Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մերժում են Ռուսաստանի պահանջը, բայցև պատրաստ են շարունակել երկխոսությունը


Ուկրաինա - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում ասուլիսի ժամանակ, 19-ը հունվարի, 2022թ․
Ուկրաինա - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում ասուլիսի ժամանակ, 19-ը հունվարի, 2022թ․

Վաշինգտոնը մերժել է Ռուսաստանի պահանջը դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու և Դաշինքին Կիևի անդամակցությունը բացառելու վերաբերյալ։ Իր գրավոր պատասխանը, որի բովանդակությունը Միացյալ Նահանգները նախընտրել է չհրապարակել, ամերիկյան կառավարությունը փոխանցել է ռուսական կողմին։

«Գնդակն այժմ նրանց դաշտում է», - երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ Նահանգները շարունակում է պնդել և պաշտպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։

Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները իր գրավոր պատասխանում Մոսկվային հասկացրել է, որ «խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որոնք պարտավորվել են պաշտպանել»։ Այդ սկզբունքներից մեկն էլ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է և պետության իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու դաշինքը, որին ցանկանում է անդամակցել։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են և կշարունակեն բաց մնալ», - ասել է պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Մոսկվային ուղարկված նամակում, որն, ըստ պետքարտուղարի, համաձայնեցվել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ եվրոպացի դաշնակիցների հետ, Վաշինգտոնը որոշ առաջարկներ է ներառել՝ միջուկային զենքի կարգավորման, զորավարժությունների և հարձակողական սպառազինության տեղակայումների թափանցիկության վերաբերյալ։ Դրանք ռուսական կողմին քաջ հայտնի են, այդ մասին ամերիկացի դիվանագետները ռուսաստանցիների պաշտոնյաների հետ խոսել են վերջին շաբաթների քննարկումներում։

Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր զինտեխնիկա կուտակած Ռուսաստանին ԱՄՆ պետքարտուղարը կրկին կոչ է արել ձեռնպահ մնալ Կիևի դեմ ռազմական ագրեսիայից՝ հայտարարելով, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունը շարունակում է բարձր մնալ։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կրկնել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։ «Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման», - հայտարարել է Բլինքենը՝ միևնույն ժամանակ ընդծելով, որ Նահանգները նախընտրում է դիվանագիտությունը։

ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում, բայց «կկիրառի ցանկացած միջոց դաշնակիցներին պաշտպանելու համար»

Մոսկվա է հասել նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի առանձին պատասխանը։ Իր հերթին կրկնելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ դաշինքին անդամակցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ, այդուհանդերձ, պատրաստ են լսել ռուսական կողմի բոլոր մտահոգությունները։ Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները կարելի է լուծել երկխոսության և դիվանագիտական ճանապարհով։

«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է», - հիշեցրել է Ստոլտենբերգը՝ հավաստիացնելով, որ կազմակերպությունն առճակատում չի փնտրում, բայց «կկիրառի ցանկացած միջոց դաշնակիցներին պաշտպանելու համար և մտադիր է իր գործողությունները համակարգել Ուկրաինայի ղեկավարության հետ»։

«Մենք իրավիճակից դրական ելքի հույս ունենք, սակայն պատրաստ ենք նաև վատթարագույն սցենարին և արդեն բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստությունը», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG