Մատչելիության հղումներ

Որևէ պաշտոնատար անձ սահմանին չկրակելու մասին հրաման չի տվել. պաշտպանության փոխնախարար


Որևէ պաշտոնատար անձ սահմանին չկրակելու մասին հրաման չի տվել, այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Այս հարցը բարձրացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. հակասություն էր տեսել վարչապետ Փաշինյանի մայիսի և նոյեմբերի հայտարարությունների միջև:

«Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև», - մայիսին ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման: Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն», - սա էլ նոյեմբերին արած հայտարարությունն էր:

Եթե չկրակելու հրաման չի եղել, ժամանակին ինչո՞ւ էր բնական համարվում սահմանին կրակելու փոխարեն ծեծկռտուքի մեջ մտնելը, թեման շարունակում է ընդդիմադիր պատգամավորը. «Ոչ թե կրակոց են արձակել, ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով փորձել են կասեցնել թշնամու առաջխաղացումը»:

«Ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրության, թե ծառայողական քննության, թե առհասարակ քննության առարկա կդառնան նաև այդ մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները», - արձագանքեց պաշտպանության փոխնախարարը:

«Հրաման չեն տվել վարչապետից սկսած, մինչև պաշտպանության նախարար ու Գլխավոր շտաբի պետ կարող էին մեկ օրվա, մեկ վայրկյանի ընթացքում այս հարցը կարգավորել և ոչ թե թույլ տալ ամբողջ առաջնագծով բանակը փայտով ադրբեջանցիների հետ մտնել ձեռնամարտի, հիմա էլ դավաճաններ հռչակել», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետքաշման լուրերի մասին հստակ արձագանք չկա

Նիստից հետո լրագրողների հարցերին փոխնախարարը խուսափեց պատասխանել։ Փոխարենը մի քանի րոպե շարունակ բացատրում էր, թե շտապում է և չի հասցնի հերքել կամ հաստատել սահմանից եկող լուրերը, թե Սյունիքի Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։

Իշխանասար համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը նաև «Ազատությանն» էր ասել, թե սարի՝ հայկական կողմում ադրբեջանցիներ այլևս չկան։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկությունը չի հաստատում. «Ես գիտեմ, որ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան շուտ թե ուշ, ինչքան շուտ, այնքան լավ... Ի՞նչ փոխվեց {մայիսից հետո}, պարզապես ընկալվեց, ամեն ինչ մեկը մյուսի հետ փոխկապակցված է` կապված նաև այն զրոյական կետից, որտեղ խոսվում է քարտեզներից: Բայց դրանք հանձնաժողովների աշխատանքն են, մնում է` մենք մեր շահերը ճիշտ ընկալենք և սպասարկենք մեր երկրի շահերը»:

Ճշտող հարցին` այդ փոփոխությունները Սոչիի եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների արդյո՞ւնքն են, իշխանական պատգամավորն ասաց. «Սոչին տվել է դրական ընկալում, ու ես հիմա չեմ կարող ասել, թե այդ դրական ընկալումը հակառակորդն ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով»:

Իշխանասարից ադրբեջանցիների դուրս գալու մասին հարցերին չպատասխանելով հանդերձ՝ Քոչարյանը մեծ վստահությամբ պնդում էր, որ այլ ուղղություններով ևս Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն։ Թե ինչն էր նման վստահության պատճառը, դարձյալ չմանրամասնեց. «Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրից զինված ուժեր առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության չեն կարող գտնվել, դա միջազգային իրավունքի պարտադրանք է: Մենք էլ էինք շատ տեղեր մտել և դուրս չէինք գալի»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 13-ին էր հայտարարել, որ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը։ Սահմանային վերջին՝ նոյեմբերի 16-ի թեժ բախումներից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ մայիսից մեկնարկած ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ. կմ տարածք։ Իշխանասարից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման մասին մինչև օրվա վերջ էլ պաշտոնական ոչ մի հաստատում չեղավ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG