Մատչելիության հղումներ

Վանո Սիրադեղյանի հարազատները սպասում էին նրա վերադարձին՝ չիմանալով գտնվելու վայրը


Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիում ասում են՝ 22 տարի սպասեցին իրենց համագյուղացուն՝ չիմանալով նրա գտնվելու վայրը։

Օրեր առաջ օտարության մեջ իր մահկանացուն կնքած գրող, պետական ու քաղաքական գործիչ Սիրադեղյանի հորեղբոր թոռը՝ Շմավոն Սիրադեղյանը կարծում է՝ մեկ ամիս անց՝ 75-ամյակին, Վանոն հաստատ Հայաստան կգար։

«Մենք հույս ունեինք, որ կգա, բայց, ցավոք, չստացվեց։ Ինձ թվում ա՝ 75-ամյակին կլիներ Հայաստանում, հիմա թե որտեղ ա ինքը եղել, որտեղ չի եղել, 75-ամյակին կգար երևի թե», - նշեց Շմավոն Սիրադեղյանը։

Գյուղում Վանո Սիրադեղյանի հայրական տանն ապրում է նրա 85-ամյա եղբայրը, Սերոժ Սիրադեղյանը։ Այս օրերին Երևանում է՝ եղբոր ընտանիքի կողքին։ Հարևանությամբ ապրող Շմավոնն է ցույց տալիս տունը։

Վանո Սիրադեղյանի հայրական տունը Կոթի գյուղում
Վանո Սիրադեղյանի հայրական տունը Կոթի գյուղում

Անդրանիկ Մամյանը գյուղապետարանում է աշխատում։ Տարիներ շարունակ Կոթիում ընտրական հանձնաժողովի անդամ է եղել։ Ասում է՝ մտքից չի գնում՝ ինչպես երկու անգամ գյուղովի միահամուռ քվեարկեցին ու Ազգային ժողով ուղարկեցին Վանոյին։ Թասիբի հարց էր, ասում է։

«Մանդատը, որ խլել էին ու էլի հետ վերադարձրին, մեր գյուղը 80-ից ավելի տոկոսով ընտրեց, մի հատ տենց հոդված եկավ՝ Կոթին ընդդեմ Հայաստանի, իբր պատերազմ ա՝ ոթին ընդդեմ Հայաստանի, որ Վանոյին նորից հետ վերադարձրին, մեկ ա գալու էր ու նա պետք էլ էր, այսինքն ինքը մենակ մնաց, ես կարամ ասեմ, շատ-շատերը հետևից գնում էին, ու ճանապարհից հետ դարձան, ինքը մնաց մենակ», - ասաց Շմավոն Սիրադեղյանը։

Հայաստանում մոտ 10 տարի տարբեր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած ու քաղաքական սպանությունների, հետապնդումների և պետական միջոցները յուրացնելու մեղադրանքով 22 տարի հետախուզման մեջ եղած Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին դեռ բոլորը լռում են։ Անգամ նրա ամենամերձավոր հարազատներն ասում են՝ անցած տարիներին երբևէ չեն տեսել նրան, կապի մեջ չեն եղել նրա հետ, գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել։ Նրա կուսակից ընկերների միջոցով հայտնի է միայն, որ արտերկրում ապրել է փոխված անունով։

«Նույնիսկ մայրը մահացավ, ես մասնակից եմ եղել, մինչև լույս՝ 4-5-ը նստել ենք իրանց տունը, չենք նկատել իրան, չի եկել ինքը։ Իր եղբայրը ստեղ ապրում է, իրենից հարցրել ենք ինքն էլ տեղյակ չի, կարող է տեղյակ է մեզ չի ասում, բայց մենք տեղյակ չենք», - ասաց Կոթի բնակիչներից մեկը։

Նրա եղբորորդին՝ Կոթիի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանն ասում է՝ չի էլ հետաքրքրվել՝ որտեղ է իր հորեղբայրը, իմանար՝ հանկարծ լեզվից թռցներ ու լուրը հասներ այնտեղ, ուր պետք չէր։

«Ընտանիքը 9 հոգուց է բաղկացած՝ երեք տղա, 6 աղջիկ, ամեն մեկն ունեն 3-4 երեխա, ես էլ նրանցից մեկն եմ, պատկերացրեք, եթե ես իմանայի կամ այդ բոլորն իմանային, թե Վանոն որտեղ է, նշանակում է, որ մոտ 30 մարդ իմանալու էր, եթե այդ 30 մարդն իմանար, ուրեմն վաղը, մյուս օրը պետական էն բարձր մարմինները նույնպես կիմանային, թե Վանոն որտեղ է։ Մենք ուղղակի իր ընտանիքի հետ շփվում ենք, կնոջ, երեխաների հետ՝ ո՞նց է մեր հորեղբայրը, առո՞ղջ է, այդքանը բավարար էր», - նշեց Մուշեղ Սիրադեղյանը։

XS
SM
MD
LG