Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական տեխնիկայի և զորքի քանակը Ուկրաինայի հետ սահմանին. Bloomberg


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական տեխնիկայի և զորքի քանակը Ուկրաինայի հետ սահմանին, հայտնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով Janes բրիտանական ընկերության ռազմա-հետախուզական արբանյակային լուսանկարները։

Janes-ի տվյալներով` նոյեմբերից Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանը տեղակայել է հրետանի, հակատանկային զինտեխնիկա և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ինչպես նշում է գործակալությունը, չնայած սահմանին զորքի սահմանափակ քանակին, Ռուսաստանը կարող է արագ «ամրապնդել այդ ուժերը»՝ օդանավերով և գնացքներով այնտեղ ուղարկելով մեծ խմբավորումներ։

Պաշտոնական Կիևի տվյալներով` երկրի սահմաններին Ռուսաստանը արդեն կենտրոնացրել է 122 հազար զինվորական։

Նոյեմբերին Conflict Intelligence Team -ի ներկայացուցիչները նույնպես արձանագրել են Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան զինված ուժերի կուտակումներ, աղբյուրի տվյալներով` զինտեխնիկան մասնավորապես տեղափոխվել է Վորոնեժի շրջանից, տվյալներ են ձեռք բերվել նաև Ստավրոպոլից դեպի Ղրիմ զորքի տեղաշարժի վերաբերյալ։

Ռուսաստանը տևական ժամանակ կտրականապես հերքում էր Ուկրաինայի վրա հարձակման պլանները` պնդելով, թե Կիևն է Արևմուտքի դաշնակիցների հովանու ներքո փորձում սադրել Ռուսաստանին։

Վերջին օրերին Մոսկվան ի վերջո հստակեցրեց մտադրությունները. Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանի հետագա քայլերը Ուկրաինայի հարցում կախված կլինեն Արևմուտքից, մասնավորապես ՆԱՏՕ-ից։

Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ է պահանջում Վաշինգտոնից և նրա դաշնակիցներից՝ մասնավորապես, պնդելով, որ Ուկրաինան ու նախկին Խորհրդային Միության մնացած երկրները չպետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնան։

Ընդ որում, ինչպես երեկ հայտարարում էր Վլադիմիր Պուտինը, Մոսկվան այդ երաշխիքները պետք է ստանա անհապաղ` հիմա։ Այդ պահանջը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը ներառել է անվտանգության մասին պայմանագրերի նախագծերում և ուղարկել Վաշինգտոնին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։

Նահանգներից հայտարարել են, որ անվտանգության երաշխիքների շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը հնարավոր կլինի բացառապես Ուկրաինայի հետ սահմաններին լարվածության թուլացման պարագայում։ Սպիտակ տունը միևնույն ժամանակ ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր անվտանգության և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը։

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, այդուհանդերձ, Մոսկվային հրավիրել է համատեղ նիստ անցկացնել հունվարին և քննարկել Ռուսաստանի պահանջները։

Մոսկվայում այդ առաջարկը ստացել են, այսօր հաստատել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դիվանագետը շեշտել է, որ ռուսական կողմը պատրաստ է բաց երկխոսության։

Մինչ Ուկրաինայի հարևան Ռուսաստանը փորձում է կանխել Կիևի անդամակցությունը արևմտյան ռազմական դաշինքին, ուկրաինացիների մեծամասնությունը հակառակն է ցանկանում։ Կիևի միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի հարցումների (կատարված դեկտեմբերի 13-16-ը) արդյունքների համաձայն` ուկրաինացիների 59,2 տոկոսը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Չնայած Վլադիմիր Պուտինի վերջնագրերին, Ուկրաինայի բնակչության 39,2 տոկոսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը կթուլացնի երկրի անվտանգւթյունը, քանի որ «նման քայլը միայն կուժեղացնի Վլադիմիր Պուտինի ագրեսիան Ուկրաինայի հարցում»։

Ռուս-ուկրաինական աննախադեպ լարվածության ֆոնին` այսօր հրապարակվեցին Դոնբասի հարցով խաղաղ գործընթացը վերսկսելուն ուղղված Կիևի առաջարկները։ Շուրջ 14 հազար մարդու կյանք խլած, Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ բանակցությունները վերջին ամիսներին փակուղի են մտել։ Բանակցային գործընթացի մասնակիցները, այդ թվում` Մոկսվան ու Կիևը միմյանց եմ մեղադրում քննարկումները տապալելու համար։ Այս մեղադրանքներին զուգահեռ էր, որ սկսեցին տեղեկություններ տարածվել Ուկրաինայի սահմաններին ռուսական ուժերի կուտակումների մասին։

Коммерсантъ-ի տվյալներով` Ուկրաինան տասը կետից բաղկացած փաստաթուղթ է մշակել, որում Զելենսկիի վարչակազմն առաջարկում է այդ թվում` ռուս-ուկրաինական բարձ մակարդակի բանակցություններ, հակամարտության ընթացքում գերեվարված անձանց ազատ արձակում, ինչպես նաև նախագահների մակարդակով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետություններում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG