Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր


Նավալնին բանտից տեսակապով պատասխանում է քննիչի հարցերին, արխիվ,
Նավալնին բանտից տեսակապով պատասխանում է քննիչի հարցերին, արխիվ,

Ռուսաստանի ընդդիմադիր լիդեր, Վլադիմիր Պուտինի ռեժիմի կողմից բանտ նետված Ալեքսեյ Նավալնին այսօր արժանացել է Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի անվան մրցանակին:

Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի փոխխոսնակ Հեյդի Հաուտալան, ով նշել է, որ Նավալնին «երկար տարիներ մեծ խիզախությամբ պայքարել է ռուս ժողովրդի ազատ ընտրության իրավունքը վերականգնելու համար»:

Ավելի քան մեկ տասնամյակ Նավալնին և նրա ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հետաքննել, բացահայտել և հրապարակել է բազմաթիվ նյութեր Ռուսաստանի քաղաքական վերնախավի ու, մասնավորապես, Պուտինի մերձավորների կոռուպցիոն գործարքների, ապօրինի եղանակով երկրի ներսում և արտասահմանում շքեղ անշարժ գույք ձեռք բերելու և հսկայական դրամական միջոցներ դիզելու մասին:

Նավալնին առաջնորդել է քաղաքական բողոքները, փորձել է առաջադրվել նախագահության թեկնածու, տասնյակ անգամներ բանտարկվել և դատապարտվել է թե՛ տնային և թե՛ վարչական կալանքի:

2011-2019 թվականների ընթացքում Նավալնին ընդհանուր հաշվով 474 օր է անցկացրել բանտերում:

2016-ին նա հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու մասին, սակայն 2017-ին դատարանը երկրորդ վճիռն է կայացրել «Կիրովլեսի» գործով, ինչի հետևանքով Նավալնին զրկվել է թեկնածու գրանցվելու իրավունքից:

2020 թվականին Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որը ստիպված վայրէջք է կատարել Օմսկում: Այն քաղաքում նրան տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Օգոստոսի 22-ին Ռուսաստանի իշխանության թույլտվությամբ և Գերմանիայի կառավարության նախաձեռնությամբ Նավալնիին հատուկ օդանավով փոխադրել են Բեռլին, որտեղ նրան երկար ժամանակ բուժել են անհայտ տեսակի նյութով թունավորումից:

Հետագայում գերմանացի բժիշկներն ու փորձագետները հայտնել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով, որը համարվում է քիմիական զենք: Հենց այդ նյութով են ռուս չեկիստները փորձել սպանել Բրիտանիայում ապաստանած նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային:

«Նովիչոկի» առկայությունը Նավալնիի օրգանիզմում հաստատել են նաև Շվեդիայի և Ֆրանսիայի փորձագետները: Աշխարհի լիդերները խստորեն դատապարտել են ընդդիմադիր գործչին քիմիական զենքով թունավորելու ռուսական հատուկ ծառայությունների գործելակերպը:

Ինքը Նավալնին հայտարարել է, թե մահափորձի բուն կազմակերպիչն անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Մոսկվան կտրականապես հերքում է Սկրիպալներին և Նավալնիին թունավորելու մեղադրանքը:

Երկարատև բուժումից հետո Նավալնին այս տարվա հունվարի 17-ին Բեռլինից վերադարձել է Մոսկվա, որտեղ ձերբակալվել է հենց օդակայանում:

Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանի իրավապահները հուսով էին, որ Նավալնին չի համարձակվի վերադառնալ և կապաստանի Արևմուտքում:

Նավալնին գիտեր, որ կա ձերբակալության վտանգ, քանի որ իրավապահները հայտնել էին, թե նա «Իվ Ռոշեի» գործով խախտել է փորձնական ժամկետը և գտնվում է հետախուզման մեջ:

«Կիրովլեսից» և մի քանի այլ գործերից զատ Նավալնիին հետապնդել են նաև «Իվ Ռոշեի» գործով: Նավալնին, նրա աջակիցներն ու զինակիցները, ինչպես արևմտյան երկրների լիդերները պնդում են, որ «Իվ Ռոշեն» էլ շինծու գործ է, որի միակ նպատակն է ցանկացած եղանակով ահաբեկել և լռեցնել ընդդիմադիրներին:

Դատարանն այդ գործով պայմանական դատավճիռը փոխարինել է 2 տարի 8 ամիս իրական պատժաչափով:

Այս տարվա մարտից Նավալնին պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի Պոկրով ավանի քրեակատարողական հիմնարկում, որտեղ չափազանց խիստ ռեժիմ է գործում: Միջազգային համայնքը պահաջում է անհապաղ ազատել Ալեքսեյ Նավալնիին:

Վերլուծաբանների և իրավապաշտպանների համոզմամբ, Պուտինը և նրա օլիգարխները, պետական գործիչները, Կրեմլի շահերը սպասարկող ԶԼՄ-ների ղեկավարները, բոլոր նրանք, ովքեր ժամանակին հիշատակվել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հրապարակած հոդվածներում և վավերագրական ֆիլմերում՝ բառիս բուն իմաստով ատում են Նավալնիին և վախենում են նրանից, և ռեժիմը, հավանաբար, ամեն բան կանի, որ Նավալնին հնարավորինս երկար ժամանակ մնա բանտում։

Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության գործում մեծ ներդրում ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG