Մատչելիության հղումներ

Ռուս դիվանագետները տարհանվում են Ուկրաինայից․ The New York Times


Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանություն
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանություն

Մինչ Բելառուս են ժամանում ռուս զինվորականները՝ Ուկրաինայի սահմանին ռուս-բելառուսական համատեղ զորվարժություններին մասնակցելու համար, արևմտյան մամուլը գրում է, որ ռուս դիվանագետները տարհանվել են Ուկրաինայի տարածքից։

Ռուսական երկու հյուպատոսություններում դիվանագետներին հրահանգվել է պատրաստվել Ուկրաինայի տարածքից դուրս գալուն, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակցին։

Պարբերականի զրուցակիցը պնդում է, թե 18 մարդ, հիմնականում ռուս դիվանագետների կանայք և երեխաներ, լքել են Ուկրաինան հունվարի 5-ին: Եվս մոտ 30 մարդ Կիևում Ռուսաստանի դեսպանատնից և Լվովում Ռուսաստանի հյուպատոսությունից մեկնել է հաջորդ օրերին։

Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը տեղյակ էր նախապատրաստվող տարհանման մասին: «Մենք տեղեկատվություն ունենք․ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում էր նրանց ընտանիքների անդամներին տարհանել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատնից դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին», - ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի դեսպանատան դիվանագետների կրճատումը կարող է «մասամբ քարոզչություն լինել, մասամբ՝ վերահաս հակամարտության նախապատրաստություն կամ մասամբ՝ հնարք, կամ էլ միանգամից երեք սցենար», - գրում է թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին:

Ընդ որում, Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին որոշում այդուամենայնիվ դեռ չի կայացրել։

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով դիվանագետներին Ուկրաինայից տարհանելու մասին տեղեկությունը, պնդել է, թե Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով։

Ռուսական հրամանատարությունը 2021 թվականի գարնանը սկսել է ռազմական ուժեր և տեխնիկա տեղափոխել Ուկրաինայի հետ սահման։ Conflict Intelligence Team-ի հետազոտողները մարտին գրեցին, որ ռուսական բանակը տեղակայում է հրետանի և տանկեր, մոտոհրաձգային և օդադեսանտային ստորաբաժանումներ: Ռուսաստանի Վորոնեժի մարզում, որը սահմանակից է Ուկրաինային, գարնանը նույնիսկ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր են նկատել։

Հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային սահմանակից շրջաններ՝ Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի և Սմոլենսկի մարզերում ուսումնավարժությունների անցկացման մասին։ Մոսկվան պնդում է, որ ռազմական ուժերը Ուկրաինայի հետ սահմանից հետ չի քաշի, սակայն որևէ հարձակում Ուկրաինայի դեմ չի ծրագրում։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է ռուսական տնտեսության համար կործանարար հետևանքների մասին Ուկրաինայի դեմ հարձակում սկսելու դեպքում։

Անցած շաբաթ Ժնևում կայացած ռուս-ամերիկյան, և Ռուսաստան-ՆԱՏՕ բանակացություններն արդյունքեր չեն տվել։ ՆԱՏՕ-ն հրաժարվում է ընդունել դաշինքի ընդլայնումը բացառող ռուսական կողմի առաջարկը, Մոսկվան էլ հայտարարում է, թե զորքերը հետ չի քաշի, ավելին՝ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր Ուկրաիանայի հետ սահմանին փետրվարին կայնալիք ռուս-բելառուսական զորավարծույունների մասին։

«Ինչպես գիտեք, այս բարդ իրավիճակում Ռուսաստանի Դաշնության նախագահը և ես անցած տարվա դեկտեմբերին պայմանավորվեցինք անցկացնել չնախատեսված համատեղ կոնկրետ գործողություններ Միութենական պետության արևմտյան սահմաններում և Բելառուսի հարավային թևում։ Այսօր մենք տեսնում ենք, որ պետք է լուրջ զորավարժություններ անցկացնել արևմտյան և հարավային այս տարածաշրջանում՝ «բելառուսական պատշգամբում», - ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտնել է, որ երկիր են ժամանում ռուսական զորքերի ստորաբաժանումները՝ փետրվարի 10-ից 20-ը անցկացվելիք «Միութենական վճռականություն» զորավարժություններին մասնակցելու համար։

Գերմանիայի նորանշանակ արտգործնախարար Անալենա Բուրբոքը Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ուկրաինայի սահմանների մոտ ավելի քան 100 հազար ռուս զինվորականների կենտրոնացումը խիստ մտահոգիչ է։ Նրա խոսքով` զորքերը կենտրոնացված են առանց որևէ ակնհայտ պատճառի, և «դժվար է դա չտեսնել որպես սպառնալիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG