Մատչելիության հղումներ

Մեր սխալն այն էր, որ Քոչարյան-Սարգսյան-Վազգեն Սարգսյան երրորդությունը դեմ գնաց 97-ի համաձայնությանը. Ժիրայր Լիպարիտյան


Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ հիմա կարևոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելն այս պահին ճիշտ, արդյունավետ չի համարում:

«Եթե անկախություն պահանջենք, ոչինչ չենք ստանա: Խնդիրը համոզելը չէ։ Եթե անկարելին ես պահանջում, ոչինչ չես ստանա, եթե կարելին ես հետապնդում, թերևս մի բան ստանաս», - «Ազատության» հետ հարցազրույցում շեշտում է նա:

Փորձառու դիվանագետը նշում է` կարևոր է հաշվի առնել առաջնահերթությունները և խուսափել նոր պատերազմից։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Անվտանգության ի՞նչ երաշխիքներ էր խոստանում 1997-ի փուլային տարբերակը

«Մենք հասկանում էինք, որ կարգավիճակի հարցն այդ պահին հնարավոր չէր լուծել։ Եթե այդ պահին լուծեինք, անպայմանորեն պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում։ Եվ եթե հնարավոր էր այլ բան, ապա դա հնարավոր կարող էր լինել ապագայում, դրա համար փուլային լուծումն էինք ընդունել։ Դա ընդունել էր ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը, ամեն նշան կար, որ նաև Ադրբեջանն էր ընդունելու։ Եվ առաջին փուլում մենք ներառել էինք բոլոր երաշխիքները։ Պիտի լինեին միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք պետք է տեղակայվեին, երբ մենք Ղարաբաղի շրջակա հինգ տարածքները վերադարձնեինք։

Բացի այդ, վերադարձվող տարածքներում ծանր հրետանի, ծանր զրահատեխնիկա, թնդանոթներ չէին լինելու։ Փախստականները կարող էին վերադառնալ, բայց իրենց հետ գալու էր միայն ադրբեջանական ոստիկանությունը՝ թեթև զենքերով, կարգուկանոնի համար։ Կարևոր էր այն, որ այդ համաձայնության հետևանքով մենք նորմալացնում էինք հարաբերությունները Ադրբեջանի հետ․ դա խաղաղության դաշնագիր էր, ըստ որի կարգավիճակի հարցը ևս պետք է լուծվեր խաղաղ ճանապարհով։ Դա նաև հնարավորություն էր տալիս կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Բացի այդ, այդ պայմանագիրը պետք է հաստատվեր ոչ միայն ԵԱՀԿ-ի կողմից, այլև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, որը նշանակում էր, որ այն միջազգային իրավունքի մակարդակ ունեցող փաստաթուղթ էր, որի տակ պետք է լիներ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ստորագրությունը»։

Ինչո՞ւ 94-ի հրադադարից հետո հայկական կողմը չկարողացավ ամրագրել հաղթանակը դե յուրե, ինչպես հիմա Ադրբեջանն է փորձում անել

«Դա կնշանակեր շարունակել պատերազմը։ Մեզ մոտ էլ կային մարդիկ, որ ասում էին՝ եթե Ադրբեջանը չճանաչի Ղարաբաղի անկախությունը, մի տարածք էլ կառնենք։ Նույնիսկ մարդիկ կային, որ ասում էին՝ մինչև Բաքու կգնանք։ Ասենք թե` Բաքուն գրավեինք, հետո ի՞նչ։ Մենք վստա՞հ էինք, որ Բաքուն գրավելով` Ադրբեջանը պիտի ասեր՝ բավ է, ճանաչում եմ Ղարաբաղի անկախությունը։ Այդպես մտածելու որևէ պատճառ չկար, քանի որ միջազգային հանրությունը իր հետ էր և ոչ մեզ հետ։

Մտածել, որ մենք կարող էինք պարտադրել, նույնքան ցնորամիտ էր, որքան սպասելը, թե մենք կարող էինք որևէ ձևով հավասարակշռություն պահել Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Նրանք ունեին միջոցներ հզորանալու համար, իսկ մեզ ոչ ոք չէր օգնում։ Ռուսաստանը զենք տալիս էր, բայց այն չափով, որքանով մենք կարող էինք գնել։ Իսկ Ադրբեջանին շատերն էին վաճառում, և նրանք փող ունեին՝ լավ վճարելու համար»։

Ինչո՞ւ Հայաստանը չգտավ դաշնակիցներ․ հնարավորություննե՞րն էին սուղ, թե՞ դիվանագիտությունն էր կաղ

«Մեր դիվանագետները լավն էին, մի մասը՝ շատ լավը, բայց կարելի չէ անհնարինը սպասել։ Մի անգամ Ղարաբաղի արտգործնախարար Արկադի Ղուկասյանն ասաց՝ դու մեր լավագույն դիվանագետներից ես, և աշխարհին կարող ես համոզել, որ մածունը սև է։ Իսկ ես ասացի՝ ես լավ դիվանագետ եմ, քանի որ չեմ փորձում նման բան անել։ Հարցը դիվանագիտությունը չէ։ Պարզապես շատ երկրներ նույն խնդիրն ունեին՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան․․․․այդ որտեղի՞ց պետք է գտնեինք դաշնակից։ Այնտեղ, որ կարևոր էր, մեզ ասվում էր՝ մենք Ղարաբաղի անկախությունը չենք ճանաչելու, շրջակա տարածքները ձերը չեն։ Հստակ էին ասում»։

Ինչո՞ւ ադրբեջանական զորքը կանգ առավ Շուշիի մատույցներում և չգրավեց ամբողջ Ղարաբաղը

«Ես չգիտեմ, միայն վստահ եմ, որ ռուսական գործոնը կար։ Միա՞յն ռուսական գործոնն էր, թե՝ ոչ, չգիտեմ... Գուցե երկրորդ պատճառն այն է, որ Շուշի հասան, և դա իրենց բավարար էր։ Երրորդը այն է՝ արդյոք Ադրբեջանին պե՞տք էր, որ հայեր մնային այնտեղ, որպեսզի Լաչինի միջանցքը լինի, որպեսզի արդարացնի Նախիջևանի հետ միջանցքի իր պահանջը՝ «ես ձեզ Լաչին եմ տալիս, դուք ինձ միջանցք կտաք»։ Եվ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ նախ Լաչինն է գալիս, հետո՝ Նախիջևանի հարցը»:

Ի՞նչ տարբերակներ կան Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում

«Կարգավիճակը երկու հարցից է բաղկացած․ նախ՝ արդյոք այդ տարածքը՝ իր ժողովրդով, տարածքային սահմանումով, ինքնավար պետք է մնա։ Արդյոք պետք է ԼՂԻՄ-ի նման ինքնավարություն ունենա, և քանի որ հայերն այնտեղ մեծամասնություն են՝ հայկական տարածք պետք է լինի կամ հայերի հսկողության տակ։

Երկրորդ բաղադրիչը՝ իսկ ո՞ր պետության մեջ պետք է լինի այդ տարածքը՝ Հայաստանի՞, Ադրբեջանի՞, Չինաստանի՞, Ռուսաստանի՞․․․․Նախքան պատերազմը միջազգային օրենքով երկրորդ հարցը լուծված էր. ասում էին, որ Ադրբեջանի կազմում է, և միայն մենք էինք ասում, որ հարցական է։ Պատերազմից հետո այդ հարցը նաև դե ֆակտո լուծվեց։

Հիմա մնում է առաջին բաղադրիչը։ Ոմանք կարծում են, որ դեռևս անկախության կարելիություն կա։ Սակայն, եթե այն ժամանակ չկար, հիմա է՛լ ավելի չկա։ Ես էլ կուզեի ոչ միայն Ղարաբաղի անկախությունը, այլև՝ Ջավախքի ու Նախիջևանի։ Բայց այսօր, իմ համոզմամբ` մեզ մնում է հետևյալը. այն, ինչ որ մնաց, հնարավո՞ր է պահել որպես տարածքային Արցախ` տարածքային իմաստով, թե Ալիևի ասածը պետք է լինի, այսինքն` կրոնամշակութային ինքնիշխանություն՝ ցանկացած տարածքում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում, Գյանջայում, Բաքվում, հայերը պետք է իրավունք ունենան եկեղեցի կառուցել, դպրոց բացել, գիրք հրատարակել: Հարցը դա է՝ հնարավո՞ր է տարածքային իմաստով մի բան ստանալ։ Կարելի բան է, թերևս, եթե հենց դրա ետևից գնանք։ Եթե անկախություն պահանջենք, ոչինչ չենք ստանա:

Խնդիրը համոզելը չէ։ Եթե անկարելին ես պահանջում, ոչինչ չես ստանա, եթե կարելին ես հետապնդում, թերևս մի բան ստանաս»։

Ո՞րն էր Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի մեծագույն սխալը Ղարաբաղյան խնդրում

«Մենք Ղարաբաղի հարցով մեծ սխալներ չենք գործել, թերևս փոքր սխալներ, որովհետև մենք հասցրինք 1997-ի սեպտեմբերի պայմանագիրը։ Մեր սխալն այն էր, որ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան երրորդությունը գնաց ընդդեմ այդ համաձայնության: Սա մեր մեծ սխալն էր, սա մեր ներքին սխալն էր, բայց պետական քաղաքականությունը մեծ սխալ չի գործել: Մենք ընդունում էինք` սա մեր պրոբլեմն է, մենք մեր վստահությունը, ամբողջ հույսը չէինք դրել Փարիզի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի վրա, մենք ագրեսիվ կերպով առաջարկություններ էին անում, բանակցության տարբեր ձևաչափեր էինք առաջարկում և կատարում, ամեն բան անում էինք, որպեսզի լուծեինք մեր հարցը, որովհետև գիտեինք, որ հետո չենք կարողանալու: Իսկ 98-ից հետո իշխանությունները ցնորական քաղաքականությանը հետևեցին։ Ես պատասխանատվությունը տեսնում եմ սկսած Քոչարյանից մինչև Փաշինյան։

Վազգեն Սարգսյանն ընդունել էր իր սխալը

«Ես իր {Վազգեն Սարգսյանի - խմբ.} հետ հարցազրույց եմ արել սպանությունից երեք շաբաթ առաջ՝ ԱՄՆ-ից վերադարձից հետո։ Հարցրել եմ՝ հիմա որ գնացիր Ամերիկա, ծանոթացար, ի՞նչ հույսեր ունես սփյուռքից։ Ասաց՝ ոչ մի, միայն լոբբինգով այստեղ-այնտեղ օգտակար լինել։ Փոխզիջումների մասով էլ, ինքը ժամանակին ասել էր՝ կարելի չէ զինվորի արյամբ գրավված հողը վերադարձնել, բայց հետո ասաց՝ դա սխալ էր։ Ինքն ընդունել էր իր սխալը։ Ուրիշները՝ ոչ, տարբեր պատճառներով»։

Ի՞նչ հնարավորություններ ունի այսօր Հայաստանը

Պատերազմը միայն մարդկային կորուստները չէին։ Դա նաև վստահության կորուստ էր, կորսված ժամանակ, և եթե մենք շարունակենք նախորդ մտայնությամբ, հավանականությունը շատ է, որ էլ ավելին կորցնենք։ Կորցնենք, այն մնացել է Ղարաբաղում, կարող ենք շատ ավելի մեծ կախվածության մեջ ընկնել` և՛ արտաքին, ո՛ւ, թերևս, ներքին քաղաքականության մեջ, ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունը կորցնել։ Ես չեմ ասում, թե ամեն բան պետք է զիջել, բայց կարևոր է հաշվի առնել առաջնահերթությունները և խուսափենք նոր պատերազմից։ Սա դիվանագիություն և իմաստնություն է պահանջում, որպեսզի տրամաբանական ու հնարավոր պահանջներ ներկայացնենք այն երկրներին, որոնք կարող են մեզ օգնել։

Հայրենասիրությունն այն է, որ ժողովուրդը ապրի և հզորանա

«Ես մտահոգվում եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում տարածքային սահմանում լինի, նույնիսկ, եթե դա ինքնավարություն է։ Մենք ավելին չենք ստանալու։ Սա բարձրաձայն ընդունելը, գիտեմ, մարդկանց համար դժվար է, և որոշ մարդկանց համար՝ դավաճանություն, հայրենասիրության պակաս։ Բայց ես հայրենասիրություն կնկատեմ այն, որ հայրենասիրությունն այն է, որ ժողովուրդը ապրի, ոչ թե սպանվի և մի օր էլ ավելացնենք օրացույցում՝ ի հիշատակ նահատակաց։ Եթե չասենք, չխոսենք այս մասին, միայն մեզ կխաբենք։ Ամերիկայից մինչև Մոկսվա, Իրան, այս իրականության մասին գիտեն։ Եթե մենք չենք խոսում, դրանից իրականությունը չի փոխվում։ Չես կարող ավազի վրա բերդ կառուցել, ալիքը կգա, կտանի․․․։ Էլ ի՞նչ պետք է պատահի մեր ժողովրդի ու արցախահայության հետ, որ հասկանանք՝ այդ ժամանակը չունեինք և հիմա չունենք»։


Ամբողջությամբ` տեսանյութում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG