Մատչելիության հղումներ

Մահվանից գրեթե մեկ ամիս անց էլ պարզ չէ՝ երբ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան


Գրող, պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքի հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց դեռ պարզ չէ՝ երբ է տեղափոխվելու 20-ից ավելի տարիները օտարության և անհայտության մեջ ապրած Սիրադեղյանի աճյունը Հայաստան, որ գերեզամանատանն է այն հուղարկավորվելու։

Այս հարցով վարչապետի որոշմամբ հատուկ հանձնաժողով ձևավորվեց, կառավարական հանձնաժողովի առաջին նիստը երկու օր առաջ՝ նոյեմբերի 8-ին է կայացել։ Լուրը հաստաստեց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, որը այդ հանձնաժողովի անդամներից է։

Նա առայժմ մանրամասներ չի ցանկանում հաղորդել այս հանդիպումից՝ հորդորելով մի քանի օր էլ սպասել։

Ուշագրավ է, որ նիստի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն։ Այն նախագահող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առայժմ չի արձագանքել «Ազատության» հարցմանը։

Մամուլը, մասնավորապես,«Չորրորդ իշխանությունը», արդեն որոշ մանրամասներ է հրապարակել առաջին նիստից։ Ըստ թերթի, որևէ հարցի կոնկրետ պատասխան չի տրվել, այդուհանդերձ պարզ է, որ իշխանությունը հակված չէ Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում, ինչը գրողի կուսակից ընկերների, ազգականների պահանջն է։

Թերթը մեկնաբանում է՝ կարծիք է հնչել, որ «հիմա գրողին չեն թաղում, այլ պետական քաղաքական գործչին»: Փոխարենը առաջարկ է հնչել «Սիրադեղյանին հուղարակվորել Երևանի քաղաքային պանթեոնում՝ Թոխմախում. առանձին մի վայրում, որը կդառնա քաղաքական գործիչների գերեզմանոց»։

Ընտանիքը դեմ է այս առաջարկին։ Այս հրապարակումից հետո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանն է գրել Ֆեյսբուքում․ - «Վանոն պետության հիմնադիրներից է, և որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ, ունի պատմական լիիրավ իրավունք՝ հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան պանթեոնում»։

Նա ընդգծել է՝ այս պահանջը չկատարելու դեպքում, հորը կհուղարկավորեն բացառապես ընտանեկան գերեզմանատանը։

Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ, Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցրած Վանո Սիրադեղյանը, որ 1998-ի իշխանափոխությունից հետո մեղադրվում էր մի շարք ծանր հոդվածներով և գտնվում հետախուզման մեջ, ընտանիքի փոխանցմամբ, մահացել է հոկտեմբերի15-ին։ Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» ավելի վաղ հայտնել էր, որ ամուսնու «ծանր վերադարձը» Հայաստան ինքն է իրականացնելու։ Մահից գրեթե մեկ ամիս անց, սակայն, այս հրացն էլ լուծված չէ։

Նոյեմբերի 13-ին Սիրադեղյանը կդառնար 75 տարեկան։ Այս օրը գրողին, պետական և քաղաքական գործչին նվիրված միջոցառումների շարք է սպասվում՝ հեռահար նպատակով՝ նոյմեբերի 13-ն ամրագրել որպես սիրադեղյանական օր։

XS
SM
MD
LG