Մատչելիության հղումներ

Ստացվում է գերմանացի երաժիշտների և հայ երաժիշտների հրաշալի, գեղեցիկ համագործակցություն. Ռոբերտ Մլքեյան


Հայաստանի պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան
Հայաստանի պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան

Հոկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը, որը վերջին անգամ Հայաստանում կատարվել է ավելի քան 20 տարի առաջ:

Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան/), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան), Տիրամայր Հայաստանի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Ի դեպ, հենց Ռոբերտ Մլքեյանի նախաձեռնությամբ մեկ ու կես տարի առաջ նույն Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեց Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննեսի» ստեղծագործությունը՝ գերմանացի անվանի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ:

Հոկտեմբերի 6-ի համերգը նույնպես կղեկավարի Ֆիլիպ Ամելուգը: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև գերմանացի 6 անվանի մենակատարներ, այդ թվում՝ մեր հայրենակից Սեդա Ամիր-Կարայանը:

Ֆիլիպ Ամելունգը համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր, որ այս համերգն իր համար յուրահատուկ է, քանի որ առաջինն է, որին մասնակցում է համավարակային երկարատև դադարից հետո: Ոշագրավ է, որ մինչև համավարակի բռնկումը, վերջին մեծ համերգը ղեկավարել է կրկին Հայաստանում, կրկին Ռոբերտ Մլքեյանի հրավերով և կրկին կատարվել է Բախի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննեսի» ստեղծագործությունը։

Գերմանացի դիրիժորը ընդգծում էր, որ հոկտեմբերի 6-ին հնչելիք Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը մինչ հիմա ղեկավարել է չորս անգամ, որոնցից լավագույնը համարում է Լապցիգի Սուրբ Թովմասի եկեղեցում տեղի ունեցածը, քանի որ, իր խոսքով, այդտեղ 1727 թվականին Բախն անձամբ է ղեկավարել այդ ստեղծագործության կատարումը: Ամելունգը նաև համոզված է, որ հայաստանյան կատարումն էլ չի զիջելու լայպցիգյան իրենց կատարմանը, քանի որ այստեղ ևս ներգրավված են հրաշալի երաժշտախմբեր և մենակատարներ:

Ինչո՞ւ է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստաական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը Բախի այս բացառիկ համարում ունեցող ստեղծագործությունների կատարման համար Գերմանիայից երաժիշտներ հրավիրում:

«Ես դեռ շուտվանից ունեի երազանք, որ Հայաստանում ի վերջո հավուր պատշաճի կատարվի «Չարչարանքները» և' ըստ Հովհաննեսի, և' ըստ Մատթեոսի։ Մենք ունենք հրաշալի վոկալ դպրոց, հրաշալի երգիչներ, նույնիսկ համաշխարհային նշանակության երգիչներ։ Բայց իրենք դեռ կարող են երգել ամեն ինչ, բացի Բախից։ Ինչո՞ւ։ Բախի ստեղծագործությունների սպեցիֆիկան երգեցողության այստեղ ընդհանրապես չի դասավանդվում, ընդհանրապես չեն անցնում դա վոկալիստները։ Եվ եթե իրանք ընկնում են Գերմանիա ուսման, միգուցե հնարավոր է որոշ չափով առնչվեն էդպիսի երգեցողության հետ, հակառակ պարագայում դա տեղի չի ունենում։ Որովհետև Բախ երգելու համար բոլոր երկրները ունեն արդեն ինստիտուտներ, հատուկ Բախ ուսումնասիրելու համար կառուցվում են երաժշտական ակադեմիաներ։ Պատկերացո՞ւմ եք էդպիսի մարդիկ, որոնք որ էդ ամեն ինչի մեջ են, ինչպես են երգում ու մոտենում Բախին»...

Ռոբերտ Մլքեյանին և Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի ջանքերով հնարավոր դարձել կազմակերպել հայ և գերմանացի երաժիշտների համագործակցությունը, որը, Մլքեյանի համոզմամբ, կունենա իր հետագա արդյունավետ ընթացքը. - «Ստացվեց, որ Հայաստանի երեք երգչախումբ, մեկ օրկեստր միասնաբար կատարելու են «Չարչարանքներ ըստ Մատթեոսի», որը աշխարհում իրա նմանը չունի, հսկա մի սար է դա։ Բայց, քանի որ մենք դեռ չունենք էդ մտադրությունը Հայաստանում՝ ստեղծել էդպիսի դպրոց, և չունենք հնարավորություն մի քանի երեխա գործուղել Գերմանիա՝ հատուկ Բախի երաժշտությունը ուսանելու համար, ուստի նորից Ամելուրգին խնդրեցին, որ իր հետ բերի իր մենակատարներին։ Հիմա ստացվում է հրաշալի, գեղեցիկ համագործակցություն գերմանացի երաժիշտների և հայ երաժիշտների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG