Մատչելիության հղումներ

Լավրովը համոզված է` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպում լինելու է


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև հանդիպում լինելու է:

Եռակողմ բանակցությունների անցկացման մասին Կրեմլը հայտարարել էր այս ամսվա սկզբին, ինչից հետո, սակայն, Հայաստանի վարչապետն ասել էր, թե կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։ Ավելի ուշ Կրեմլի խոսնակը հստակեցրել էր, թե ինչ-որ պահի նման հանդիպման անհրաժեշտություն կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը` չհստակեցնելով՝ այս պահին ով է դրան դեմ և ինչու։

Մինչ այդ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռուսական կողմն այսօր Մոսկվայում քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։ Սերգեյ Լավրովը, սակայն, այս մասին բարձրաձայն որևէ բառ չի ասել ո՛չ եվրոպացի դիվանագետի հետ հանդիպումը սկսելիս, ո՛չ էլ համատեղ մամուլի ասուլիսին, միայն կարճ պատասխան է տվել հարցին:

Հղում անելով Կրեմլի խոսնակին` Լավրովն ընդգծել է, թե նման հանդիպում կայանալու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, ապա վստահեցրել, որ եռակողմ հանդիպումը կկայանա։

ԵԱՀԿ-ն բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է կողմերի դիրքորոշումները միմյանց մոտեցնելու համար

ԵԱՀԿ գործող նախագահը թե՛ հանդիպման բաց հատվածում, թե՛ ասուսիսին անդրադարձել է ղարաբաղյան խնդրին` հայտարարելով, որ ԵԱՀԿ-ն բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է կողմերի դիրքորոշումները միմյանց մոտեցնելու համար։ Եվրոպացի դիվանագետը նաև մի քանի անգամ կրկնել է, թե ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը թե՛ անցած տարի նոյեմբերին, թե՛ մի քանի օր առաջ հրադադարին հասնելու ուղղությամբ, համարում է, որ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ:

«Ողջունում ենք Ռուսաստանի նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ և կողմերի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու ջանքերը», - ասել է նա:

Ընդ որում, բանակցություններն սկսելիս ի տարբերություն Սերգեյ Լավրովի` Անն Լինդեն ընդգծել է այն հարցերը, որ ուզում է քննարկել Ռուսաստանի հետ` տարածաշրջանային խնդիրների շարքում թվարկելով միայն Ուկրաինան և հայ-ադրբեջանական հակամարտությունը:

ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ընդգծել հրադադարը պահպանելու և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Մինչ այդ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Մոսկվան շարունակում է իր միջնորդական գործունեությունը` նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ ռուսական կողմը վերստին հայտարարում է տարածաշրջան համանախագահների այցի անհրաժեշտության մասին։

Հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում և ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի արտգործնախարարն օրերս քննարկել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ Փարիզում պաշտպանության նախարարների մասնակցությամբ 2+2 ձևաչափով հանդիպման ժամանակ: Բանակցություններից հետո Ժան Իվ Լե Դրիանը Le monde-ին տված հարցազրույցում շեշտել էր, թե Փարիզի ու Մոսկվայի երկխոսությունն անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

«Կան նաև հարցեր, որոնց շուրջ մենք կարող ենք աշխատել ռուսների հետ համակարգմամբ կամ համենայն դեպս քննարկել, որպեսզի առաջ շարժվենք, օրինակ՝ Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության հիմքեր դնելու համար», - նկատել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Մոսկվան պարբերաբար նշում է, թե ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո, սակայն սրա հետ մեկտեղ ընդգծում, որ այսօր ավելի կարևոր են այլ՝ ոչ քաղաքական հարցեր՝ հրադադարի պահպանումը և տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակումը։

Զուգահեռաբար Մոսկվան ակտիվորեն առաջ է տանում Բաքվի և Անկարայի նախաձեռնած «3+3» տարածաշրջանային նախագիծը։ Ինչ է իրականում այդ «3+3» հարթակը, առայժմ պաշտոնապես չի հստակեցվում։ Փորձագետների մի մասը շեշտում է, որ Անկարան և Բաքուն այս գաղափարն առաջ են տանում մի կողմից` տարածաշրջանում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դերը նվազեցնելու, մի կողմից` Թուրքիայի դերը մեծացնելու համար:

XS
SM
MD
LG