Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ


Եվրոպական խորհրդի հաղորդմամբ, երկու ղեկավարները համաձայնել են հանդիպել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, «Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ: «Նպատակն է մեկ սեղանի շուրջ նստեցնել Փաշինյանին ու Ալիևին՝ վստահությունն ամրապնդող միջոցառումների համար», - ասել է եվրոպացի պաշտոնյան:

Երեկ ԵՄ-ն հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում, ըստ հաղորդագրության, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել էին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

«Առայժմ հստակ չէ` ինչ ձևաչափով է այդ հանդիպումն անցնելու, ԵՄ ղեկավարներից ով է այն նախագահելու, և արդյոք բանակցություններին ներկա են լինելու նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարները», - «Ազատությանը» հայտնել է Եվրամիության պաշտոնյան:

Շառլ Միշելի գրասենյակը հաղորդել էր, թե Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են «քննարկել տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»: Կողմերը նաև համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ: Թե երբվանից է այն գործելու` հաղորդագրությունը չի հստակեցնում:

«Առաջիկա բանակցությունների նպատակն է որոշակի վստահություն հաստատել կողմերի միջև` դրան նպաստող միջոցառումներով, հատկապես` հաղորդակցության ոլորտում», - «Ազատությանը» ասել է եվրոպացի պաշտոնյան, մանրամասնելով, - «խոսքը վերաբերում է տրանսպորտային միջանցքներին Լեռնային Ղարաբաղում, կամ` դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնց համար Եվրամիությունը կարող է ֆինանսավորում տրամադրել: Ծրագրեր, որոնց իրագործմանը պետք է մասնակցեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին` նոյեմբերի 9֊ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրվել էր, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող նոր երթուղու նախագիծ պետք է հաստատվի` կողմերի համաձայնությամբ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Փաստաթղթի ստորագրումից անցել է արդեն մեկ տարի, սակայն, մինչ այժմ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության մասին որևէ բան չի հաղորդվել:

Հարաբերությունները էլ ավելի էին սրվել շաբաթասկզբին, հայ-ադրբեջանական սահմանին բախումներ էին սկսվել, որոնք ամենաթեժն ու արյունալին էին` անցած տարվա 44-օրյա պատերազմից ի վեր: Այդ օրերին Եվրոպական խորհրդի ղեկավարը հեռախոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլյամ Ալիևի հետ, և հորդորել գնալ «շտապ դեէսկալացիայի»։ «Լիարժեք հրադադարի կոչ եմ արել։ Տարածաշրջանում բարդ իրավիճակ է», - «Թվիթերում» գրել էր Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Եվրամիության պաշտոնյայի խոսքով, Շառլ Միշելին հաջողվել է բավական լավ հարաբերություններ հաստատել կողմերի հետ․ - «Վերջին ամիսների ընթացքում նա 4-5 հեռախոսազրույց է ունեցել թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հետ»։ Բացի այդ, ըստ «Ազատության» աղբյուրի, Միշելը պարբերական շփումների մեջ է նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի սկզբին, Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում է նախապատրաստվում Մոսկվայում։ Հայաստանի վարչապետը, սակայն, նույն օրը պնդել էր, թե նման պայմանավորվածություն դեռևս չկա։ Առայժմ անհայտ է՝ Ալիևն ու Փաշինյանը Պուտինի հետ եռակողմ հանդիպում կունենա՞ն, և եթե այո՝ դա կլինի Բրյուսելից հետո՞, թե՞ առաջ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր, հաստատելով առաջիկա՝ բրյուսելյան հանդիպման լուրը, հայտարարել է, թե Բաքվի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ, բազմիցս է բարձրաձայնվել, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

«Այդ կապակցությամբ, կարծում ենք, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և հանդիպումը, որը տեղի կունենա այդ միջոցառման շրջանակներում, կստեղծի հավելյալ հնարավորություններ», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Հայաստանի արտգործնախարարությունը ևս հաստատել է առաջիկա հանդիպման լուրը, բայց որևէ մեկնաբանություն առայժմ չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG