Մատչելիության հղումներ

«Հայաստանին սպառնացող մարտահրավերները ինչպես կային, այդպես էլ մնում են կախված». Սեյրան Օհանյան


Պատերազմի ծանր հետևանքների հետ առերեսված վարչապետը վստահ է՝ իրեն ու իր թիմին հաջողվել է կառավարել Հայաստանի անվտանգությանը սպառնացող ծանր մարտահրավերները։ Պետական պաշտոնյաների հետ տարեվերջյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ մեծ վտանգների հաղթահարման մասին է խոսել։

«Ըստ էության, մեր պետականության առաջ շատ մեծ և վտանգավոր մարտահրավերներ էին կանգնած և պետք է արձանագրել, որ մենք կարողացանք կառավարել այդ մարտահրավերները: Այդ մարտահրավերները հաղթահարելով ոչ միայն չվնասեցինք Հայաստանի որպես ժողովրդավարական երկրի միջազգային համարումը, այլև ընդհակառակը՝ էլ ավելի ամրապնդեցինք», - հայտարարել է Փաշինյանը:

Այդ ո՞ր մարտահրավերն է հաջող կառավարել ու նույնիսկ հաղթահարել Փաշինյանը, հարցնում է խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ամբողջ տարվա ընթացքում, պատերազմում պարտված իշխանության ձախողումների շղթան շարունակվեց, վտանգը Հայաստանի սահմաններին հասավ։

«Մարտահրավերները ինչպես կային, այնպես էլ կախված են, ինչպե՞ս է կառավարության ղեկավարն ասում, որ մեզ հաջողվեց կառավարման համակարգի արդյունավետ գործունեությամբ երկիրը դուրս հանել ճգնաժամից, այդպես չէ: Արտաքին հարաբերություններում մենք բավականին վատ, իր լեզվով ասած, դժգույն իրավիճակում ենք, որովհետև պարտված իշխանությունները միշտ գտնվում են պարտադրանքի ներքո, ճնշումների ներքո և՛ միջազգային հարթակում, և՛ մեր արժանիքների հետ կապված խնդիրներով, և՛ իհարկե նաև հակառակորդի հետ, ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմի», - ասաց Օհանյանը:

Պատերազմի ավարտից վեց ամիս անց ադրբեջանական զորքը մտավ Հայաստանի ինքնիշխան տարածքը, կիլոմետրերով խորացավ։ Մինչ այս պահը հակառակորդի զորքը չի հեռացել Հայաստանի տարածքից, հայ զինվորներ են գերեվարել, սպանվել, Հայաստանը դիրքեր է կորցրել։ Այս ամենը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, հիշեցնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Տարօրինակ է, որ Փաշինյանը խոսում է մարտահրավերները հաջող կառավարելու մասին, 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, ըստ պատգամավորի, Փաշինյանի կառավարման տապալման հետևանքն են։

«Շատ տարօրինակ է արձանագրել, որ մի պետություն, որը հետպատերազմյան մեկ տարվա ընթացքում երկու անգամ ագրեսիայի զոհ է դարձել, սուվերեն տարածքների կորուստներ է ունեցել, երեք տասնյակից ավելի գերեվարվածներ է ունեցել, հետպատերազմյան իրավիճակում զոհեր ու բազմաթիվ լարվածության օջախներ, այդպիսի գնահատական է ներկայացնում», - ասաց Աբրահամյանը:

Պետական համակարգի պաշտոնյաների հետ հանդիպմանը Փաշինյանը խոստովանել է՝ Հայաստանի մեծագույն մարտահրավերը արտաքին անվտանգության հարցն է։ Իսկ որքանո՞վ է Հայաստանը երաշխավորված այդ վտանգից գալիք տարում, երկրի ղեկավարը ոչինչ չի խոստացել, բայց ուզում է հավատալ, որ լավ կլինի։

«Ուզում եմ հավատալ, որ 2022 թվականը Հայաստանի համար իսկապես կլինի վերածննդի տարի», - ընդգծեց Փաշինյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավոր Աբրահամյանի՝ անցնող տարին ցույց տվեց, որ Փաշինյանի իշխանությունը դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից։ Բանակի արդիականացման գործընթացը հայտարարությունների մակարդակում է, անվտանգային լուծումները տեսանելի չեն։ Այս պարագայում Հայաստանի վերածննդի խոստումներն առնվազն տրամաբանական չեն։

«Բաժակաճառերով, բարի ցանկություններով որևէ ձևով իրավիճակ չի փոխվում և ակնհայտ է, որ այս իշխանությունը, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով չեն կարող լուծվել այն սպառնալիքները, որոնք այսօր առկա են», - նշեց Տիգրան Աբրահամյանը:

Եթե Փաշինյանին անցնող տարում մեկ բան հաջողվել է, դա սեփական իշխանության ամրապնդումն է, ինչի համար նա ոչինչ չխնայեց, ասում է Սեյրան Օհանյանը։ Ուռճացրեց ոստիկանության համակարգն ու պետական պահպանության ծառայությունը, Ազգային ժողովը վերածեց զորամասի, մինչդեռ, ըստ պաշտպանության նախկին նախարարի, Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը սահմանների ամրապնդումն էր։

«Անվտանգության միջավայրը, որը ամենաարագը պետք է այս ժամանակահատվածում վերականգնվեր, չի վերականգնվել, սահմաններին ադրբեջանցիներն են, բանակի բարեփոխումների ընթացքը հայտնի չէ մեր ժողովրդին», - ընդգծեց Օհանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG