառլամենտական հսկողություն չի երաշխավորում գործադիր իշխանության նկատմամբ։ Ինձ համար այդտեղ որևիցե կասկած չկա, որ Սահմանադրությունը պետք է փոփոխվի»։

Սաքունցի խոսքով, հանձնաժողովում աշխատանքը ցույց կտա հետագա մասնակցության նպատակահարմությունը։ Կառավարման համակարագի փոփոխության հարց իրավապաշտպանը ևս չի բարձրացնում։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը նույնպես կարծում է, որ խորհրդարանական համակարգ պիտի գործի, բայց ոչ այս տեսքով. - «Ես կողմ եմ խորհրդարանական կառավարման համակարգին, որը չկա Հայաստանում։ Այս համակարգը ներդրվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը ևս մեկ ժամկետ լինի իշխանության ղեկին։ Դա չի ստացվել, բայց ժառանգել ենք այդ համակարգը, որը կապ չունի խորհրդարանական համակարգի հետ։ Խորհրդարանական համակարգում խորհրդարանի հանձնաժողովները լիազորություններ են ունենում, քննիչ հանձնաժողովը լիազորություններ է ունենում, հազար ու մի բան կա։ Ես Սերժ Սարգսյանին առաջարկությունների փաթեթ եմ տվել դեռևս 2015 թվականի փոփոխությունների համար, որոնք հիմնականում մերժվել են։ Այսինքն՝ այն ժամանակ էլ էինք ասում, որ եթե գնում ենք խորհրդարանական կառավարման, սա է պետք»։

XS
SM
MD
LG