Մատչելիության հղումներ

«Սպարտակի» գրիգորովիչյան բեմադրությունը վերադառնում է երևանյան բեմ


Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սպարտակ» բալետը դեռ խորհրդային տարիներից մշտապես մեր օպերային թատրոնի խաղացանկում էր, իսկ 2009 թվականին ռուս ականավոր բեմադրիչ Յուրի Գրիգորովիչը իր հանրահայտ բեմադրությամբ «Սպարտակ»-ը ներկայացրեց մեր երաժշտասեր հանրությանը։

Եվ ահա այսօր երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյայնի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա երկարատև դադարից հետո վերականգնված «Սպարտակի» գրիգորովիչյան բեմադրությունը, որի երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է:

«Ազատության» հետ զրույցում Դուրգարյանը շեշտեց. - «Ես շատ ուրախ եմ, որ «Սպարտակը» տուն է վերադառնում երկար տարիներից հետո։ Եվ ուրախ եմ, որ վերադառնալուց հետո ինքը մնալու է ռեպերտուարի մեջ, Աստված առաջ, որ լիցենզիաները կստորագրվեն, և մենք իրավունք կունենանք այս ներկայացումը ունենալ։ Անշուշտ, ներկայացումը քանի գնա, այնքան ավելի թրծված կլինի և ավելի որակով կլինի»։

Հարցին, թե արդյոք բարդ էր ներկայացումը վերականգնելը, Դուրգարյանը պատասխանեց. - «Բարդություններ ցանկացած աշխատանքում կան»։

Նա չցանկացավ ասել, թե ինչ նոր ներկայացման վրա են աշխատում. - «Չեմ ուզում չակերտները բացել, բայց Աստված հաջողի, մի հատ լավ ներկայացում կունենանք»։

«Սպարտակի» նոր բեմադրությունը հնարավոր է դարձել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Բալետի պրեմիերայից առաջ լրագրողների հանդիպման ժամանակ փոխնախարար Արա Խզմալյանը շեշտեց, որ դեռ այս տարվա փետրվար ամսին էին որոշել վերականգնել այս բալետային բեմադրությունը. - «Այս ներկայացումը երկու կարևոր նպատակ էր հետապնդում։ Նախ, սա այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է մոբիլիզացնել ամբողջ թատերախումբը, ամբողջ պարային խումբը և միանգամից այս փորձերի և ներկայացումների արդյունքում մարզական վիճակի բերել և վերականգնել կոլեկտիվի լիարժեք աշխատանքային վիճակը։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ հետպատերազմական շրջանում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը, վերադարձնելու հերոսական ապրումները։ Դժվար է պատկերացնել ավելի հարմար, նպատակին համապատասխան ավելի մեծ գործ, քան «Սպարտակն» է՝ լուծելու հենց այս լրջագույն երկու կարևոր խնդիրները՝ հանրության բարոյահոգեբանական վիճակի կարգավորում և ստեղծագործական խմբին աշխատանքային վիճակի վերադարձնելու խնդիրները։ Եվ ի վերջո, կարծում եմ, որ բոլորս ընդունում ենք, որ Հայաստանի ազգային թատրոնը օպերայի և բալետի չի կարող չունենալ իր խաղացանկում «Սպարտակ»։ Եզակի թատրոններից է, որ Խաչատրյանի երեք գործերն էլ խաղացանկում ունի»։

Թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Գրիգորյանի խոսքով, այս անգամ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել գրիգորովիչյան բեմադրության մեջ, բայց հենց Յուրի Գրիգորովիչի ուղարկած մասնագետներն են նաև ներգրավված այս նոր բեմադրության իրականացման մեջ. - «Ինչպես գիտեք, բացի փորձավարներից, մեզ մոտ նաև տեխնիկական խումբ կա՝ Գրիգորովիչի կողմից ուղարկված, և' լուսային տեխնիկայի հետ կապված, և' դեկորացիաների։ Իմիջիայլոց, շատ խստապահանջ են, ինչ-որ բաներ ավելացրել են։ Եթե նախորդ ներկայացումը էդքան մոտ չէր Մեծ թատրոնի գրիգորովիչյան «Սպարտակին», հիմա և' երաժշտական առումով, և' բեմադրական առումով, դեկորացիաների առումով փոփոխություններ կատարվում են՝ իհարկե մեծ մաեստրոյի պահանջով։ Պարոն Դուրգարյանն էլ տարիների փորձից հետո նոր մոտեցում է ցուցաբերում, որովհետև ամբողջ աշխարհում, գիտեք, որտեղ Գրիգորովիչն է, այնտեղ Դուրգարյանն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG