Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում Մոսկվան շատ ծանր գին կվճարի, պնդում են Կիևն ու դաշնակիցները


Ուկրաինական զինված ուժերի զորավարժություններ Ժիտոմիրի շրջանում, 21-ը նոյեմբերի, 2021թ․
Ուկրաինական զինված ուժերի զորավարժություններ Ժիտոմիրի շրջանում, 21-ը նոյեմբերի, 2021թ․

Պաշտոնական Կիևն ու նրա արևմտյան դաշնակիցները շարունակում են պնդել՝ Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում Մոսկվան շատ ծանր գին կվճարի։ Նախօրեին, մասնավորաբար, այդ մասին էր հայտարարում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

«Գլխավոր նպատակը Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելն է։ Մոսկվան պետք է հստակորեն պատկերացնի, թե քաղաքական, տնտեսական և մարդկային ինչ կորուստների կբախվի ագրեսիայի նոր փուլ նախաձեռնելու դեպքում», - ասում էր ուկրաինական դիվանագիտության ղեկավարը՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին որևէ մեկը կանխատեսել չի կարող՝ արդյոք Ռուսաստանն իրո՞ք պատրաստվում է լայնածավալ հարձակման անցնել ուկրաինական ուղղության վրա, թե՞ ոչ։

«Մենք չենք փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Պուտինի գլխում, դա անշնորհակալ գործ է։ Դրա հետ մեկտեղ, մենք աշխատում ենք, որպեսզի [Մոսկվայում] հասկանան՝ Ուկրաինայի դեմ նոր հարձակման համար շատ բարձր գին պետք է վճարվի, ուստի ավելի լավ է զերծ մնալ նման քայլից», - նշում էր Կուլեբան։

Ստեղծված իրավիճակը գրեթե նույն բառերով էր բնութագրում Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում վերջին օրերն աշխատող Անգելա Մերկելը։ Լեհաստանի վարչապետի հետ Բեռլինում հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ Մերկելը, անդրադառնալով Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակումներին, նույնպես նշում էր՝ նոր պատերազմը կարող է ծանր և անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

«Առաջնային խնդիրը Ուկրաինայի պարագայում հետևյալն է՝ անել ամեն ինչ հետագա ագրեսիայից խուսափելու համար։ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ցանկացած հարձակման գինը շատ բարձր է լինելու։ Դա ավելի քան հստակ է», - նշում էր Մերկելը՝ չհստակեցնելով այդուհանդերձ՝ արդյոք խոսքը Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների՞, թե՞ Ուկրաինա սպառազինության մատակարարումները խթանելու մասին է։

Հյուսիսատլանտյան դաշինքում ևս լրջորեն մտահոգված են Ռուսաստանի վերջին գործողություններով։ «Դաշինքը տեսնում է ռուսական զորքերի այն անսովոր կուտակումը, որ առկա է Ուկրաինայի սահմանների մոտ», - հինգշաբթի երեկոյան Բրյուսելում հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հույս հայտնելովմ սակայն, որ ի վերջո հնարավոր կլինի ուղղակի երկխոսության մեջ մտնել ռուսաստանյան իշխանությունների հետ՝ մեղմելով առկա ճգնաժամը։

«Կարևոր է խոսել, փորձել թուլացնել առկա լարվածությունը։ Դրան զուգահեռ՝ մենք ցավում ենք, որ Ռուսաստանը փակեց Դաշինքի՝ Մոսկվայում գործող գրասենյակն ու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում իր մշտական ներկայացուցչությունը։ Չնայած այդ ամենին՝ մենք պատրաստ ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում հավաքվել և քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված դժվարին և զգայուն իրադրությունը։ Ցավալի է, բայց մինչ այս պահը Ռուսաստանը դրականորեն չի արձագանքել մեր այդ առաջարկին», - ասում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG