Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները երկրորդ անգամ բանակցեցին վերջին մեկ ամսում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2021թ․

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ երեկ գիշերրը կայացածմ հեռախոսազրույցը տևել է 50 րոպե։ Բանակցություններն անցել են մամուլի համար բացառապես փակ ռեժիմով։

Երեկ կայացած բանակցությունները երկրորդն էին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև մեկ ամսվա ընթացքում։ Երկու դեպքում էլ հիմնական հայտարարված թեման ռուս-ուկրաինական սահմանին լարվածության թուլացումն էր և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու Ռուսաստանի պահանջները։

Այս թեմաների քննարկումները կշարունակվեն հունվարի 10-ին Ժնևում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպմանը, և հունվարի 12-ին երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ կայանալիք Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ։

Կրեմլի խոսնակը մինչև նախագահների հեռախոսազրույցը հայտարարել էր, թե կողմերը պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները կարևոր բանակցություններից առաջ։

Նախագահների զրույցից քիչ առաջ ԱՄՆ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը նշել էր, որ ըստ Բայդենի՝ երկու առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանն այլընտրանք չկա, միաժամանակ ընդգծել, որ Սպիտակ տունը խորհրդակցում է եվրոպական գործընկերների հետ Ուկրաինայի սահմանին ռուսական զինուժի կուտակմանը պատասխանելու հարցում ընդհանուր մոտեցում մշակելու համար։

Աշնանը արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով հետախուզական տվյալներ, հաղորդում էին Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման մասին։ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները նույնիսկ հայտարարել էին, թե Մոսկվան ռազմական ներխուժում է նախապատրաստում։

Կրեմլը մերժել էր այս հայտարարությունը և փոխարենը պահանջել անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից։ Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն իրավական ուժ ունեցող երաշխիքներ տա առ այն, որ դաշինքն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք հետխորհրդային երկրների, հատկապես Ուկրաինայի հաշվին։

Հյուսիսատլանտյան դաշինքը և Միացյալ Նահանգները հայտարարում են, թե Մոսկվան չի կարող թելադրել ՆԱՏՕ-ին՝ ինչ քաղաքականություն վարել, սակայն միևնույն ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Մոսկվայի հետ անվտանգության երաշխիքները։

Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, թե Մոսկվայի առաջ քաշած պայմանների նպատակն է հասնել համաձայնությունների, որոնք և՛ այսօր, և՛ երկարաժամկետ կտրվածքով կապահովեն Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը մերժի Մոսկվայի պահանջը, պատասխանը կլինի ռազմատեխնիկական։ Նա չի մանրամասնել, թե ինչ ռազմատեխնիկական պատասխանի մասին է խոսքը, միայն շեշտել է․ - «Որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկեն ինձ մեր ռազմական մասնագետները»։

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բանակցությունները նախատեսված են 2022 թվականի հունվարին։

Հետաքրքիր է, որ պաշտոնական Կիևը սրան զուգահեռ պարբերաբար հայտարարում է, թե Ռուսաստանի կողմից լայնածավալ ագրեսիայի վտանգ այսօր չկա։ Նախօրեին, օրինակ, Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել էր, որ Կիևն այսօր դեռ սպառնալիք չի տեսնում Ռուսաստանից՝ Մոսկվան ֆիզիկապես չի կարող լիարժեք ներխուժում սկսել։





Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG