Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները


Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ դեկտեմբերի 15-ի բրյուսելյան դեմ առ դեմ հանդիպմանը նոյեմբերի 26-ին նախորդելու են եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները Սոչիում։

Հանդիպման մասին տեղեկացրեց Կրեմլը՝ հավելելով, որ 3 օրից նախատեսված բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։

«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար», - ասված է ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

Լինելո՞ւ է արդյոք դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Փաշինյան-Ալիև-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգում։ Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։ Ավելի վաղ մամուլում արտահոսք եղավ, որ եռակողմ հանդիպման ընթացքում նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող նոր փաստաթուղթ է նախատեսվում ստորագրել։

ԱԺ-ի պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ տեղեկություններ չունի, թե արդյոք սպասվում է նոր եռակողմ հայտարարություն։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչև եռակողմ հանդիպման մասին հայտնի դառնալը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր՝ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, շեշտելով՝ այս պահին։

«Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել բազմիցս հավաստիացմամբ, որ դրան Հայաստանի Հանրապետությունը կողմ է։ Վերջ։ Մենք շահագրգռված ենք, որ օր առաջ սկսվի դա, որպեսզի հստակություն մտնի՝ զրոյական կետը որտեղ է, և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք ա տեղի ունենա նաև այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ», - այսօր ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Բրյուսելյան հանդիպմանն ի՞նչ օրակարգով է գնում Հայաստանը։ Անդրանիկ Քոչարյանը հարցը անպատասխան է թողնում, բայց պնդում է՝ եթե գնում են, ասելիք կամ լսելիք ունենք։

Իշխանության ներկայացուցիչները մոտ մեկ շաբաթ է չեն բացահայտում դեմարկացիային ու դելիմիտացիային վերաբերող ռուսական առաջարկները, որոնց վարչապետը անմիջապես էր տվել իր համաձայնությունը։

«Եթե Հայաստանի վարչապետի համար առաջարկները ընդունելի են, ուրեմն բխում են Հայաստանի շահերից», - Անդրանիկ Քոչարյանի փաստարկն էր։ - «Եթե մեզ Հայաստանի վարչապետը ասում է ընդունելի է, դա նշանակում է նաև զրոյական կետն ա, չէ՞, ընդունում։ Ուրեմն էդ կետը մենք կարողանանք պահենք, եթե էդ կետի գոյությունը ամրապնդվում ա, հաստատվում ա, և պետք ա մտնել անմիջապես դեմարկացիայի և դելիմիտացիայի դաշտ»։

Հարցին, թե ինչ է նշանակում զրոյական կետ, Քոչարյանը պատասխանեց. - «Դա էն իրավական հենքն ա, որտեղից պետք ա ասես՝ էս գիծը որտեղով պետք ա անցնի։ Քսանականների քարտեզը, որ ունի նաև իրավական հիմք, բավականին մեզ տալիս է բանակցելու և ակնկալիք ունենալու հնարավորություն։ Հիմա ո՞նց պետք ա էդ պրոցեսը գնա։ Հիմա, տեսեք, գնալու ա էդ պրոցեսը, բայց պարզվում ա, որ շատ հասարակական կառույցներ կան, որ ասում են՝ բերեք մի հատ մեր հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու, բերեք, ես պիտի տեսնեմ էդ ինչ քարտեզներ են»։

«Ազատության» դիտարկմանը, որ նրանք պնդում են իրենց տեղեկացված լինելու իրավունքը, Քոչարյանն արձագանքեց. - «Որևէ բան գաղտնի չի լինելու ինչ-որ պահից։ Բայց ինչ-որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու ա գաղտնի... Մեր իշխանությունը, այնուամենայնիվ, պահում է ամենակարևոր խոստումը։ Ինքը ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու և դրա համար էլ ինքը ստացել է էդ քվեն»։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ընդդիմությունը չի հավատում իշխանության «ազնիվ խոսքին»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ գործընթացները պետք է հրապարակայնացվեն՝ դրանք այժմ ստվերային որակելով. - «Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրվել է ոչ միայն ժողովրդի թիկունքում, այլ նույնիսկ իշխանությունից գաղտնի՝ մեկ անձի ստորագրությամբ։ Սյունիքից զորքերը հետ են հաշվել էլի ժողովրդի թիկունքում, էլի գաղտնի։ Մինչև հիմա պարզ չի, թե ինչի հիման վրա։ Փաշինյանն ասում է քսանականների քարտեզն է ճիշտ, այնինչ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի զորքերը ետ է քաշել՝ իրենց ասելով, հիմք ընդունելով 1975 թվականի քարտեզը։ Ուղղակի քաոտիկ քաղաքականություն է, որը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այն խարխուլ անվտանգությունը, որը կա, տարածքային ամբողջականությունը, որը կա, ամբողջությամբ ջուրը լցնելու ընթացք է»։

Հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո ռազմական գերատեսչությունը 6 զոհի մասին է հաղորդել ու ոչ մի պարզաբանում չի տվել գերիների, նաև 20-ից ավելի զինվորականների ճակատագրի մասին, որոնց հետ ամսի 16-ից կապը կորել էր։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

Արդեն 8 օր է անցել, «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ ճշգրտումներ պետք է լինեն. - «Քաոտիկ վիճակ առաջացավ լրատվական դաշտում, գերինը տասնվեցն էին, քսանչորսն էին, վեցն էին... Ճշտվեց մի թիվ՝ դա վեց զոհն է, ճշտված փաստն է։ Մնացածը գերի են, անհետ կորած են, զոհված են... դրա ճշգրտումները շատ հնարավոր ա մի փոքր ժամանակ պահանջվի, որպեսզի վերջնական պարզ դառնա, եթե գերեվարված են, ապա ում ձեռքում են գտնվում... Ես կարող եմ օրինակ բերել, որ առաջին պատերազմից անհետ կորածներ ունենք, որ մինչև հիմա սպասում ենք դրա ճշգրտումներին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG