Մատչելիության հղումներ

Երևանը քննարկում է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման «տարբեր տարբերակներ և ձևաչափեր»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Կրեմլում, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Կրեմլում, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի կառավարությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման տարբեր տարբերակներ և ձևաչափեր։ Այս մասին երեկ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումները։

«Տարբեր ձևաչափերի հանդիպումների վերաբերյալ առաջարկները քննարկվում են։ Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի ժամկետների և ձևաչափերի մասին, մենք նախօրոք ողջամիտ ժամկետներում կտեղեկացնենք», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի խոսքերը, հավելելով՝ ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Ռուսաստանցի վերլուծաբանները շեշտում են՝ Մոսկվան հնարավորը կանի, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կայանա մինչև Բրյուսելում նախատեսված հանդիպումը։

Երեկ "Эхо Москвы" ռադիոկայանի եթերում ԱՊՀ հարցերով հայտնի փորձագետ Արկադի Դուբնովը մասնավորապես ասել է, թե եռակողմ հանդիպումը մինչև բրյուսելյան հանդիպումը կկայանա։ Պուտինին չի կարելի որևէ ձևով կորցնել միջնորդական նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում, "Эхо Москвы"-ի եթերում երեկ հայտարարել է փորձագետը՝ հավելելով, թե Բրյուսելի միջնորդությունը կապված է ենթակառուցվածքներում եվրոպական հնարավոր ֆինանսավորման հետ։

Դուբնովն ընդգծում է, որ, մի կողմից, Հայաստանը Մոսկվային այլընտրանք այսօր չունի։ «Եկեք անկեղծ լինենք՝ ի՞նչ Եվրոպա, ի՞նչ պետք է անի Եվրոպան Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հակամարտությունում», - ասում է փորձագետը՝ հավելելով, թե մյուս կողմից՝ Հայաստանում պետք է հստակ գիտակցեն, որ Ռուսաստանի դիրքրորոշումը Հարավային Կովկասում լրջորեն փոխվել է, և Ադրբեջանը այսօր Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, ակնկալել, որ Մոսկվան կաջակցի Երևանին այնպես, ինչպես Անկարան է աջակցում Բաքվին, իհարկե, պետք չէ։

Ռուս փորձագետը նաև կարծիք է հայտնում, որ Մոսկվային շատ դժվար կլինի պայմանավորվել Բաքվի հետ Ղարաբաղում իր խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու համար, հատկապես եթե Բաքուն Մոսկվային մեղադրի հայամետ դիրքորոշման մեջ։

Ռուսաստանցի փորձագետներից շատերն են, ի դեպ, ասում այն մասին, որ իր հարաբերությունները Բաքվի հետ Մոսկվան կառուցում է՝ ելնելով նրանից, որ Բաքուն պետք է չորս տարի հետո իր համաձայնությունը տա, որպեսզի ռուս խաղաղապահները մնան Ղարաբաղում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG