Մատչելիության հղումներ

Մարզահամերգային համալիրում այսօր հանդես կգա բրիտանացի աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսը՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ


Այս օրերին «Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգների ընթացքում իրենց կատարումներն են մատուցում տարբեր երկրներից ժամանող հանրաճանաչ երաժիշտներ։ Այսօր երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա բրիտանացի աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսը՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դերիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Համերգային ծրագիրը ներառում է Արվո Պյարտի ,,Cantus,, Բենջամին Բրիտենի հիշատակին նվիրված ստեղծագործությունը, Ալեքսեյ Շորի «Երաժշտական ուխտագնացություն» խորագրով թավջութակի կոնցերտը և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Սթիվեն Իսերլիսը բազմիցս է իր կատարումներով հիացրել հայ երաժշտասերներին։ Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել 1984 թվականին։ Անվանի երաժիշտը նվագում է Ստրադիվարիուսի 1726 թվականին պատրաստած «Մարկիզ դե Կորբերոն» կոչվող թավջութակը, որը նրան է տրամադրել Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան։

Սթիվեն Իսերլիսն արդեն մի քանի տասնամյակ հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմահարթակներում՝ ամենահայտնի նվագախմբերի հետ կամ մենակատարումներով։ Նրա երկացանկն ընդգրկում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Նա նաև գրքեր է գրում երեխաների համար, որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով։ Նրա «Ինչո՞ւ է բարկանում Բեթհովենը» մանկական գիրքը հայերեն ևս թարգմանվել է։

«Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և ավարտվում է ճիշտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին կայանալիք համերգով՝ մեկ այլ աշխարհահռչակ երաժշտի՝ դաշնակահար Միխայիլ Պլետմյովի մասնակցությամբ։

Փառատոնն այս մեկ ամսվա ընթացքում երաժշտասերներին է մատուցել 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգներ, որոնց ընթացքում հանդես են եկել 17 մենակատարներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, համերգներն էլ ղեկավարել են 11 անվանի դիրիժորներ տարբեր երկրներից։

«Ազատության» հարցին, թե համավարակային այս բարդ իրավիճակում ինչպե՞ս են կարողացել նման փառատոն կազմակերպել, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ասաց․ «Նվագախումբը բավականին երկար տարիներ համագործակցում է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի հետ, և մենք երկու կազմակերպությունների համագործակցության արդյունքում այս տարի ունեցանք աննախադեպ փառատոն՝ «Արմենիա» միջազգային փառատոնը և Հայաստան հրավիրեցինք աշխարհահռչակ արտիստների։ Հոկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի փակման համերգը»։

Ըստ նրա՝ փառատոնի ու իրենց նվագախմբի համերգային գործունեության մեջ կարևոր տեղ ունեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները. «Այս դեպքում ներկայացրինք Ստեփան Շաքարյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները, որոնք երկար ժամանակ չէին հնչել, բնականաբար տեսագրվեցին և ձայնագրվեցին, և մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ շուտով դրանք կտեղադրվեն մեդիա հարթակներում»։

Հավելենք, որ մեկ ամիս անց էլ՝ դեկտեմբերին, կմեկնարկի նվագախմբի հիմնադրած մեկ այլ՝ Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային երաժշտական փառատոնը՝ «Երեք ընկեր» խորագրի ներքո։ Փառատոնի ընթացքում ներկայացվելու են Պրոկոֆևի, Շոստոկովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG