Մատչելիության հղումներ

Երաժշտարվեստի բնագավառը շարունակում է ամենաաշխույժը լինել մեր մշակութային կյանքում


Ավարտվեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց մեկ ամիս տևած «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որն ամեն տարի Հայաստան է բերում աշխարհահռչակ երաժիշտ կատարողների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

Օպերային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում երեք օր շարունակ ներկայացվում էր Վերդիի հանրահայտ «Աիդա» օպերան՝ մեր լավագույն մեներգիչների մասնակցությամբ և իտալացի հանրահայտ օպերային ռեժիսոր Մարիո Կորադիի բեմադրությամբ։

Մենահամերգով հանդես կգա Վարսենիկ Ավանյանը

Ամենատարբեր համերգներ են տեղի ունենում թե' հայ, թե' արտասահմանցի երաժիշտների կատարմամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, որտեղ այսօր երեկոյան տեղի կունենա օպերային թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը՝ «Աշնանային երկխոսություն» խորագրի ներքո։

Ուշագրավ է, որ ի հեճուկս համավարակի այս չավարտվող ժամանակաշրջանի, Վարսենիկ Ավանյանը հանդես էր գալիս ամենատարբեր երաժշտական նախաձեռնություններով, անգամ մոնոօպերայի բեմադրությամբ՝ կրկին ու կրկին հիացնելով մեր երաժշտասերներին իր կատարումներով։

Այս համերգը փաստորեն ամփոփում է նրա ստեղծագործական գործունեության վերջին մեկ տարին։

Օրերս Կամերային երաժշտության տանը առաջին անգամ միասին համերգով հանդես եկան մեր լավագույն երաժիշտներից դաշնակահար Հայկ Մելիքյանն ու թավջութակահար Սևակ Ավանեսյանը՝ ներկայացնելով 20-րդ դարի և ժամանակակից լավագույն հեղինակների ստեղծագործություններ։

Մեկնարկում է «Հայահավաք» ծրագիրը

Իսկ նոյեմբերի 7-ին կրկին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հայահավաք» խորագրով ծրագրի առաջին համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ՝ սիրիահայ անվանի երաժիշտ Միսաք Պաղպուտարյանի ղեկավարությամբ։

Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է և գեղարվեստական ղեկավարը։ Բազմաթիվ հաջողություններ է գրանցել նաև այլ երկրներում հանդես գալով, և ահա «Հայահավաք» ծրագրի մեկնարկը հենց նրա ղեկավարությամբ է տրվելու։ Այս ծրագիրը նպատակ ունի համախմբել հայաստանցի և սփյուռքահայ երաժիշտներին՝ է'լ ավելի նպաստելու Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը։

Համերգ՝ ի խոնարումն 44-օրյա պատերազմի հերոսների

Եվ վերջապես, նոյեմբերի 9-ին կրկին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ «44» խորագրի ներքո՝ ի խոնարումն 44-օրյա պատերազմի հերոսների։

Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգի ընթացքում տեղի կունենա համաշխարհային պրեմիերա՝ կհնչի Վաչե Շարաֆյանի հատուկ «Տաղարանի» և Սևակ Ավանեսյանի համար գրված «Ձայն Հիշողության» ստեղծագործությունը։

Բելգիայում բնակվող աշխարհահռչակ թավջութկահար Սևակ Ավանեսյանը պատերազմի օրերին եկել էր Արցախը պաշտպանելու՝ իր հետ բերելով նաև իր թավջութակը։ Նա վերջինն էր, որ կոմիտասյան «Կռունկն» էր նվագել Շուշիի հանձնումից օրեր առաջ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Մի առիթով պատմում էր, որ մինչ այդ երբեք այդ ստեղծագործությունը չէր կատարել, բայց այդ օրն ակամայից մատներն ու հոգին «Կռունկը» նվագեցին։

XS
SM
MD
LG