Մատչելիության հղումներ

Խաղաղության դարաշրջանը վաղուց բաց ենք թողել, հիմա կարող է լինել չռմբակոծումների շրջան. Պասկևիչյան


Վանո Սիրադեղյան պետական ու քաղաքական գործչի, տաղանդավոր գրողի ու վառ անհատականության մասին է խոսում հրապարակախոս և լրագրող Տիգրան Պասկևիչյանը «Ազատության» տաղավարում։

«Ազատություն». - Դուք նրա հեռանալուց հետո որևէ կապ ունեցե՞լ եք։

Պասկևիչյան. - Ոչ։

«Ազատություն». - Արդյո՞ք տեղյակ եք, ընտանիքը, գուցե Կոնգրեսը 2018-ի հեղափոխությունից հետո դիմե՞լ էր իշխանություններին նրան վերադարձնելու, գուցե գործը վերաբացելու, արդարացնելու...

Պասկևիչյան. - Լևոն Զուրաբյանը ինձ ասել է, որ դիմել են և' նախորդ իշխանություններին, և' ներկա իշխանություններին, բայց, պարզ է, որ էդ դիմումները չեն ընդունվել, ընդառաջ չեն գնացել։

«Ազատություն». - Այս իշխանությունների օրոք ինչո՞ւ դա տեղի չունեցավ։

Պասկևիչյան. - Շատ բարց խնդիր ա Վանո Սիրադեղյանի հետ համակեցությունը։ Կարծում եմ, բոլոր իշխանությունների համար՝ և' Ռոբերտ Քոչարյանի, և' Սերժ Սարգսյանի, և' Նիկոլ Փաշինյանի համար Վանո Սիրադեղյանը Հայաստանում լուրջ խնդիր էր, Վանո Սիրադեղյանը Հայաստանում՝ բանտում, առավել լուրջ խնդիր էր, և էդ պատճառով նրանցից ոչ ոք... Քոչարյանը պարզ էր, Սերժ Սարգսյանի օրոք, եթե հիշում եք, եղան ինչ-որ ակցիաներ, փորձեր, ստորագրահավաքներ, բայց ոչ ոք չէր ցանկանում, որ նա էստեղ լինի։ Որովհետև, այնուամենայնիվ, հենց Վանո Սիրադեղյանն էր ընտրվել որպես անկախության ակունքների, այս շարժման գլխավոր խարիզմատիկ ֆիգուր։

«Ազատություն». - Դա Փաշինյանն էլ է ոչ մեկ անգամ ընդունել, նաև պատմել է, որ ուսուցիչ է նրան ճանաչել։ Եվ էստեղ տարբերություն կա, որ նրա օրոք գուցե պիտի հետ գար Սիրադեղյանը։

Պասկևիչյան. - Հենց նրա օրոք կարող էր հետ չգալ։ Թերևս ամենահավանականը, որ կարելի էր դիտարկել, դա Սերժ Սարգսյանի օրոք հետ գալն էր։ Որ կարող էր հետ գալ, դատական պրոցես կազմակերպվեր ինչ-որ ձևով։ Բայց հենց խնդիրը դատական պրոցեսի մեջ ա, որովհետև երբ որ Վանո Սիրադեղյանը գնաց, ստեղծվեց մի իրավիճակ, որ կար մի գործ, որը դատական հեռանկար չուներ։ Հենց էդ պատճառով Վանո Սիրադեղյանը գնաց։

«Ազատություն». - Այսինքն՝ դուք հաստատապես կանեիք պնդում, որ ամբողջությամբ էդ գործը սարքած էր, սպանություններ պատվիրելու մեղադրանքը...

Պասկևիչյան. - Ես ինձ թույլ չեմ տա նման պնդում անել։ Ես կարող եմ անել քաղաքական եզրակացություններ։ Ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, քանի որ, ճիշտ է, հեղաշրջում արեցին երեքով՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բայց Ռոբերտ Քոչարյանը այնուամենայնիվ մենակ էր, ինքը նոր մարդ էր ավելի, Սերժ Սարգսյանը համեմատաբար ավելի հին էր էստեղ, և էդ մենակությունից ինքը վախենում էր։ Եվ էդ մենակության վախը փարատելու համար իրեն պետք էր մի խարիզմատիկ ֆիգուր, որին պետք է ինքը զոհաբերեր, որպեսզի համակարգերին ազդանշան տար, որ ինքը իրավիճակի տերն ա։ Եվ որ ասում եմ դատական հեռանկար չունեցող գործ էր, նկատի ունեմ էն, որ էստեղ նստած ա նախագահ Քոչարյանը, էստեղ բանտում նստած ա Վանո Սիրադեղյանը... մի հատ փորձենք պատկերացնել դատախազների, քննիչների, դատավորների վիճակը։ Ի՞նչ պիտի անեն, երբ որ էստեղ Քոչարյանն ա, էստեղ Վանո Սիրադեղյանն ա։ Եվ Վանո Սիրադեղյանը, կարծում եմ, կատարեց էդ ժամանակի համար ամենատրամաբանական քայլը, ամենատրամաբանական որոշումն ընդունեց՝ հեռանալ Հայաստանից և չդառնալ էդ համակարգերի և ինչ-որ տեղ նաև հիվանդ հասարակության քավության նոխազ։ Երբ որ ինքը ասում էր՝ ես քավության նոխազ չէի ուզում դառնալ, ինքը հենց էդ նկատի ուներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG