Մատչելիության հղումներ

Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունում ընդգծվում է հակամարտության հումանիտար կողմը


Վարչապետ Փաշինյանը Երևանում բանակցում է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հետ։ Սեպտեմբեր, 2021
Վարչապետ Փաշինյանը Երևանում բանակցում է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հետ։ Սեպտեմբեր, 2021

44-օրյա պատերազմից մեկ տարի անց, ԵԱՀԿ Մինկի խմբի տարածաշրջանային այցերի փաստացի դադարեցման ֆոնին համանախագահող երեք երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, ուր, սակայն, այլևս խոսք չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության մասին։ Փոխարենը, ընդգծվում է հակամարտության հումանիտար կողմը։

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների՝ ժամեր առաջ ընդունած համատեղ հայտարարության հաջորդ ուշագրավ կետը վերաբերում է ռազմագերիների հարցին, որը շարունակաբար բարձրացվում է պաշտոնական Երևանի կողմից։ Էնթոնի Բլինքենի, Սերգեյ Լավրովի ու Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարության մեջ խոսվում է միայն պահվող անձանց մասին՝ ի տարբերություն վերջին պատերազմից մոտ մեկ ամիս անց երեք միջնորդների ընդունած հայտարարության, ուր հստակ նշվում էր «ռազմագերիներ» բառը։ Մեկ տարի առաջ տարածված հայտարարության մեջ հիշատակվում էին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքերը։

Միջնորդների համատեղ հայտարարությունը, միևնույն ժամանակ, կոչ է անում շարունակել շփումները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով, կյանքի կոչել պատերազմից հետո Կրեմլի միջնորդությամբ ընդունված եռակողմ պայմանավորվածությունները։

«Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ստացած խումբը անդրադառնում նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած խնդիրներին՝ Երևանին ու Բաքվին կոչ անելով լուծել սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, վերականգնել տնտեսական ու հաղորդակցական կապերը. - «Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։

Կողմերին հորդորելով անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ մուտք գործելու սահմանափակումները միջազգային հումանիտար կազմակերպությունների համար՝ համանախագահ երկրները կոչ են անում «որքան հնարավոր է շուտ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում, և համաձայնության հասնել ապագա ներգրավվածությունների օրակարգի շուրջ»։

Ուշագրավ է նաև, որ միջնորդ երկրները շարունակում են կիրառել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումը՝ չնայած 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, թե նման խնդիր այլևս գոյություն չունի։

Ամիսներ առաջ՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ալիևն անգամ կոչ արեց ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արտգործնախարարների համատեղ հայտարարությանը, ըստ էության, չի արձանգանքում։ «Ազատությանը» միայն փոխանցեցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 1-ի հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունում ու մինչ այժմ հնչեցրած հայտարարություններում Երևանի դիրքորոշումն արդեն արտահայտվել է։

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս ապրիլին տարածած համատեղ հայտարարության մեջ կիրառվել է «հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներ» ձևակերպումը. - «Կապված պահվող անձանց տերմինի հետ, եթե կհիշեք, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնպես մի քանի տերմիններ են նշվում, որ կողմերը պարտավորվում են վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Ես ենթադրում եմ, որ ձեր մատնանշած հայտարարության մեջ օգտագործված է պահվող անձինք տերմինը, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն չունենա տարանջատում մտցնել։ Այսինքն՝ ֆիքսված է, որ անկախ կարգավիճակից, նրանց Ադրբեջանը ռազմագերի է համարում, թե տեռորիստ է համարում, թե այլ բան է համարում, նրանք պարտավոր են վերադարձնել։ Այդ արտահայտության օգտագործումը տեղի չի թողնում տարբեր ինտերպրիտացիաներին հղում տալով հրաժարվել հանձնել ռազմագերիներին»։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Խորհրդարանում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով, Հայաստանի իշխանությունների անգործությունն է պատճառը, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նման կարևոր հայտարարությունից դուրս են մնացել խնդրի կարգավորման սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման սկզբունքի մասին հիշատակումը. - «Սա նշանակում է, որ մեր հիմնական բանակցողի փոխարեն կարելի ա կոստյում ուղարկել։ Հա'մ տեսքը մի քիչ ավելի լավ կլինի, հա'մ էլ արդյունավետությունը մոտ նույնն ա լինելու։ Որովհետև տևական ժամանակ ա Մինսկի խմբի հայտարարությունների մակարդակում բացակայում են երեք հիմնարար սկզբունքները։ Ես էլ չեմ խոսում, որ 44-օրյա պատերազմի մասին փաստացի ոչ մի ծանրակշիռ հայտարարություն պետության կողմից կորզված... օրինակ, Հանրապետականը իր միջազգային գործընկերներից կարողանում էր կորզել այդ հայտարարությունը, բայց պետությունը ոչ մեկից չկարողացավ կորզել երեք հիմնարար սկզբունքներից գոնե ուժի չկիրառման մասին հայտարարություն»։

Ճիշտ մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

XS
SM
MD
LG