Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ են գալիք տարի աշխատել նաև Հայաստանի առաջնահերթություններով. Ստանիսլավ Զաս


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գալիք տարի աշխատել նաև Հայաստանի առաջնահերթություններով, այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Արդեն երկրորդ տարին ռազմական դաշինքի աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտը չմանրամասնեց, թե ինչ խնդիրներ է առաջ քաշել Հյաաստանը, որը անցած տարվա պատերազմից հետո շարունակաբար խոսում է սեփական անվտանգությունն ամրապնդելու և ադրբեջանական ագրեսիային արձագանքելու մասին:

Գլխավոր քարտուղարը միայն ասաց, որ պատրաստ է ՀԱՊԿ-ի գալիք տարվա գործունեության հիմնական ծրագրային փաստաթուղթը, որը փաստացի կիրագործվի Հայաստանի նախագահության ընթացքում. - «Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում` աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարաների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»։

Այս սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին Տաջիկստանից ստանալով դաշինքի նախագահությունը՝ Հայաստանի վարչապետն առաջարկեց կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացման ու մեխանիզմների արդյունավետության բարձրացման վրա:

Փաշինյանը մանրամասնել էր, թե, Երևանի պատկերացմամբ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման, ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման և ՀԱՊԿ ուժերի մարտունակության ու շարժունակության բարձրացման ուղղությամբ։

Այսօր, ըստ Հայաստանի կառավարության հարղորդագրության, վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկվել է իրավիճակը դաշինքի պատասխանատվության գոտում. - «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, անդրադարձ կկատարենք տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես»։

Մայիսից ի վեր ադրբեջանական զինուժը, ըստ պաշտոնական Երևանի, ներխուժել է Հայաստան՝ բռնազավթելով 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանային բախումները ամենախոշորն էին 44-օրյա պատերազմից ի վեր, երկու կողմերն ունեցան զոհեր ու վիրավորներ։

Ե՛վ այս մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական ներխուժման պատճառով Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին, և՛ նոյեմբերին, երբ սահմանին ընթացող մարտերին զուգահեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Երևանը դիմել է ՀԱՊԿ գծով դաշնակից Ռուսաստանին, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ է ձեռնարկել կամ ինչպես է արձագանքել Հայաստանի իշխանություններին Կրեմլի նախաձեռնած դաշինքը։

Այսօր կազմակերպության ղեկավարին ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացնելով Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակը և ընդգծելով կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով, չնայած առաջիկա ամիսներին Երևանն է նախագահելու ՀԱՊԿ-ում և չնայած Զասի այսօրվա հայտարարությանը Հայաստանի առաջնահերթությունները հաշվի առնելու մասին, Հայաստան-Ադրբեջան հակամարտության նկատմամբ դաշինքի քաղաքաանությունը չի փոխվի. - «ՀԱՊԿ-ը կշարունակի աել այն, ինչ ինքը ասում էր. որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին առկա լարվածությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, և որ լուծման թերևս լավագույն տարբերակը սահմանների դելիմիտացիայի և այնուհետև դեմարկացիայի գործընթաց սկսելն է։ Ընդ որում, այստեղ ՀԱՊԿ-ը միայնակ չէ։ Մենք նման հայտարարություններ լսում ենք նաև Ռուսաստանից, մենք նաև Եվրամիությունից ենք լսում նման հայտարարություններ, որ ամեն դեպքում անկայությունը նվազեցնելու և կայունության հաստատման համար կարևոր է սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց սկսելն է»։

Հայաստանյան այցի մեկնարկին «Արմենպրեսին» տված հարցազրույցում, Ստանիսլավ Զասը պնդել էր, թե ռազմական դաշինքին «շատ է մտահոգում հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ բախումների հետևանքով մարդիկ են զոհվում»։ Երբ հարց էր հնչել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ադրբեջանցի զինվորներին Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պնդել էր, որ ելքը միայն մեկն է` հարցերը կարգավորել դիվանագիտական և քաղաքական ճանապարհով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG