Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ իրադրության հետագա սրումից


Հայաստանի ԶՈՒ զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողները Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Միջազգային հանրությունը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ իրադրության հետագա սրումից՝ ձեռնամուխ լինելով առարկայական բանակցություններին։

Երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը ռուսական TACC գործակալության հարցմանն ի պատասխան նշել է․ - «Մենք տեսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկությունները։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելով այն բոլոր հարցերի համապարփակ լուծումը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ղարաբաղյան հիմնախնդրին»։

Երեկ երեկոյան Նյու Յորքում կայացած ասուլիսի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող կացությանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Մենք տագնապով ենք հետևում վերջին բռնարարքների մասին տեղեկություններին։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ առաջնորդվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակող հայտարարությունների դրույթներով, բոլոր առկա մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։ Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա վատթարացումից», - հայտարարում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Սյունիքում ծավալված հայ-ադրբեջանական բախումներին անդրադարձել էր նաև ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դը Ռիվերը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի պատրաստվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների թեմայով հատուկ նիստ հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, ֆրանսիացի դիվանագետը չէր բացառել, որ նման հարց կարող է քննարկվել։

Երեքշաբթի ուշ երեկոյան սահմանային մարտերի թեմային հատուկ հայտարարությամբ անդրադարձավ նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։ «Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի շարք հատվածներում իրադրության վատթարացման, ինչպես նաև ծանր սպառազինությունների կիրառման առթիվ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից», - նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունը նաև ընդգծում է,որ հայ - ադրբեջանական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվեն բանակցությունների հիման վրա,որոնք «հեռու կլինեն տեղում կատարված փաստերից»։ Ֆրանսիական արտգործնախարարությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ պաշտոնական Փարիզը պատրաստ է իր ներդրումն ունենալ սահմանազատման և սահմանագծման գործընթացներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG