Մատչելիության հղումներ

«Թե՛ այս երկիրը, թե՛ իր երաժշտությունը մի առանձնահատուկ որակ ունեն». Ֆեդերիկո Մոնդելչի


Հոկտեմբերի 26-ին և հոկտեմբերի 28-ին մեր երաժշտասերները Արամ Խաչատրյան համերգասրահում հնարավորություն ունեն վայելել իտալացի հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի կատարումները Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ։ Վաղվա համերգի ընթացքում հնչելու են Ազնավուրի և Թարիվերդիևի ստեղծագործությունները, իսկ հոկտեմբերի 28-ին կայանալիք համերգը նվիրված է Աստոր Պիացոլլայի ծննդյան 100-ամյա հոբելյանին և հնչելու են միմիայն Պիացոլլայի ստեղծագործությունները՝ իտալացի անվանի ակորդեոնահար Սիմոնե Զանկինիի մասնակցությամբ։

Համերգներից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգների կազմակերպիչ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց, որ ծրագիրը համատեղ են ընտրել, Ֆեդերիկո Մոնդելչին նաև վաղվա համերգի դիրիժորն է, իսկ Պիացոլլային նվիրված հոբելյանական համերգի դիրիժորը Հարություն Արզումանյանն է։

«Սիմոնե Զանկինին երկրորդ անգամն է լինելու Հայաստանում, իսկ Ֆեդերիկո Մոնդելչին արդեն չենք հիշում քանակը, թե քանի անգամ է եկել: Շատ սիրված է մեր հանդիսատեսի կողմից, մենք նախապես էինք պլանավորել այս համերգն անել, ուղղակի քովիդով պայմանավորված հետաձգվեց ոչ մասին այդ համերգը, այլ նաև ուրիշ համերգներ ունեինք, որ հետաձգվեցինք, բայց բարեբախտաբար արդեն ստացվեց, որ այս անգամ կարողանանք նվագել այս ծրագիրը», - ասաց Արզումանյանը:

Ֆեդերիկո Մոնդելչին շեշտեց, որ միշտ էլ մեծագույն սիրով է Հայաստան գալիս հանդես գալու ամենատարբեր համերգներով։ «Ազատության» հարցին, թե որն է Հայաստանի հանդեպ իր սիրո պատճառը, պատասխանեց. «Թե՛ այս երկիրը, թե՛ իր երաժշտությունը մի առանձնահատուկ որակ ունեն։ Անգամ Մանսուրյանի և Բաբաջանյանի կինոերաժշտության մեջ դու միշտ զգում ես Հայաստանի հոգին։ Հայկական երաժշտությունն, իրոք, արտահայտում է ժողովրդի ձայնն ու ոգին»:

Իտալացի սաքսոֆոնահարը շեշտեց, որ որպես հոգևոր, երկնային երաժշտություն չափազանց բարձր է գնահատում Կոմիտասի ստեղծագործությունները, որ կատարել է նաև թե՛ Իտալիայում, թե՛ այլ երկրներում։ Երաժշտությունը բարձրագույն արժեք է, որը կրում է ամբողջ կյանքում և փոխանցում մարդկանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG