Մատչելիության հղումներ

Անկարան մերժում է իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու Վաշինգտոնի կոչերը


Թուրքիա - Իրավապաշտպան Օսման Քավալան՝ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, սեպտեմբեր, 2020թ․

Պաշտոնական Անկարան մերժել է իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու Վաշինգտոնի հորդորները՝ ԱՄՆ-ին մեղադրելով Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ։

Գործարար և բարերար Քավալան բանտում է ավելի քան երեք տարի՝ առանց դատավճռի։ Նա մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու, ինչպես նաև 2013-ին Ռեջեփ Էրդողանի դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու համար։ Քավալան կտրականապես հերքում է մեղադրանքները։

Իրավապաշտպանը տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։ Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ԱՄՆ Պետքարտուղարությունը 63-ամյա Քավալայի դեմ մեղադրանքները որակել է «մտացածին» ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը ի պատասխան պահանջել է «հարգել թուրքական դատարանների անկախությունը»։

Դաշնակից երկրների հարաբերություններում այս դրվագը, ինչպես նկատում են փորձագետները, ընդգծում է կոշտ դիրքորոշումը, որին կարող է բախվել Թուրքիան ԱՄՆ նոր վարչակազմի կողմից։

XS
SM
MD
LG