Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Ռադան դիմել է աշխարհին՝ նպաստելու լարվածության կարգավորմանը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում, արխիվ, Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում, արխիվ, Կիև

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, միջազգային համայնքին և միջազգային կազմակերպություններին դիմել է Ռուսաստանի հետ սահմանին առկա ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը նպաստելու խնդրանքով:

Համապատասխան ուղերձը խորհրդարանն ընդունել է այսօրվա նիստում՝ քվեների գերիշխող մեծամասնությամբ:

Գերագույն ռադան խնդրում է «կիրառել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները սահմանին առկա լարվածությունը թուլացնելու, Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքի հեռացումն ապահովելու և Եվրոպայում ազդեցության գոտիների վերաբաշխմանն ուղղված ագրեսիվ մտադրություններից Ռուսաստանին հետ պահելու համար»:

Գերագույն Ռադան խնդրում է աշխարհի կառավարություններին և խորհրդարաններին «թույլ չտալ Ուկրաինա ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն Ուկրաինա ռուսների հնարավոր ներխուժման մասին վերջին ժամանակաշրջանում շրջանառվող քննարկումները որակել է որպես «լարվածությունը սրելուն ուղղված դատարկ և ոչ արժանահավատ հայտարարություններ»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամերիկացի պաշտոնակից Էնթոնի Բլինքենի հետ վերջին զրույցում հավաստիացրել է, որ Ռուսաստանը չունի Ուկրաինայի վրա հարձակվելու որևէ մտադրություն:

XS
SM
MD
LG