Մատչելիության հղումներ

Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում կրկին լարված շրջան է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի հետ կրկին լարված շրջան են ապրում: Նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին սպառնացել է արտաքսել Թուրքիայում արևմտյան տասը երկրների դեսպաններին՝ արդեն 4 տարի բանտում գտնվող հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, թուրք գործարար Օսման Քավալային ազատ արձակելու պահանջով համատեղ հայտարարության համար:

«Ինչո՞ւ են այդ տասը դեսպանները նման հայտարարություն անում: Նրանք ջանքեր են գործադրում այդ սորոսականին ազատելու համար: Ես ԱԳՆ-ին ասել եմ, որ մենք նրանց մեր երկրում ընդունելու ճոխություն չենք կարող թույլ տալ: Ինչպե՞ս են իրենց իրավունք վերապահում Թուրքիային դաս տալ: Ո՞վ եք դուք, ի՞նչ եք: Արդյո՞ք դուք ձեր երկրներում ազատ եք արձակում ավազակներին, մարդասպաններին և ահաբեկիչներին: Ուրեմն ձեր արդարադատությունը անկախ է, իսկ մերը՝ ո՞չ», - հայտարարել է Էրդողանը։

Օրերս Թուրքիայում Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանությունները համատեղ հայտարարությամբ մտահոգություն էին հայտնել, որ Քավալայի դատավարության անընդհատ ձգձգումը ստվերում է թուրքական դատական համակարգում ժողովրդավարության, իրավական պետության և թափանցիկության սկզբունքները։ Դիվանագետները կոչ էին արել արագ ավարտին հասցնել Օսման Քավալայի դատավարությունը և անհապաղ ազատ արձակել նրան։

64-ամյա անվանի գործիչը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու, ինչպես նաև 2013-ին Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։ Տասը երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների համատեղ հայտարարությունից հետո դեսպանները կանչվել էին թուրքական արտաքին գերատեսչություն, որտեղ նրանց էին փոխանցել Անկարայի դժգոհությունը: Այսօր էլ Թուրքիայի նախագահականի իրավական քաղաքականության հանձնաժողովն է հայտարարություն տարածել, թե «թուրքական դատարանները անկախ և անկողմնակալ են և ոչ մի պարագայում ենթակա չեն արտաքին միջամտության»:

Էրդողանի կոշտ հայտարարությանն այսօր արձագանքել է 1452 օր անազատության մեջ գտնվող Օսման Քավալան: Իր հայտարարության մեջ նա «շատ մտահոգիչ է համարել երկրի ղեկավարի խոսքերը, նշելով, որ այդ արտահայտությունները վայել չեն նախագահի պաշտոնը զբաղեցնողին»: Քավալան նշել է, որ այս պայմաններում արդար դատավարության հնարավորություն այլևս չի տեսնում և անիմաստ է համարում այսուհետ դատական նիստերին իր մասնակցությունը: Նա հերթական անգամ բարձրաձայնել է՝ իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով անհիմն և չապացուցված:

Օտարերկրյա դիվանագետներին ուղղված Թուրքիայի նախագահի քննադատությանն այսօր արձագանքել են նաև Անգելա Մերկելի վարչակազմից: Գերմանիայի կառավարության փոխխոսնակը հայտարարել է, որ Գերմանիան չի փոխել իր դիրքորոշումը և մնում է այն համոզմանը, որ Քավալան անհապաղ պետք է ազատ արձակվի՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների: Գերմանիայի ԱԳՆ խոսնակն էլ նշել է, որ Անկարայում իրենց դեսպանի հետ կանչման հարցը օրակարգում չկա:

Արևմտյան դեսպանների հայտարարության շուրջ սկանդալին զուգահեռ՝ օրակարգում է մնում նաև ամերիկյան կործանիչների թեմայով Անկարա-Վաշինգտոն անհաշտությունը: Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, որ ԱՄՆ-ը կարող է Թուրքիային F-35 կործանիչների փոխարեն F-16-եր վաճառել: Անդրադառնալով այս խոսակցություններին՝ նախագահ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան ամեն դեպքում հետ կստանա F-35-երի համար վճարած գումարը: «Այսպես թե այնպես՝ մենք կստանանք մեր 1 միլիարդ 400 միլիոն դոլարը: Այժմ մեր պաշտպանության նախարարությունների միջև քննարկումներ են ընթանում, նախարարները հանդիպելու են: Հուսով եմ, որ այս հարցում առաջընթաց կլինի: Հռոմում G20-ի շրջանակներում նախագահ Բայդենի հետ էլ իհարկե կխոսենք այս թեմայի շուրջ», - ասել է Էրդողանը՝ հավելելով, թե ոչ մի դեպքում թույլ չի տա ոտնահարել Թուրքիայի իրավունքները:

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը դուրս թողնեց Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: Անկարան մինչ օրս չի ստացել գնված շուրջ 100 կործանիչները՝ փաստորեն մնալով առանց նոր սերնդի այս մարտական ինքնաթիռների:

XS
SM
MD
LG