Մատչելիության հղումներ

Նախագահի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ


Հանրապետության նախագահը տարբեր առիթներով բազմիցս խոսել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ միևնույն ժամանակ մշտապես ընդգծելով, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը` ի պատասխան «Ազատության» հարցման, թե ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը վերաբերվում կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու վարչապետի մտադրությանը:

«Նախագահական կամ կիսանախագահական, թե՞ խորհրդարանական համակարգ քննարկումների վերաբերյալ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել շատ լավ, բայց կարող են նաև լինել շատ վատ, եթե Սահմանադրությամբ նախատեսված չեն հավասարակշռված զսպումների և հակակշիռների մեխանիզմներ», - հավելում են Արմեն Սարգսյանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ կառավարման համակարգի փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր մարտի մեկին հրավիրած հանրահավաքին` նշելով աշնանը սահմանադրական փոփոխությունների մասին. «Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի», - ասել է գործադիրի ղեկավարը:

«Ազատության» մեկ այլ հարցին` կա մեկնաբանություն, թե Փաշինյանը կառավարման համակարգի փոփոխության մասին խոսեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու շուրջ նախագահի և վարչապետի միջև ծագած տարաձայնություններից հետո, ինքը`Արմեն Սարգսյանը կապ տեսնո՞ւմ է, նախագահի աշխատակազմից արձագանքել են. «Հանրապետության նախագահը չի մեկնաբանում մեկնաբանություններ»:

XS
SM
MD
LG