Մատչելիության հղումներ

Ըստ Վարդենիսի, Սոթքի բնակիչների` սահմանին ադրբեջանցիները շինաշխատանքներ են անում, ճանապարհ են բացում


Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ երրորդն օրն անընդմեջ: Արևելյան ուղղությամբ այսօր կեսօրին ծավալված փոխհրաձգության հետևանքով, Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմն ունի մեկ զոհ` ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնված 2002թ.)։ Եվս ութ զինծառայող վիրավոր է:

Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։ Վարդենիսի ռազմական հոսպիտալից «Ազատությանը» այլ տեղեկություններ չտրամադրեցին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նախքան սա էլ հայտնել էր, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները նախահարձակ են եղել, սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է շուրջ 3 ժամ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է` հայկական կողմը գնդակոծել է Քարվաճառի դիրքերը:

Այս ուղղություններով կրակոցների մասին դեկտեմբերի 8-ից են հայտնում և՛ Երևանը, և՛ Բաքուն` միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար: Ադրբեջանական կողմի տվյալներով` դեկտեմբերի 8-ի գիշերը Քելբաջարի ուղղությամբ հայկական կրակոցների արդյունքում մեկ զոհ կա: Երևանը երեկ երկու վիրավորի մասին էր հայտնել:

Երևանը Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։ Իսկ Բաքուն էլ հայտարարում է` սահմանային հերթական լարվածության ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։

Հիշեցնենք, կողմերը համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ: Սակայն տեղեկություններ չեն հաղորդվում, թե այդ կապի միջոցով վերջին սրացումների մասին քննարկում եղել է, կամ հնարավոր եղել է օգտագործելով այդ կապը դադարեցնել լարվածությունը: Պաշտպանության նախարարությունն այս մասին ոչինչ չի հաղորդում:

ՊՆ տեղեկություններով` այսօր 14:30-ից հետո կրակոցները դադարել են:

Վարդենիսի, Սոթքի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ օրվա ընթացքում կրակոցների ձայներ լսել են, այստեղից տեսանելի են դիրքերը, որտեղ տեղակայվել են ադրբեջանցիները: Այսօր էլ, բնակիչների խոսքով, դարձյալ շինաշխատանքներ են կատարել:

Առավել ակտիվ կրակահերթ է եղել Վերին Շորժայի հատվածում. «Ինչ-որ շինարարական աշխատանքներ են գնում, ճանապարհ են բացում, հիմա մտել են Կութի տարածք ու այդ տարածքով իրենց համար ճանապարհ են բացում: Հենց հիմա շարունակվում են աշխատանքները», - պատմում են տեղացիները:

«Կուտակումներ կան, ոչ թե աթոռի կռիվ անեն, գան էս հարցերը լուծեն, հենա Նորաբակում կուտակումներ են: Տեսել եմ, որ կուտակումներ կան», - նշում է տեղացիներից մյուսը:

XS
SM
MD
LG