Մատչելիության հղումներ

Անկարան չի ճանաչում Քավալայի և Դեմիրթաշի վերաբերյալ եվրոպական ատյանների որոշումները


Թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան, գործարար Օսման Քավալա, արխիվ
Թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան, գործարար Օսման Քավալա, արխիվ

Անկարան չի ճանաչում անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի և քուրդ քաղաքական գործիչ Սելահաթդին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ եվրոպական ատյանների որոշումները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում էր կայացրել Թուրքիայի նկատմամբ սկսել իրավական ընթացակարգ՝ Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարելու համար: Եվրոպայի խորհուրդը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել թուրք իրավապաշտպանին, այլապես սպառնում է պատժամիջոցներ կիրառել:

Որոշումներ կայացնող եվրոպական այս մարմինը կարող է նման գործընթաց սկսել նաև 2016 թվականից բանտում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, ընդդիմադիր գործիչ Սելահաթդին Դեմիրթաշի գործի առնչությամբ:

«Մենք չենք ճանաչում Եվրամիության՝ Քավալայի, Դեմիրթաշի, սրա, նրա վերաբերյալ որոշումները: Այսքան պարզ: Մեզ համար այդ որոշումները որևէ ուժ չունեն: Ուզում են հասկանան, ուզում են՝ ոչ։ Մենք Եվրամիության վճիռները մեր դատական համակարգի որոշումներից բարձր չենք ճանաչում: Ինչ ուզում են թող անեն», - հայտարարել էր Էրդողանը:

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարությունը ևս քննադատել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումը՝ այն համարելով միջամտություն երկրի դատական համակարգին:

Հայտնի հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, գործարար Օսման Քավալան արդեն 4 տարի է բանտում է առանց դատավճռի: 64-ամյա անվանի գործիչը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու, ինչպես նաև 2013-ին Ստամբուլի Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։

Քավալան կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով շինծու: Օրերս նա հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական բնույթ ունի:

Երկու տարի առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հորդորել էր Անկարային անհապաղ ազատ արձակել Քավալային, նույն կոչը բազմիցս հնչեցրել են նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշման վերաբերյալ թուրքական կողմի տեսակետն ակնկալվում է ստանալ մինչև հունվարի 19-ը: Քավալայի գործով հերթական դատական լսումները տեղի կունենան հունվարի 17-ին:

XS
SM
MD
LG