Մատչելիության հղումներ

Ադրբեջանում դրական են գնահատում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումները


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․

Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում հավանական է շփումներ լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ի՞նչ ակնկալիքներ կան Ադրբեջանում Փաշինյան-Ալիև հավանական հանդիպումից։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն «Թուրան»-ին ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի ու ավելի են կենտրոնանում նոր խմբերի խնդիրների լուծման վրա։ «Եթե մեկ տարի առաջ խոսքը պատերազմի դադարեցման մասին էր, ապա հիմա հանդիպումից հանդիպում արդեն մոտենում է նոր խնդրի լուծմանը», - ասել է նա՝ նշելով, որ նման հանդիպումներից միայն օգուտ կա․ - «Երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների միջև նման հանդիպումներ որքան շատ անցկացվեն, այնքան արագ կկարգավորվեն հարաբերությունները երկու հարևան երկրների միջև։ Մենք հավերժ թշնամիներ չենք։ Պատերազմն արդեն ավարտվել է։ Ադրբեջական կողմը վերականգնել է իր ամբողջականությունը, և հարաբերությունները պետք է միայն ուղղված լինեն դեպի բարիդրացիական հարաբերությունների կողմը»։ Միրզազադեի խոսքով՝ յուրաքանչյուր հանդիպմանը կարելի է ևս մեկ քայլ անել առաջ։ Երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության միջնորդություններից բացի, երկու երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները արդեն կարող են երկկողմ շփումների մեջ լինել։

Քաղաքական մեկնաբան Ազեր Գասըմլին ասել է, որ գագաթնաժողովում հնարավոր հանդիպումներից որևէ ակնկալիք չունի, քանի որ այնտեղ հանդիպումները կայանալու են ԱՊՀ-ին առնչվող հարցերի շուրջ, իսկ նրա կարծիքով ԱՊՀ-ին առնչվող լուրջ հարցեր չկան, դրանք ֆորմալ բնույթ են կրում․ նրանք պարբերաբար հանդիպում են, շփվում, և այդ ամենն արվում է ռուսական մոդերացիայի ներքո, Ռուսաստանը չի ցանկանում, որ այդ կապերը կորսվեն։

Գասըմլիի կարծիքով՝ Փաշինյանի ու Ալիևի երկկողմ հանդիպումներն ավելի կարևոր են։ Նրա ասելով՝ երկկողմ հանդիպումներից հիմնական ակնկալիքը խաղաղության համաձայնագրին հասնելն է։ «Բաքուն շահագրգռված է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա շրջանակում լուծում գտնի ղարաբաղյան խնդիրը։ Փաշինյանը նախկինում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991-ին, բայց դա Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում։ Այդ դիրքորոշումը Փաշինյանը դեռ պահպանում է», - նկատել է ադրբեջանցի քաղաքագետը։

«Չի կարելի սպասել, որ խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի։ Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», - նաև ասել է Ազեր Գասըմլին։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ևս շահագրգռված չէ, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ «Որովհետև դա կնշանակի, որ Հայաստանը լուծել է պրոբլեմը Ադրբեջանի հետ, եթե պրոբլեմը լուծված է, նշանակում է՝ այնտեղ խաղաղապահ ուժերն անհրաժեշտ չեն, Ադրբեջանն արդեն կարող է բարձրացնել այդ հարցը։ Բացի այդ, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, Ռուսաստանը ստիպված կլինի որևէ ձևով պաշտպանել Ղարաբաղի անջատական ռեժիմը՝ իր ներկայությունը պահպանելու համար։ Ներկայիս փուլում Ռուսաստանը չի ցանկանում դա անել», - «Թուրան»-ին ասել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG