Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հավելյալ զինվորներ է ուղարկում Գերմանիա և Լեհաստան


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ամերիկայից 2 հազար հավելյալ զինվոր է ուղարկում Գերմանիա և Լեհաստան, ինչպես նաև Գերմանիայում տեղակայված զորախմբից հազար զինծառայողների տեղափոխում Ռումինիա։

Միացյալ Նահանգների առաջնորդը ընդգծում է՝ քանի դեռ նախագահ Պուտինը շարունակում է ագրեսիվ գործել, Վաշինգտոնը պատրաստվում է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հավաստիացնել, որ նրանց կողքին է։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը կրկին շեշտում է՝ ամերիկացի զինծառայողները չեն տեղակայվելու Ուկրաինայում։ «Մենք Կիևին պաշտպանական աջակցություն ենք ցուցաբերում», - երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ շարունակելով․ - «Այս զորքերը, ինչպես դուք բոլորդ գիտեք, չեն պատրաստվում կռվել Ուկրաինայում: Նրանք պատրաստվում են ապահովել ՆԱՏՕ-ի տարածքի ամուր պաշտպանությունը: Դա մի բան է, որի նկատմամբ դաշինքի 5-րդ հոդվածի համաձայն մենք ունենք հստակ պարտավորություն»։

Միաժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկ ասել է, թե ամերիկյան վարչակազմը այլևս չի նշում, թե ռուսական ներխուժումն «անխուսափելի» է, քանի որ այդ բառը ենթադրում է, թե Վաշինգտոնը գիտի, որ Պուտինն արդեն նման որոշում է կայացրել։ Մինչդեռ, ըստ Սպիտակ տան խոսնակի, այս հարցում Պուտինի մտադրությունները մնում են անորոշ:

Նույնն է կրկնել նաև պետքարտուղարության խոսնակը՝ հավելելով, թե Պուտինի ծրագրերի մասին ոչ ոք չգիտի։ «Մեկ մարդ կա միայն, ով գիտի՝ ինչ է ռուսների մտքին։ Մենք չենք կարծում, որ այդ անձը, ով Ռուսաստանի Դաշնության նախագահն է, կայացրել է որոշումը», - ասել է Ջեն Փսակին:

Կրեմլի ղեկավարը հրապարակավ դեռ չի հայտարարել՝ ինչ է անելու, սակայն ռուսական բանակը ոչ միայն ետ չի քաշում Ուկրաինայի սահմանների մոտ կուտակված զինվորներին, այլև է՛լ ավելի է ամրացնում դիրքերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, թե Մոսկվան մոտավորապես 30 հազար զինվորներ ու ժամանակակից զինատեսակներ է տեղափոխել Բելառուս, ինչը Ռուսաստանի կողմից ռազմական ամենախոշոր տեղակայումն է այդ երկրում սառը պատերազմից ի վեր։

Հաջորդ շաբաթ այստեղ երկու երկրները համատեղ զորավարժություններ կանցկացնեն «միութենական վճռականություն 2022» խոսուն կարգախոսով։ «Զինծառայողներից բացի Ռուսաստանը տեղափոխել է նաև հատուկ ջոկատայիններ, կործանիչներ, այդ թվում՝ «Սու -35» տեսակի, «Իսկանդեր» հրթիռներ ու С-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր։ Այսինքն՝ ժամանակակից զինատեսակների ու հնարավորությունների ընդարձակ սպեկտոր, ինչը զուգակցվելու է ռուսական միջուկային ամենամյա զորավարժությունների հետ, որոնք պլանավորված են այս ամիս։

Ռուսաստանը մինչ օրս հստակ չի հրապարակել՝ քանի զինվոր է ուղարկել Բելառուս։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ժամանելով Մինսկ՝ նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը պնդել է՝ փորձարկվելու են երկու տասնյակ համատեղ վարժություններ։ Բելառոսի նախագահն իր հերթին հայտարարել է, թե իրենց՝ ռուսների ու բելառուսների կամքից անկախ բացվում է նոր հարավային ռազմադաշտ. «Կփորձեն ներխուժել մեզ մոտ, կստանան»:

Ընդ որում՝ Լուկշենկոն ընդգծել է, թե ամբողջ սպառազինությունը, որը ցուցադրվելու է այդ զորավարժություններին, Բելառուսն առաջիկա մի քանի տարում պատրաստվում է գնել Ռուսաստանից: Մինսկը Մոսկվայից ամեն ինչ գնում է ռուսական վարկով:

Մինչ Ուկրաինայի շուրջ կրքերը թեժանում են և աշխարհը խոսում է կարիբյան նոր ճգնաժամի մասին, Կիևում հայտարարում են, թե չեն հավատում, որ Մոսկվան վաղը հարձակում է սկսելու Ուկրաինայի դեմ։ Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, մասնավորապես, նախօրեին կրկին կասկածի տակ է դրել ռուսական մոտալուտ հարձակման հավանականությունը:

«Ռուսական ագրեսիայի մեկնարկի հավաստի և տեսական ժամկետներ չկան: Այս ամենը սոցիալական ցանցերում է, մեր փորձագետների, քաղաքացիների շրջանում, բայց առկա տեղեկություններից ոչ մեկը մեզ թույլ չի տալիս նույնիսկ ենթադրություն անել հարձակման օրվա մասին», - ասել է Կուլեբան:

Պաշտոնական Կիևը միաժամանակ ընդգծում է՝ պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և եթե Ռուսաստանը ներխուժման մասին ազդարարող քայլեր ձեռնարկի, Ուկրաինան ամեն դեպքում կարձագանքի:

XS
SM
MD
LG