Մատչելիության հղումներ

ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորն է և այդ ուղղությամբ ծրագրերը շարունակվելու են. նախարար


Հայաստանն Արցախի սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորն է և այդ ուղղությամբ ծրագրերը շարունակվելու են։ Այսօր այս մասին 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Հայաստանի Հանրապետությունը լինելով Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը, պատերազմի օրերին և հետպատերազմյան սոցիալական ճգնաժամի ժամանակահատվածում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում՝ մեղմելու համար այդ իրավիճակը: Ըստ էության, այդ միջոցառումների շնորհիվ կարելի է համարել հաղթահարված հիմնական ճգնաժամը, որը հետպատերազմյան ժամանակաշրջանում ստեղծվել էր: Ինչ վերաբերում է Արցախից տեղահանվածներին, նրանք շարունակում են գտնվել մեր նախարարության ուշադրության կենտրոնում: Արցախից ավելի քան 90 հազար տեղահանվածների «առյուծի բաժինն» արդեն վերադարձել է Արցախ, այս պահին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, տարբեր համայնքներում շուրջ 20 հազար կամ մի քիչ ավելի շատ արցախցի է շարունակում մնալ: Մենք աջակցության նոր ծրագիր ենք իրականացնում, որի մասին հայտարարվել է և արդեն դիմումները ընդունվում են: Աջակցությունը 50 հազար դրամ և 25 հազար դրամ ձևաչափով տրամադրելու ենք տարբեր թիրախային խմբերի՝ առաջին խմբի, երկրորդ խմի հաշմանդամ թոշակառուներին», - ասաց Մկրտչյանը:

Լրագրողների հարցին՝ դա բավարար են համարո՞ւմ այսօրվա պայմաններում, որ մարդիկ համ տան վարձ վճարեն, համ մնացած հարցերը այդ գումարով լուծեն, նախարարը պատասխանեց. «Մենք նաև Արցախի մեր հայրենակիցների համար զբաղվածության երկու ծրագիր ենք իրականացնում»:

Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարանաշինություն է ընթանում։ Առաջիկայում ևս մեկ նախագիծ կմշակվի, որը Արցախից տեղահանվածներին հնարավորություն կտա Հայաստանում և Արցախում բնակարաններ ձեռք բերել։

«Փորձում ենք նաև մասնավոր ոլորտի մեր տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ լուծել նրանց խնդիրները», - ընդգծեց Մկրտչյանը:

Արդեն նիստի ընթացքում փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտարարեց մինչև 2026 թվականը Հայաստանում նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամի հասցնելու կառավարության մտադրության մասին։ Նրա խոսքով՝ 2023-ից առաջին քայլերը կանեն, հիմա քննարկումների մեջ են Ֆինանսների նախարարության գործընկերների հետ: Հայաստանում ներկայում ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG