Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի հետաքննող լրագրողների պնդմամբ՝ ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմաններին շարունակվում է


Ռուս-բելառուսական "Запад-2021" զորավարժությունները Նիժնի Նովգորոդի տարածաշրջանում, սեպտեմբեր, 2021թ․
Ռուս-բելառուսական "Запад-2021" զորավարժությունները Նիժնի Նովգորոդի տարածաշրջանում, սեպտեմբեր, 2021թ․

«Ռուսաստանը շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով»․ - Արևմուտքից հնչող այս պնդումներին միանում են նաև ռուսաստանցի հետաքննող լրագրողները։ 2014 թվականին ստեղծված Conflict Intelligence Team հարթակի ղեկավար Ռուստամ Լևիևի խոսքով՝ Ռուսաստանն արդեն մի քանի շաբաթ է ինչ նորանոր ստորաբաժանումներ է վերատեղակայում իր հարավ-արևմտյան սահմաններին։

Լևիևի խոսքով՝ գրեթե նույնությամբ կրկնվում են գարնանային իրադարձությունները՝ մեկ, բավական էական տարբերությամբ․ - «Գարնանը տպավորություն էր ստեղծվում, որ կարճ ժամանակահատվածում փորձում են առավելագույն քանակությամբ տեխնիկա տեղափոխել։ Իսկ այժմ չեն շտապում՝ ըստ ամենայնի ցանկանալով թաքցնել տեղաշարժերի զանգվածային բնույթը։ Բացի այդ՝ գարնանն այդ ամենը շատ ցուցադրաբար էր արվում, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բոլոր տեղաշարժերը մաքսիմալ թափանցիկությամբ էր իրականացնում։ Այժմ հակառակն է՝ տեխնիկայի տեղաշարժի տեմպն ավելի ցածր է, սակայն մեր գնահատմամբ՝ հունվարին արդեն այն կգերազանցի գարնանային կուտակումների մակարդակը»։

Ըստ Լևիևի՝ պատերազմական գործողությունների հնարավորության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ապրիլյան սրացման, այս անգամ Ռուսաստանի բանակը սահմանամերձ շրջաններ և Ղրիմ նաև մեծաքանակ զինամթերք է տեղափոխում։ Բացի այդ, փոխվել են հավանական ռազմական գործողությունների թատերաբեմ տեղափոխվող սպառազինության տեխնիկական առանձնահատկությունները։ Ղրիմի թերակղզի տեղափոխվող տանկերն, օրինակ, ըստ Conflict Intelligence Team-ի ղեկավարի, այժմ հակատանկային զինատեսակներից շատ ավելի լավ են պաշտպանված, քան գարնանը։

Առաջին անգամ ուկրաինական ուղղությամբ զորքերի կուտակման մասին շաբաթներ առաջ գրեցին մի շարք արևմտյան պարբերականներ։ Հետագայում նրանց միացան նաև արևմտյան առաջատար պետությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ու Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները։

Նախօրեին ռուսական զորքերի կուտակումների մասին խոսում էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հայտարարելով, թե Բրյուսելում տեսնում են ռուսական զորքերի այն «անսովոր կուտակումները, որ նկատվում են Ուկրաինայի մերձակայքում»։

Նոյեմբերի 25-ին հնարավոր պատերազմի և դրա ծանր հետևանքների մասին խոսեց նաև Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում վերջին օրերն աշխատող Անգելա Մերկելը։

«Առաջնային խնդիրը Ուկրաինայի պարագայում հետևյալն է՝ անել ամեն ինչ հետագա ագրեսիայից խուսափելու համար։ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ցանկացած հարձակման գինը շատ բարձր է լինելու։ Դա ավելի քան հստակ է», - նշում էր Մերկելը, չհստակեցնելով սակայն՝ արդյոք խոսքը Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների՞, թե՞ Ուկրաինա սպառազինության մատակարարումները խթանելու մասին է։

Արևմուտքից հնչող հայտարարությունների ֆոնին Ուկրաինայի զինված ուժերում զորավարժությունները հաջորդում են մեկը մյուսին։ Անցած շաբաթ երկրի հյուսիսում զորավարժություններ էին անցկացնում դեսանտային ստորաբաժանումները, այս շաբաթ արդեն հերթը տանկիստներինն էր։ Ուկրաինական բանակի զրահատանկային ստորաբաժանումները մի քանի օր շարունակ զորախաղեր էին անցկացնում շփման գծի անմիջական հարևանությամբ՝ Դոնբասի այն շրջաններում, որոնք գտնվում են Կիևի վերահսկողության ներքո։

Այս զորավարժությունները, ըստ ռազմական փորձագետների, միայն մեկ նպատակ ունեն՝ ցույց տալ Մոսկվային, որ հնարավոր հարձակման դեպքում ռուսական ուժերն Ուկրաինայի տարածքում լուրջ դիմադրության կհանդիպեն։ Այս մասին նախօրեին հայտարարում էր նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

«Գլխավոր նպատակը Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելն է։ Մոսկվան պետք է հստակորեն պատկերացնի, թե քաղաքական, տնտեսական և մարդկային ինչ կորուստների կբախվի ագրեսիայի նոր փուլ նախաձեռնելու դեպքում», - ասում էր ուկրաինական դիվանագիտության ղեկավարը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պահին որևէ մեկը կանխատեսել չի կարող՝ արդյոք Ռուսաստանն իրո՞ք պատրաստվում է լայնածավալ հարձակման անցնել ուկրաինական ուղղությամբ, թե՞ ոչ։

«Մենք չենք փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Պուտինի գլխում, դա անշնորհակալ գործ է։ Դրա հետ մեկտեղ, մենք աշխատում ենք, որպեսզի [Մոսկվայում] հասկանան՝ Ուկրաինայի դեմ նոր հարձակման համար շատ բարձր գին պետք է վճարվի, ուստի ավելի լավ է զերծ մնալ նման քայլից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG