Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունների առաջին համահավաք ժողովածուն


Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Լրանում է նրա 75-ամյակը, որի առիթով մշակութային տարբեր կենտրոններում նախատեսված են հանդիպումներ նրա գրչընկերների և մտերիմների հետ, նրա թողած գրական ժառանությանը նվիրված քննարկուներ, գրական և թատերական ընթերցումներ, լուսանկարչական ցուցահանդես և «Դուռը» խորագրով գրքի՝ նրա առաջին համահավաք ժողովածուի շնորհանդեսը։

Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը շատերն իրենց սրտի խոսքը կասեն թե' նրա և թե' նրա գրականության մասին։

Այսօր «Ազատության» զրուցակիցն է բանաստեղծ, արձակագիր, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով Սիրադեղյանի հետ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի նույն կուրսում է սովորել։ Մտերիմ են եղել, միմյանց շատ լավ են ճանաչել և միասին են անցկացրել իրենց երիտասարդության մի որոշակի ժամանակահատվածը։

«Գրական նրա մուտքերը նաև ես եմ ներկա եղել՝ «Գարուն» ամսագրում տպագրելով պատմվածքները... Աշխատել ենք իրար հետ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրությունում։ Ես նրա մասին գրել եմ Վասակ Դարբինյանի կազմած Վանո Սիրադեղյանի մասին գրքում... Եվ գրող որպես, որը ափսոս, տեսանելի ժամանակում կիսատ թողեց, բայց գուցե ինքը այդ տարիներին, որ մենակ էր, «Ափսոս էր երեխան» պատմվածքում ինքը իր հեղինակային հերոսին համարում է մենակ, մենակ ժամանակ հավատում եմ, որ գրած կլինի գործեր անպայման։ Չէր կարող չգրել, որովհետև մենակ մարդու, մանավանդ գրողի մխիթարանքը հենց գրականությունը պիտի լինի։ Եվ իր մենակության պահերը, որ ինքը նկարագրել ա, կարտահայտվի միայն գրի մեջ, և արտահայտվել ա «Ափսոս էր երեխան» հրաշալի պատմվածքում։ Ցավալի կորուստ էր։ Նրա մարդկային կերպարի մասին... բարդ, և' կամայականություն ուներ, և' հետաքրքիր ձեռնարկներ, մտահղացումներ»։

Խոսելով Վանո Սիրադեղյան հասարարական ու քաղաքական գործչի մասին՝ Միլիտոնյանն ասաց. - «Բարձր եմ գնահատում նրա որպես Ներքին գործոց նախարար գողերի, հեղինակությունների, մյուսների դեմ պայքարը, որ 90-ականների սկզբին Հայաստանը տակնուվրա էին անում իրենց գործողություններով։ Վանո Սիրադեղյանը կարողացավ դրա դեմը առնել։ Եվ որպես քաղաքապետ էլ ինքը հետաքրքիր ձեռնարկներ ունեցավ։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Մտավ ինքը Շարժման մեջ, ես շատ մոտիկից գիտեի Վանոյին, ասեցի, որ ինքը դառնալու է ուժային նախարարություններից մեկի նախարար։ Իր նատուրայով ոչ թե սիրում էր իշխանություն, չէ, դրա մասին չի խոսքը, բայց կտրուկ գործողություններ անելու ինքը կողմնակից էր»։

Վանո Սիրադեղյանի թողած գրական ժառանգությունը դեռ կունենա համարժեք գնահատականը, իսկ այսօր, ինչպես ասում է Էդվարդ Միլիտոնյանը. - «Իր առաջին գիրքը՝ «Կիրակին» շատ լավ ընդունվեց, հետո «Ծանր լույս» վիպակը գրեց... Ես իր «Ափսոս էր երեխան» պատմվածքում զգացի, ինքը ինչքան է ափսոսում, որ ինքը ժամանակ չունեցավ կամ մտավ քաղաքական այդ հորձանուտի մեջ և փաստորեն կտրվեց իր գրական հունից, որ շատ էր սիրում։ Մի օր զրուցում էինք Վանոյի հետ, ասի՝ քո մեջ չեխովյան էդ թեթև, բայց տակը կենցաղի տխուր բանը կա։ Ասեց՝ ես ուսումնասիրել եմ մեր արձակը, տեսել եմ, որ էդպիսի մի նիշ կա ազատ, որ էդ նիշը պիտի լրացնեմ։ Այսինքն՝ նախանշած մի ուղի էր իր համար սահմանել ինքը։ Իր ոճով, իր բանով, ես ափսոսում եմ, ինքը կարող էր մեծ կտավի գործեր ստեղծել, իր բնույթին դա հարիր էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG